Էջ:Arakel of Tabriz, History.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ ընտանիքները, ունեցվածքները հափշտակեց: Շամախիում իշխան նշանակեց Զուլֆիղար խանին, իսկ ինքը իր բանակով շարժվեց, գնաց Թավրիզ։ Եվ երբ 1057 (1608) թվականի տարեմուտն էր, շահը գնաց Սպահան քաղաքը։


ԳԼՈՒԽ Թ
ԹԵ ԻՆՉ ՊԱՏՐՎԱԿՈՎ ՇԱՀ-ԱԲԱՍԸ ՎՐԱՑ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻՆ ԻՐ ՄՈՏ ԿԱՆՉԵՑ ԵՎ ԻՆՉ ՀՆԱՐՆԵՐՈՎ ԴԱՎԵՑ ՆՐԱՆՑ

Պարսից թագավոր Շահթահմազի թագավորության ժամանակներում այս Շահթահմազին հաջողվեց զորեղանալ և բռնանալ իր շրջաբնակ այլ ազգերի վրա. սա բռնացավ վրաց ազգի վրա և նրանց թագավորներից պատանդներ վերցրեց։ Թիֆլիսի թագավորից որ մեծ Սիմոն խանն էր, վերցրեց սրա դստերը և եղբորը։ Կախեթի թագավորից, որ Ալեքսանդրն էր՝ սրա որդուն, որի անունն էր Կոստանդին։ Այս Ալեքսանդր թագավորն ուներ երկու որդի ևս՝ Դավիթ և Գորգի։ Սրանք երկուսն էլ գտնվում էին իրենց Ալեքսանդր հոր մոտ։ Իսկ Կոստանդինը, որ տրված էր պարսից Շահթահմազ թագավորին պատանդ, մնաց այնտեղ և դաստիարակվեց նրանց մոտ, մեծացավ և թագավորի արքունիքում հայտնի մարդ դարձավ, որովհետև քրիստոնեական դավանանքից հանեցին, դարձրին մոլար առաջնորդի [Մահմեդի] կրոնին։ Շահթահմազը մեռավ, թագավորեց սրա որդի Շահիսմայելը տարի ու կես, սրան սպանեցին։ Սրանից հետո թագավորեց սրա եղբայր Շահխուդաբանդան՝ ինը տարի։ Սրանից հետո թագավորեց սրա որդին՝ աշխարհավեր Շահ-Աբասը։ Իսկ այս Կոստանդինը [Կախեթի Ալեքսանդր թագավորի որդին] մնաց մինչև հիշյալ Շահ-Աբասի Ժամանակները։ Երբ շահը Թավրիզ, Նախիջևան, Երևան եկավ և գրավեց դրանք իր իշխանության ներքո, այս Կոստանդինը շահի հետ էր։

Եվ այն օրերին, երբ շահը Երևանում էր և ճակատամարտում էր Երևանի բերդում գտնվող օսմանցիների դեմ, չար մտահղացումների մեջ հարուստ Շահ-Աբասը մտածեց, որ վրաց թագավորներին սա բերի իր մոտ։ Այդ բանի համար