Էջ:Arakel of Tabriz, History.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շամախու վրա։ Երբ մի երկու օրվա ճանապարհ գնացին, այն ժամանակ վրաց զորքը միաբանվեց․ մինչ ճանապարհ էին գնում, հարձակվեցին Կոստանդինի վրա սրախողխող անելով կտոր-կտոր հոշոտեցին նրան և չարը մեջտեղից վերացրին։ Իսկ պարսից զորքերը, որ Կոստանդինի հետ էին եկել, սաստիկ խոժոռվեցին այդ բանի վրա. կամեցան կռիվ ելնել վրաց զորքի դեմ։ Իսկ վրաց զորքերը մի գրված թուղթ ցույց տվին, իբրև թե շահի կողմից էր ուղարկված նրանց այդ անելու համար։ Սրանով վրացիները պատասխանեցին պարսիկներին, թե շահի հրամանով արեցինք այդ. ապա պարսից կողմը թուլացավ և չկռվեցին, այլ միմյանցից բաժանվելով՝ գնացին դեպի իրենց ժողովուրդն ու տեղերը։ Այս Կոստանդինի առաջին ու երկրորդ գալուստը և սաստկումը տեղի ունեցան մեր թվականության 1054 (1605)-ին։

Իսկ Կախեթի թագավորական իշխանությունը իր իսկ հրամանով ստանձնեց Ալեքսանդրի հարսը՝ Դավթի կինը։ Եվ այն երկու պատճառով։ Նախ՝ երկրի իշխանները այդպես կամեցան, որովհետև Դավթի կինն էր, իսկ Ալեքսանդրի թագավորությունը տրված էր Դավթին։ Երկրորդ՝ որովհետև Թամրազի մայրն էր․ իսկ թագավորության ժառանգ Թամրազն էր մնացել, (երրորդ)՝ իբրև ավանդապահ թագավորությունը պահում էր իր որդի Թամրազի համար, որ տակավին պատանդ էր մնում շահի մոտ, որ Գանձակի բերդը գրավելուց հետո, ինչսլես նախօրոք ասել ենք, շահը Թամրազին Կախեթ ուղարկեց, որ եկավ թագավորեց իր հայրենի տեղը։

Այս Թամրազին Կախեթ ուղարկելու պատճառը հետևյալն է․ որովհետև երբ Շահ-Աբասը իր հնարավոր ներգործությամբ սպանել տվեց այս Թամրազի պապին նրա երեք որդիներով իրար ձեռքով, սրանց տեղը մնաց թափուր, տեղի ժառանգը միայն Թամրազն էր, իսկ սա շահի մոտ պատանդ էր մնում, այս պատճառով սրան ուղարկեց։ Նաև շահը քաջ գիտեր, որ եթե պարսիկ ուղարկի Կախեթի երկրին իշխող, Կախեթի իշխանները չեն ընդունի, ուստի Թամրազին ուղարկեց։