Էջ:Arakel of Tabriz, History.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կուտակած մտադրությունը։ Իրեն անկեղծ ու աննենգ ցուցադրելու և վրացիների սիրտը գրավելու համար իր հոր վրացի զորքերից իր հետ վերցրեց մեծ թվով զորք, ելավ, գնաց Շամախու վրա։ Իսկ վրացիները շատ էին կամենում նրա կործանումը, այս պատճառով ճակատամարտի ժամանակ ետ էին մնում ու հավատարմորեն չէին ճակատում, որպեսզի գուցե այդ կռվում օսմանցիների ձեռքով լինի նրա կորուստը։ Իսկ չար Կոստանդինը իր հոգում հասկացավ այս իրողությունը, նաև այն գիտեր, թե պարսից զորքով չի կարող օսմանյան զորքին հաղթել և մինչդեռ կռվի մի խմբում մարտնչում էին օսմանցիների դեմ, թողեց, լքեց ճակատամարտի գործը և ուղիղ փախավ պարսից աշխարհը, գնաց շահի մոտ։ Իսկ օսմանցիք շրջապատելով պարսից մնացած զորքը, իսպառ կոտորեցին նրանց և նրանց ամբողջ ունեցվածքը ավարեցին։

Իսկ շահը կրկին անգամ զորքեր տվեց Կոստանդինին մոտ երեսուն հազար և կրկին ուղարկեց իր հայրենի երկիրը միևնույն մտադրությամբ։ Եվ երբ Կոստանդինը հասավ իր հայրենի երկիրը, իրեն ձևացնում էր իբրև ուրացությունից զղջացած և իբր կամենում էր կրկին դառնալ քրիստոնեական հավատին, այս պատճառով իբրև բարեպաշտ մեկը սրտով համաձայնեց շրջագայել վրաց եկեղեցիներն ու վանքերը և այս կերպով եկեղեցիներից հավաքեց բազմաթիվ անոթներ՝ խաչ, սկիհ, բուրվառ և այլն, ինչ որ կամեցավ, և հետո այդ բոլոր անոթները ջարդոտեց և իբրև ռոճիկ բաժանեց պարսից զորքերին, որոնք իր հետ եկել էին։ Երբ վրացիները տեսան այս, սրտով ու հոգով խոցվեցին և անմիջապես ցանկացան նրան զրկել կյանքից։ Խորհրդակցեցին Ալեքսանդրի՝ նրա հոր հետ, որ սպանեն նրան, իսկ Ալեքսանդրը հապաղում էր այս գործում, տակավին մտածում էր կատարման միջոցների մասին։ Եվ մինչ Ալեքսանդրը այս մտքերի մեջ էր, Կոստանդինին հայտնվեց այս մտադրությունը, իսկ այս Կոստանդինը շտապեց նախապես և սպանեց իր հայր Ալեքսանդրին և եղբայր Գորգուն, իր ձեռքն առավ իշխանությունը և բռնացավ երկրի վրա։

Սրանից հետո Կոստանդինը դարձյալ հավաքեց իր զորքերը և վրաց ազգից երկրի զորքերը և նրանցով ելավ գնաց