Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/1026

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պայմանավորել են նաև Հ. Կարապետյանի (Ա. Շիրվանզադեի «Մորգանի խնամին», «Արմենուհի», «Նամուս», Վ. Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ» և այլն), Ա. Հովսեփյանի (Մ. Գորկու «Վասսա Ժելեզնովա» և այլն), Լ. Հարությունյանի (Մ. Գորկու «Քաղքենիներ», Ա. Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում», Հ. Թումանյանի «Գիքորը» և այլն) բեմադրությունները։

Արցախյան գոյամարտի տարիներին թատրոնի դերասանները ելույթներ են ունեցել հանրահավաքներում, մարտ․ դիրքերում, զորանոցներում, հավատ ներշնչել հաղթանակի հանդեպ։ Ստեղծվել են նոր բեմադրություններ (Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ», Լ. Միքայելյանի «Վարազդատ», «Մելիքի աղջիկը»՝ ըստ Լեոյի, Վ. Հակոբյանի «Արցախյան բալլադ» և այլն)։ Հետպատերազմյան ուշագրավ բեմադրություններից են՝ Շիրվանզադեի «Պատվի համար» (2006, ռեժ.՝ Կ. Աբրահամյան), Կ. Դանիելյանի «Մենք մեր սարերն ենք» (2008, ռեժ.՝ Ն. Դուրյան), Գ. Տեր-Գրիգորյանի «Զգուշացեք, նա դեռ կա» (2009, ռեժ.՝ Բ. Հարությունյան), «Տո լաճ տնավեր» (2010, ռեժ.՝ Ս. Ղուկասյան) և այլն։

Թատրոնի գեղարվեստական ղեկ. Մարատ Դավթյանը, տնօրեն Կոմիտաս Դանիելյանը, դերասաններ Ժ. Գալստյանը, Մարտին Ալոյանը մասնակցել են Ղարաբաղյան շարժմանն ու պատերազմ, գործողություններին։ Թատրոնն արժանացել է ԼՂՀ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի (2001)։ 2000-ին Շուշիում բացվել են դրամատիկ., Սոս Սարգսյանի անվան մանկ․ և «Երվանդ Մանարյան» տիկնիկային թատրոնները, որոնք 2007-ին վերակազմավորվել են «Աստղիկ» մանկապատանեկան թատրոնի (2008-ից՝ Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոն)։ Գործում է նաև «Նարեկացի» մշակութային կենտրոնի մանկ․ թատերախումբը։

2011-ին Շուշիում բացվել է ԵԹԿՊԻ Գորիսի մասնաճյուղի հատուկ կուրս։

Գրկ. Ալավերդյան Ի., Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական պետական դրամատիկ թատրոն, Ե., 1983։ Ալավերդյան Ի., Ալավերդյան Կ„ Բեմարվեստի մեր վարպետները, գիրք Ա, 2007, գիրք Բ, 2009, Ստեփանակերտ։

ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՆԵՐԸ

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ԼՂՀ օրենքով (2009) ԼՂՀ-ում սահմանվել են հետևյալ տոները.

Ամանոր և Ծննդյան տոներ, նշվում են դեկտ. 31-ից հունվ. 6-ը։ Ոչ աշխատանքային օրեր են։

Արցախի վերածննդի օր. փետր. 20, 1988-ի այդ օրը սկսվել են ԼՂ-ի անկախացման ցույցերը։

Մայրենի լեզվի օր. փետր. 21։

Հայրենիքի պաշտպանի օր. փետր. 23։

Կանանց միջազգային օր. մարտի 8։ Ոչ աշխատանքային օր է։

Մայրության և գեղեցկութան տոն. ապրիլի 7։ Ոչ աշխատանքային օր է։

Աշխատավորների համերաշխության միջազգային օր. մայիսի 1։ Ոչ աշխատանքային օր է։

Հաղթանակի տոն, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օր. մայիսի 9։ Ոչ աշխատանքային օր է։

Հայաստանի առաջին հանրապետության օր. մայիսի 28։ Ոչ աշխատանքային օր է։

Երեխաների պաշտպանության միջազգային օր. հունիսի 1։

Գիտելիքի և դպրության օր. սեպտ. 1։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օր. սեպտ. 2։ Ոչ աշխատանքային օր է։

Թարգմանչաց տոն. նշվում է հոկտ-ի 2-րդ շաբաթ օրը։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օր. դեկտ. 10։ Ոչ աշխատանքային օր է։


Հիշատակի օրերը

Ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ապրիլի 24։ Ոչ աշխատանքային օր է։

Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օր. հունիսի 29։

Երկրաշարժի զոհերի հիշատակի օր. դեկտ. 7։