Էջ:Arakel of Tabriz, History.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կոտորածից ազատվեցին։ Սրանց խաբեց գայթակղիչ խոսքերով՝ դատարկ հույս տալով, ասաց. «Դուք եկեք իմ բանակի ետևից, որովհետև գուցե ավազակ մարդիկ ձեզ վնաս հասցնեն, մեր զորքերից ձեզ պաշտպան զորք եմ նշանակում, որպեսզի ձեզ խնամելով և հովանավորելով տանեն։ Մինչև հասցնեն ձեր երկրի սահմանները։ Այսպիսի խաբկանքով նրանց առավ տարավ իր հետ։ Հասնելով Աղստև74 գավառը՝ բանակ զարկեց Ինջայու կոչված ձորում ջրի ափին։ Այնտեղ պարսից զորքերին հրամայեց բոլոր մնացած օսմանցիներին կոտորել և կողոպտել նրանց ունեցվածքը, վերցնել նրանց կանանց ու մանուկներին։ Եվ ըստ շահի հրամանի արին, կատարեցին ամենը։

Սրանից հետո Շահ-Աբասը իր ողջ բանակով շարժվեց Իջայու գավառից, գնաց Թիֆլիս քաղաքը, խաղաղությամբ մտավ ու խաղաղությամբ ելավ գնաց, որովհետև դաշինք կար պարսից ու վրաց միջև։

Թիֆլիսից շահը դուրս եկավ, գնաց Գեղամա գավառը, արքունի բանակը այնտեղ բանակեց, իսկ ինքը շահը իջավ մելիք Շահնազարի տանը, որ Մազրա75 գյուղում էր, բնիկ նույն գյուղից: Մելիք Շահնազարը հայ էր, հավատով քրիստոնյա, նա իշխան էր հզոր ու փառավոր և շահին այնպես հյուրընկալեց, ինչպես վայել էր թագավորին. ինքը բարեկամ ու մտերիմ էր (թագավորին) և հարգված թագավորի մոտ։ Այդ պատճառով էլ թագավորը թանկագին ու ազնիվ զգեստներ նվիրելով շքեղացրեց։ Նրան գավառի մելիքության իշխանությունը պարգևեց, այլև դաստակերտներ, գյուղեր տվեց նրան ու նրա եղբայրներին։ Հաստատուն հրովարտակ գրեց, թագավորական կնիքով կնքեց ու տվեց նրանց, որպեսզի հաստատուն լինի այդ ժառանգությունը նրանց ու նրանց զավակների համար սերնդեսերունդ մինչև հավիտյան:

Եվ այնտեղից վեր կացավ դանդաղ ընթացքով հասավ Թավրիզ իր ամբողջ զորքով։ Այդտեղ մնաց մինչև մյուս տարեմուտը, երբ մեր 1056 (1607) թվականն էր։ Ապա առնելով իր ողջ զորքերը՝ գնաց Շամախու վրա, նստավ բերդի շուրջը՝ շրջապատելով ու պաշարելով այն։ Եվ ինչպես պատմեցինք Գանձակի մասին, նույն ձևով էլ ճակատամարտեց Շամախու դեմ և օսմանցիներից այն գրավեց։ Օսմանյան զորքը սրով կոտորեց,