Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անարզաբայում Թորոս Ա-ի կառուցած եկեղեցու կենտր. խորանում պահպանվել են որմնանկարների հետքեր։ Կիլիկյան հայկական սրբանկարչության օրինակներ մեզ չեն հասել, ըստ գրավոր աղբյուրների՝ Անարզաբայի եկեղեցին զարդարված է եղել Աստվածամոր սրբապատկերով։

Սրբապատկերներ կան նաև կիլիկյան առանձին ձեռագրերի մանրանկարներում։

Որոշակի առաջընթաց է ունեցել նաև քանդակագործությունը։ Նուրբ, գեղեցիկ քանդակների մնացորդներ են պահպանվել Անարզաբայի եկեղեցու շքամուտքի շրջանակից, քարե զարդագրերի եզակի օրինակներ՝ պատի շին. արձանագրությունից։ Անարզաբայի մատուռներից մեկի շարվածքում տեղադրված են 2 հին խաչքարեր։ XIX դ-ում խաչքար է եղել նաև Տարսոնի Սբ Պողոս եկեղեցում, իսկ Սբ Աստվածածին եկեղեցու շարվածքում՝ վահանաքանդակներ։ Քանդակազարդվել են նաև տապանաքարերը (Ալիծի դամբարանը՝ Տարսոնի Սբ Պողոս եկեղեցում, և այլն)։ Կիլիկյան հայկական քանդակի լավագույն նմուշ է Չանդրի (Պապեռոնի բերդ)՝ Սմբատ Սպարապետի կառուցած բազիլիկ եկեղեցու (1251) խաչքարի կտորը։

Դեռևս XIX դ-ի սկզբին Հռոմկլայի Սբ Ներսես Շնորհալու եկեղեցում տեսանելի էին ներսի քանդակները, իսկ հայրապետական տաճարի խարսխի վրա երևում են կենդ. և բուս. մոտիվներով քանդակներ։ Հայտնի է նախկինում Լևոն Բ արքայի պատկերը համարվող հարթաքանդակը Լևոնբերդի վերին ամրոցի աշտարակի մուտքի ճակատակալին։ Ուշագրավ են Լևոն Ա-ի և Հեթում Ա-ի հատած դրամների պատկերագրությունները։

Կիլիկիայի ոսկերչության և արծաթագործության շատ քիչ նմուշներ են պահպանվել։ XIII դ-ի կեսին Կիլիկիայում իշխանությունների որոշմամբ հալեցվել են հին ծիսական սպասքը և այլ առարկաներ՝ նորերը պատրաստելու նպատակով, որի պատճառով ավելի վաղ շրջանի կիլիկյան հայկական արծաթագործության նմուշներ մեզ չեն հասել։ Ոսկերչության կենտրոններ են եղել Հռոմկլան, Սկևռան և Սիսը։ Պահպանված հայկական հնագույն արծաթե կազմը 1254-ին Ստեփանոս եպիսկոպոսի պատվիրած օրինակն է (Ավետարան, 1248, ծաղկող՝ Կիրակոս, Կիլիկիո կաթողիկոսարանի հավաքածու, ձեռ. № 8)։ 1255-ին Հռոմկլայում Կոստանդին Ա Բարձրբերդցու պատվերով ստեղծվել է 1249-ի Ավետարանի (Մատենադարան, ձեռ. № 7960) արծաթե ոսկեզօծ կրկնակազմը։ 1254-ի կազմի հետ որոշակի պատկերագր. նմանություններ ունի Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանի» կազմի վրա մնացած խաչելությունը՝ Աստվածամոր և 2 հրեշտակապետների դիմաքանդակների հետ։

Հռոմկլայում պատրաստված այս կազմերի հետ որոշ մերձավորություն ունի Կոստանդին վանահոր պատվերով 1293-ին Սկևռայի վանքում կերտված եռափեղկ սրբարան-պահարանը (Էրմիտաժ, Ս. Պետերբուրգ)՝ նվիրված Հռոմկլայի գրավման (1292) ժամանակ զոհված հայ ռազմիկների հիշատակին։ Այն տեխնիկայի առումով եզակի է դրվագարվ-ում և իրավամբ համարվում է կիլիկյան արծաթագործության գլուխգործոցը։ Կիլիկյան ոսկերչության բարձրարվեստ գործերից մինչև XIX դ-ի վերջերը պահպանվել են նաև Հեթում Բ-ի պատվերով 1296-ին պատրաստված ոսկե մասնատուփը և «Լևոնի խմելու թասը» (երկուսի տեղն էլ անհայտ է)։ Սկևռայի եռափեղկ սրբարան-պահարանի և XIII դ-ի այլ գործերի հետ է աղերսվում Սբ Նիկողայոսի արծաթե մասնատուփը՝ աջի տեսքով (Անթիլիաս, Կիլիկիո կաթողիկոսարան)։

1334-ին Սսում Գրիգոր քահանայի պատրաստած արծաթե ոսկեզօծ կազմի (1332-ին Սարգիս Պիծակի պատկերազարդած Ավետարան, Սբ Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռ. № 2649) մակագրություններով, բուս. նախշերով սրբերի դիմաքանդակներով շրջանակված բազմակերպար «Խաչելության» և «Ծննդյան» բարձրաքանդակ պատկերները փաստում են հեղինակի բացառիկ վարպետությունը։ Կիրառ. արվ-ի ընտիր նմուշներից է նաև Հեթում Ա արքայի կարմիր սաթե գավազանը, որը ծածկված է ոսկե զարդերով։

Պահպանված հուշարձանների կերտման տեխ. տարբեր եղանակաները, ոճ. ինքնատիպությունը վկայում են ոսկերչության բարձր մակարդակի և յուրահատուկ դպրոցի մասին։

Կենտրոնական Հայաստանի XIII-XIV դդ-ի ոսկերչությունից շատ քիչ նմուշներ են պահպանվել, ուստի կիլիկյան օրինակներն ամբողջացնում են այդ ժամանակի հայկական ոսկերչության զարգացման պատկերը։