Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկավ, թուլացրեց երիվարի երասանը, մտրակեց նրան, որ իրեն առնի, փախցնի։ Իսկ օդասլաց այն երիվարը իբրև երկնաթռիչ թռչուն, նրան առած այնպիսի մի ընթացքով էր գնում, որ ոչ ինչպես հողի վրա, այլ իբրև օդի երեսով։ Թեպետ Լավասափի զորքերից շատերը երիվար նստեցին և ընթացան հետևից, բայց նրանցից ոչ ոք չկարողացավ հասնել բացի երկու մարդուց։ Իսկ գավառապետը ասաց նրանց, որ նրանք սպասեն, տեղում կանգնեցին մի պահ. երբ եկողները կանգնեցին, գավառապետը սկսեց աղաչանքի խոսքերով խոսել նրանց հետ, որպեսզի չբռնեն իրեն, այլ թույլ տան իրեն գնալ։ Այնքան խոսեց, մինչև գութ ու խղճմտանք գցեց նրանց սիրտը, նրանք չբռնեցին նրան, այլ թողեցին։ Եվ նա անցավ, գնաց Թիֆլիս քաղաքը։ Գիշերը մտավ, միևնույն գիշերն դուրս ելավ, առավ իր հետ մի թարգման, որովհետև ինքը այլազգիների լեզուն չգիտեր։ Գնաց Աղստևի գավառը Ղազախի Սուլթանի մոտ, որ նստում էր նույն գավառում. ծանոթացրեց նրան իր գլխի անցածը և խնդրեց նրանից իրեն ուղարկել Շահ-Աբասի մոտ։ Նրանք լցվեցին անպատմելի ուրախությամբ, իրենցից շատ մարդիկ պատրաստեցին, նրան առան, հասցրին շահի մոտ, որ այն ժամանակ գտնվում էր Շամախու գավառի Ղղըլաղաջ անվանված վայրում։

Եվ ղազախ զորականները գավառապետին տարան, ներկայացրին Շահ-Աբասին։ Իսկ շահը խոսում էր գավառապետի հետ և հարցնում, ով, որտեղից լինելը և ինչի համար (գալը): Գավառապետը բոլոր հարցումներին պատասխանում էր կանոնավոր խոսքերով։ Եվ ասում էր, եթե քո տերության հովանու տակ ընդունես ինձ, ես շատ գործերի ու իրողությունների մեջ պետք կգամ քեզ ծառայելով։ Շահը իր բանակով որոշ ժամանակ մնաց այնտեղ, ապա այնտեղից շարժվեց դեպի Սպահան, իր հետ տանելով նաև գավառապետին։ Օր առ օր առաջ շարժվելով հանդարտությամբ գնացին, մինչև հասան Սպահան։ Ամեն հարմար պահի շահը խոսում էր գավառապետի հետ և տեղեկանում էր վրաց երկրին ու ազգին, երկրի ամրությանը, թագավորների ու իշխանների խելքին, ազգի քանակին, զորքերի քաջությանը և այլն, ինչ որ կամենում էր։ Մնացին այնտեղ Սպահանում, անցավ այդ տարին, մտան երկրորդ տարին. շահը ասում է գավառապետին.