Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1905-ի նոյեմբ-ին։ Շուրջ 500 հայ կամավորներ 3 օրվա ընթացքում (նոյեմբ. 22-25-ը) հակահարված են տվել թաթար խուժանին և ապահովել Թիֆլիսի հայության (շուրջ 100 հազար) անվտանգությունը։ Թեև 1906-ին որոշ վայրերում բախումները կրկնվել են, սակայն այլևս զանգվածային բնույթ չեն կրել և ավարտվել են սեպտ-ին։

Հայ-թաթար. բախումները դադարեցնելու նպատակով Հովհաննես Թումանյանը և թաթար բանաստեղծ Միրզա Սաբիրը սպիտակ դրոշով շրջել են հայկական ու թաթար. գյուղերում և բնակչությանը հորդորել վերջ տալ այդ անիմաստ արյունահեղությանը՝ բացատրելով ռուս. կառավարության սադրիչ դերը։

Կովկասյան պաշտոնյաների առավել հայատյաց ներկայացուցիչների նկատմամբ ՀՅԴ-ն կայացրել է մահվան դատավճիռներ։

1905-ի մայիսի 11-ին Բաքվում սպանվել է հայտնի հայատյաց, տեղի հայության ջարդերի գլխավոր հրահրող ու կազմակերպիչ, նահանգապետ Մ. Նակաշիձեն։ Վրիժառուն երիտասարդ Դրոն էր (Դրաստամատ Կանայան)։ Սպանվել են նաև Բաքվի ջարդերի այլ պատասխանատուներ՝ Մահմեդբեկովը, Մելիքիձեն, Շահթախթինսկին։ Ալեքսանդրապոլում Մարտիրոս Չարուխյանն սպանել է Նախիջևանի կոտորածների կազմակերպիչ, գեն. Դ. Ալիխանով-Ավարսկուն։ Նիկոլ Դումանը կազմակերպել է Երևանի նահանգի պաշտոնյա Կենգեռլինսկու սպանությունը. վերջինս խրախուսում էր թաթարների վայրագությունները։

1905-06-ի ազգամիջյան բախումների ժամանակ ցար. պաշտոնյաներն ու ոստիկանությունը, որպես կանոն, աջակցել են թաթար խաժամուժին։ Կովկասի փոխարքայի հովանավորությամբ Ելիզավետպոլի և Բաքվի նահանգներում ստեղծվել է «Դիֆայի» («Պաշտպանություն») կազմակերպությունը, որն ահաբեկչություններ է իրականացրել, մահասարսուռ թռուցիկներ տարածել՝ լուսնի վրա խաչվող 2 դաշույնի պատկերով։ «Դիֆայի»-ի նպատակը նաև Բաքվի մահմեդ. մեծահարուստների օգնությամբ Արցախի հողերը գնելն էր՝ բացառապես իրենց դավանակիցներով այն բնակեցնելու համար։ Սակայն նրանց չի հաջողվել երկրամասը դարձնել թաթար. տարածք, ոչ մի հայ չի համաձայնել լքել իր բնօրրանը։ Երևանի նահանգում ստեղծվել է թաթարների «Ջան բեզարների» (գլխից ձեռք քաշածներ) կազմակերպությունը։

Մինչև հեղափոխության ավարտը (1907-ի հունիսի 3) գործադուլային շարժումը և գյուղաց. ելույթները Հայաստանում չեն դադարել։ 1906-ի օգոստ-ին Ալավերդու հանքագործների մոտ 3-հզ-անոց գործադուլը տևել է 1 ամիս, ճնշվել է զորքի միջոցով։ 1907-ի մարտին Ղափանում (Կապան) սկսված գործադուլն ստիպել է հանքատերերին կատարել գործադուլավորների 27 պահանջների մեծ մասը։

Հեղափոխության շրջանում եռանդուն գործունեություն են ծավալել քաղաքական կուս-ները՝ դաշնակցությունը, հնչակյանները, սոցիալ-դեմոկրատները։

1907-ի հունիսի 3-ին Նիկոլայ II-ը ցրել է անհնազանդ Պետական դուման, այսինքն՝ կատարել է պետական հեղաշրջում, որով էլ ավարտվել է ռուսաստանյան առաջին հեղափոխությունը։