Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/1096

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2-2.2. ԼՂՀ ԳԽ ԵՎ ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ

ՄԿՐՏՉՅԱՆ Արթուր Ասլանի [16.02.1959, գ. Ուխտաձոր (ԼՂՀ Հադրութի շրջան)-14.04.1992, Ստեփանակերտ), ԼՂՀ ԳԽ առաջին նախագահը՝ 1992 հունվ. 8 - 1992-ի ապրիլի 14-ին։ ՀՅԴ կուս-յան անդամ (1990-ից)։ Պատմ. գիտությունների թեկնածու (1988)։ Ավարտել է ԵՊՀ-ի պատմության ֆակ-ը (1984) և Մոսկվայի Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության ինստ-ի ասպիրանտուրան (1986)։ 1981-83-ին աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում, 1986-ից՝ Հադրութի հայրենագիտական պետական թանգարանի տնօրեն։ 1988-ից կարևոր դեր է խաղացել Ղարաբաղյան շարժման, կամավոր․ ջոկատների ստեղծման, հետագայում ԼՂՀ պետականության և ՊԲ-ի ստեղծման գործընթացներում։

ՊԵՏՐՈՍՑԱՆ Գեորգի Միքայելի (ծ. 10.01.1953, Ստեփանակերտ), ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար՝ 1992-ի ապրիլ-1993-ի հունիսին։ ՀՅԴ կուս-յան անդամ (1989-ից)։ Ավարտել է Մինսկի ռադիոտեխ. ինստ-ը (1978)։ 1980-90-ին աշխատել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանում։ 1997-99-ին՝ Արցախի «Հայդատ» ուսումնական կենտրոնի տնօրեն, 2000-07-ին և. 2011-ից՝ ԼՂՀ նախագահի խորհրդական, 2007-11-ին՝ ԼՂՀ ԱԳ նախարար։

ԲԱԲՈՒՐՅԱՆ Կարեն Զարմայրի (2.04.1954, Ստեփանակերտ-5.03.2011, Ստեփանակերտ), ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար՝ 1993-96-ին, նախագահ՝ 1996-ին։ 1997-ին՝ ԼՂՀ ԱԳ փոխնախարար, 1997-2001-ին՝ ԼՂՀ նախագահի աշխատակազմի իրավաբ. բաժնի վարիչ, 2001-08-ին՝ ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար, միաժամանակ՝ 2006-07-ին՝ նախագահի աշխատակազմի ղեկավար, 2008- ից՝ ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։ 1994-ի մայիսի 4-ին Բիշքեկում (Ղրղըզստան), որպես ԼՂՀ պատվիրակության ղեկավար, մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարան. համաժողովի աշխատանքներին և ստորագրել Բիշքեկյան արձանագրությունը՝ որպես ԼՂՀ ներկայացուցիչ։ ԼՂՀ ԳԽ պատգամավոր (1992-96)։ Պարգևատրվել է ԼՂՀ Գրիգոր Լուսավորչի շքանշանով (2008)։

ԹՈՎՄԱՍՑԱՆ Արթուր Բաբկենի (2.12.1962, Ստեփանակերտ), ԼՂՀ ԱԺ-ի նախագահ՝ 1996-97-ին, նախագահի տեղակալ՝ 2010-ից։ Ֆիզմաթ, գիտ․ թեկնածու (1992)։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժ․ ինստ-ի ֆիզմաթ․ ֆակ-ը (1986)։ 1993-95-ին, 2000-ին և 2003-09- ին աշխատել է Արցախի պետական համալսարանում, 1998-ին՝ Շուշիի ժողովրդական համալսարանի տնօրեն։ «Ազատ հայրենիք» կուս-յան հիմնադիր-անդամ (2005), համանախագահ (2005-06), նախագահ (2007-09)։ ԼՂՀ ԱԺ-ի սոցիալական ոլորտի հարցերի մշտ. հանձնաժողովի փոխնախագահ, ապա՝ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտ. հանձնաժողովի նախագահ (1995-2000)։ Ռուսաստանի բնագիտական գիտությունների ակադ-ի հայկական մասնաճյուղի պատվավոր դ-ր, պրոֆ. (1999)։ ԼՂՀ ԱԺ-ի պատգամավոր (1995-2000, 2005-10 և 2011-ից)։

ԵՍԱՅԱՆ Օլեգ Եսայիի [ծ. 12.11.1946, գ. Սոս (ԼՂՀ Մարտունիի շրջան)], ԼՂՀ ԱԺ-ի նախագահ՝ 1997-2005-ին։ ԼՂՀ նախարարների խորհրդի նախագահ՝ 1992-ի հունվ-օգոստ-ին։ Ավարտել է ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակ-ը (1970)։ 2006-10-ին՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Բելառուսի Հանրապետությունում, միաժամանակ՝ ՀՀ մշտ. ներկայացուցիչ ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում, 2010-ից՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ՌԴ-ում։ 1989-90-ին՝ ԼՂԻՄ-ի Հատուկ կառավարման կոմիտեի սոցիալ-տնտեսական բաժնի վարիչ, 1990-91-ին՝ Մարտունիի կուսշրջկոմի 1-ին քարտուղար, 1996-97-ին՝ ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծաբան. վարչության պետ։ Հայ համայնքների միության նախագահ (1994)։ Արևելաեվրոպական ժողովուրդների միջազգային վեհաժողովի համանախագահ (1994-ից)։ ՌԴ հումանիտար ԳԱ ակադ. (2001-ից, թղթ. անդամ 1998-ից), Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադ-ի իսկական անդամ (2001-ից), Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադ-ի թղթ. անդամ (2002-ից)։

ՂՈՒԼՅԱՆ Աշոտ Վլադիմիրի [ծ. 1965, գ. Խնձրիստան (ԼՂՀ Ասկերանի շրջան)], ԼՂՀ ԱԺ-ի նախագահ՝ 2005-10-ին և 2010-ից։ Ավարտել է Կիրովականի մանկավարժ․ ինստ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի պատմության ֆակ-ը (1990)։ 1984-86-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում, 1991-92-ին՝ ԼՂՀ ԻՊՈՒ-ում, ապա՝ ՊԲ-ում։ 1992-93-ին եղել է ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ ռեֆերենտ, 1993-95-ին՝ ԳԽ նախագահի օգնական, 1995-98-ին՝ ԱԳՆ սփյուռքի և երկկողմ հարաբերությունների բաժնի վարիչ, 1997-ին՝ ԱԳՆ քաղաքական վարչության պետ, 1998-2001-ին՝ ԱԳ նախարարի տեղակալ, 2002-04-ին՝ նույնի նախարար, 2004-05-ին՝ ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարար։ 2001-05-ին՝ «Ժողովրդավարական Արցախ միություն» հաս-քաղաքական կազմակերպության համանախագահ, ապա՝ նախագահ, ԱԺ-ի «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ։ Պարգևատրվել է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով։

2-2.3. ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐ

ՊԵՏՐՈՍՅԱՆ Լեոնարդ Գեորգիի [13.10.1953, ք. Մարտունի (ԼՂՀ)-27.10.1999, Երևան], ԼՂՀ վարչապետ՝ 1995-98-ին։ ԼՂՀ նախագահի պաշտոնակատար՝ 1997-ի ապրիլ-սեպտ-ին։ Ավարտել է ԵԺՏԻ-ն (1979)։ 1972-82-ին ԼՂԻՄ-ի Մարտունիի շրջանում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 1988-89-ին՝ ԼՂԻՄ-ի ագրոարդ. կոմիտեի փոխնախագահ, ապա՝ նախագահ, 1991-92-ին՝ շրջգործկոմի նախագահ։ 1992-95- ին՝ ՀՀ Հատուկ ծրագրերի վարչության պետի տեղակալ, ապա՝ պետ, 1999-ի հունիս-հոկտ-ին՝ ՀՀ Կառավարության օպերատիվ կառավարման հարցերով նախարար։ Զոհվել է 1999-ի հոկտ. 27-ին՝ ՀՀ ԱԺ-ի շենքում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ։ Պարգևատրվել է ՀՀ Մարտական խաչի 1-ին աստիճանի (1999) և ԼՂՀ Գրիգոր Լուսավորչի (2001) շքանշաններով (երկուսն էլ՝ հետմահու)։

ՊՈՂՈՍՅԱՆ Ժիրայր Թևանի [ծ. 15.01.1942, ք. Մարտունի (ԼՂՀ)], ԼՂՀ վարչապետ՝ 1998-99-ին։ Տեխ. գիտ․ թեկնածու (1987)։ Ավարտել է ԵՊԻ-ի էլեկտրատեխ. ֆակ-ը (1965)։ 1990-92-ին՝ ՀՀ Կառավարությանն առընթեր Հատուկ ծրագրերի վարչության Ստեփանակերտի բաժանմունքի գլխավոր մասնագետ։ 1992-95-ին՝ ԼՂՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, 1995-98-ին՝ ԼՂՀ փոխվարչապետ։

ՀՀ ճարտարագիտական ակադ-ի թղթ. անդամ (1998)։

ԴԱՆԻԵԼՅԱՆ Անուշավան Սուրենի [ծ. 1.08.1956, գ. Բոլնիս-Խաչեն (Վրաստանի Բոլնիսի շրջան)], ԼՂՀ վարչապետ՝ 1999-2007-ին։ Ավարտել է Սիմֆերոպոլի (Ուկրաինա) համալսարանը (1985)։ 1990-98-ին՝ Ղրիմի Հանրապետության ԳԽ միջպետական և ազգամիջյան հարցերի մշտ. հանձնաժողովների նախագահ, ապա՝ խորհրդարանի առաջին փոխնախագահ, միաժամանակ՝ սահմանադրական և բյուջետային հանձնաժողովների նախագահ։ 1998-99-ին՝ Երևանի կաբելի գործարանի տնօրեն, 2009-ից՝ «Ռեգիոն» ֆինանսարդ. կոորպորացիայի գլխավոր տնօրեն, «Արդշինինվեստբանկ» խորհրդի անդամ։ 1989-ին Ղրիմում հիմնել է հայ համայնքի խնդիրներով զբաղվող «Լույս» հայկական ընկերությունը (1989-96-ին՝ նախագահ, 1996-ից՝ պատվո նախագահ), որի հովանավորությամբ 1997-ին Սիմֆերոպոլում կառուցվել է եկեղեցի, կանգնեցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար, Հովհաննես և Գաբրիել Այվազովսկի եղբայրների հուշարձանները (1998)։ Հրատարակվել է «Մասյաց աղավնի» շաբաթաթերթը (1989)։ Ղրիմում հիմնադրվել է Հայկավան ավանը (1995)։

Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային (2001), Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության (2002) ակադ-ների անդամ։

Հայ համայնքների միջազգային միության նախագահ (1994)։ Ղրիմի Հանրապետության Ռադայի պատգամավոր (1990-99)։