Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հունիսի 12-ի Եկեղեց. գույքի բռնագրավման մասին օրենքը։ 1905-ի աշնան-ձմռան ամիսներին հեղափոխական շարժումը հասել է իր բարձրակետին։ 1905-ի հոկտ. 17-ին ստորագրած մանիֆեստով՝ ցարն ազդարարել է «քաղաքական ազատություններ...», խոստացել դումայի (խորհրդարան) ստեղծում, խոսքի, մամուլի ազատություն և այլն։ Այսինքն՝ Ռուսաստանը դառնում էր սահմանադրական միապետություն։ Սակայն մանիֆեստից հետո էլ շարունակվել են հեղափոխական շարժումները։ 1905-ի նոյեմբ-ին Ալավերդու հանքագործները կրկին գործադուլ են արել։

Հեղափոխությունից ահաբեկված ցար. կառավարությունը ժողովրդի ուժերը մասնատելու նպատակով կազմակերպել է ազգամիջյան ընդհարումներ։ Անդրկովկասում գործուն հեղափոխական տարրի՝ հայերի դեմ օգտագործել են հետամնաց, մոլեռանդ կովկասյան թաթարներին (ներկայիս ադրբեջանցիները)։ 1905-ի փետր. 6-ին Բաքվում նահանգապետ Միխեիլ Նակաշիձեի դրդմամբ թաթարները հարձակվել են հայերի վրա, հրդեհել նրանց թաղամասերը, կողոպտել գույքն ու կահ-կարասին։ Հայ բնակչության ինքնապաշտպանությունն ստանձնել է դաշնակցությունը և սպառնագիր ուղարկել նահանգապետին. «Պաշտպանեցեք ժողովուրդը, եթե ոչ, անձամբ պատասխանատու կլինեք»։ 40 ժամ թաթար խուժանն անարգել և անպատիժ կոտորել ու կողոպտել է հայերին։ Նախահարձակ թաթարներին ոգևորել են նաև թուրք. ծպտյալ գործակալները։

Մեկուկես օր ապարդյուն սպասելուց հետո Նիկոլ Դումանը, Մարտիրոս Չարուխյանը, Մկրտիչ Աղամալյանը, Հմայակ Ջանփոլադյանը, Աբրահամ Գյուլխանդանյանը, Վարդանը (Սարգիս Մեհրաբյան), Սեբաստացի Մուրադը (Խրիմյան), Քեռին (Արշակ Գավաֆյան), Համազասպը (Սրվանձտյան) կազմակերպել են ինքնապաշտպան. խմբեր։

Քառօրյա արյունալի ընդհարումից հետո խաղաղություն է հաստատվել, սակայն ցար. գործակալների ջանքերով բախումները տեղափոխվել են նաև Անդրկովկասի այլ քաղաքներ։ 1905-ի օգոստ-ին կռիվները վերսկսվել են Բաքվում. սպանվել է շուրջ 400 մարդ։ Հրդեհվել են հայերին պատկանող նավթահորերը (վնասը՝ շուրջ 25 մլն ռ.)։ Նոյեմբ. 20-ին Բաքվում ծավալվել է հայ-թաթար. ընդհարումների 3-րդ ալիքը։ Բախումներ են տեղի ունեցել նաև Երևանի նահանգում և Նախիջևանում։ 1905-ի մայիսի 12-15-ին զինված հրոսակները կողոպտել ու կոտորել են հայերին։ Շուրջ 182 հայապատկան խանութներից անվնաս են մնացել միայն 4-ը։ Հայկական տասնյակ գյուղեր ավերվել ու հրդեհվել են, շուրջ 400 հայ սպանվել ու վիրավորվել է։ Բռնությունների ալիքը Նախիջևանից անցել է Շարուր-Դարալագյազի գավառ, Զանգեզուր և Արցախ։ Կատաղի կռիվներ են տեղի ունեցել Ելիզավետպոլի (Գանձակ) նահանգում և հայ ու թաթար խառը բնակչությամբ մյուս վայրերում։

Երևանի նահանգում ինքնապաշտպան. ուժերի ղեկավարությունն ստանձնել է Նիկոլ Դումանը, Արցախում՝ Վարդանն ու Համազասպը, Զանգեզուրում՝ Քեռին, Թիֆլիսում՝ Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան)։

Նիկոլ Դումանի ընդհանուր հրամանատարությամբ կռվել են բազմաթիվ հին ու նոր խմբապետներ՝ Սաքոն, Խեչոն, Դրոն, Ռաշիդը, Մուրադը, Սեպուհը, Առաքելը, Առյուծ Ավագը, Կոփեցի Մուշեղը, Կոտոյի Հաջին և ուր.։

Երևանում 1905-ի մայիսի 23-25-ին տեղի են ունեցել բախումներ։ Հայերի հակահարվածից հետո թաթարները, զգալի կորուստներ տալով, այլևս չեն համարձակվել նոր հարձակումներ ձեռնարկել։

Արցախի կենտրոնում՝ Շուշիում, Ասկերանում, Վարանդայում ջարդեր են տեղի ունեցել։ Այստեղ թաթար հրոսակապետներից աչքի է ընկել հայտնի հայատյաց Աբբաս Վեզիրովը։ Շուշիում բախումներն սկսվել են 1905-ի օգոստ. 7-ին և տևել մի քանի շաբաթ, որոնք կրկնվել են նաև 1906-ի հունիսին։

Թիֆլիսում բախումները տեղի են ունեցել