Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկսել է կոտորածը, զոհվել է ավելի քան 7 հզ. հայ։ Ինքնապաշտպանական մարտեր են տեղի ունեցել նաև Մուշում, Չարսանճակում, Դիարբեքիրում, Շատախում և այլուր։ Եղել են թուրքեր ու քրդեր, որոնք փրկել են որոշ թվով հայերի։ Օր.՝ Մոկսի մյուդիր (կառավարիչ) քուրդ Մուրթալա բեկը կանխել է մի խումբ հայերի ոչնչացման հրամանի կատարումը։ Ցավոք, նման դեպքեր շատ քիչ են եղել։ Կոտորածների հետևանքով արևմտահայ մի շարք գավառներ հայաթափվել են և բնակեցվել թուրքերով ու քրդերով։ Մեծ տերությունները, Հայկական հարցը ծառայեցնելով իրենց շահերին, 1894-96-ի կտոտորածների ժամանակ բավարարվել են միայն Օսմանյան կայսրությունից զիջումներ կորզելով։ Գերմանիայի Վիլհելմ II կայսրը խորհուրդ է տվել Աբդուլ Համիդին չերկմտել ձեռնարկած գործողություններն իրականացնելիս, «ցույց տալ հպատակներին, որ իր կամքը նրանց համար Աստծու կամքն է»։ Անգլիայի վարչապետ Ռոբերտ Սոլսբերին փորձել է արդարանալ՝ ասելով՝ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»։ Իսկ Ռուսաստանի արտգործնախարար Լոբանով-Ռոստովսկին հայտարարել է. «Հայաստանը մեզ հարկավոր է առանց հայերի»։ Այլ էր աշխարհի առաջադեմ գործիչների արձագանքը։ Մարկ Տվենը, Յոհաննես Լեփսիուսը, Ժան Ժորեսը, Վիկտոր Գոլցևը, Ռոլեն Ժեկմենը, Բելա Կունը, Անատոլ Ֆրանսը և ուրիշներ իրենց երկրների կառավարություններից պահանջել են ազդու միջոցներով դադարեցնել հայերի կոտորածները։ Հովհաննես Այվազովսկին, որպես բողոքի նշան, Սև ծով է շպրտել Աբդուլ Համիդ սուլթանից ստացած շքանշանը և վրձնել է իր հայտնի «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին» կտավը։ Արևմտահայ ազգային-ազատագրական շարժումների վերելքը 1890-ական թվականներին Արևմտահայությունը սուլթանական կառավարության ազգահալած քաղաքականությանը պատասխանել է ազատագրական պայքարի նոր վերելքով։ 1890 թվականի հունիսին Կարինում (Էրզրում) կեղծ լուրեր են տարածվել հայերի՝ ապստամբության պատրաստվելու մասին։ Խուզարկելու նպատակով թուրք ոստիկանները պատարագի ժամին ներխուժել են եկեղեցի։ Ժողովուրդը հնչակյանների գլխավորությամբ դիմագրավել է նրանց, սպանվել ու վիրավորվել է ավելի քան 20 հայ։ 2 օր անց իշխանությունները նոր ջարդեր են կազմակերպել քաղաքի հայկական թաղամասերում։ 1890-ի հուլիսին հնչակյանները Կ. Պոլսի Գում Գավալ թաղամասում ցույց են կազմակերպել, պատռել են Աբդուլ Համիդ ll-ի նկարն ու օսմանյան պետական զինանշանը և ստիպել Խորեն Աշըգյան պատրիարքին իրենց հետ շարժվել դեպի սուլթանի պալատը՝ Էրզրումի հանցագործության մեղավորներին պատմելու և Բեռլինի 61-րդ հոդվածի դրույթներն իրագործելու պահանջով։ Ոստիկանները կրակ են բացել, սպանվել են մի քանի ցուցարարներ, իսկ ղեկավարները բանտարկվել են։ Ս. Պետերբուրգի բուհերից Թիֆլիս եկած հայ ուսանողների մի խումբ, 1890-ի սեպտեմբերին Մարգիս Կուկունյանի գլխավորությամբ համալրվելով Ալեքսանդրապոլում ու Կարսում, փորձել են անցնել ռուս-թուրքական սահմանը՝ Արևմտյան Հայաստանում համահայկական ապստամբություն սկսելու նպատակով։ Սակայն ռուսական իշխանությունները հայերի ծրագրի մասին տեղեկացրել էին թուրքերին։ Սահմանագլխին Ս. Կուկունյանի խումբը հակահարված է ստացել սուլթան, զորամասերից ու քրդական հեծյալ ջոկատներից, նահանջել և ընկել ռուս սահմանապահների ձեռքը։ Ցարական դատարանը 27 հոգու դատապարտել է 3-20 տարվա տաժանակրության։ Ս. Կուկունյանը Սիբիրի ու Սախալինի բանտերից ազատվել է միայն 1905-ին՝ կառավարության ընդհանուր ներումով։ 1890-ական թթ-ին Սասունի գավառը (Բիթլիսի վիլայեթում էր՝ 35 հազար հայ բնակչությամբ) դարձել է ֆիդայական շարժման կենտրոն։