Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Երիտթուրքերի հեղաշրջումը և արևմտահայությունը։
Հայկական հարցի վերարծարծումը 1912-14 թվականներին

1908-ի հուլիսին Մակեդոնիայում սպաներ Նիազի և Էնվեր բեյերի գլխավորությամբ տեղի է ունեցել պետական հեղաշրջում։ Օսմ. կայսրությունում հաստատվել են սահմանադրական կարգեր, որտեղ գործուն դեր են խաղացել երիտթուրքերը։ Վերջիններս թուրք. բուրժուազիայի ներկայացուցիչներ էին և հակասուլթան. շարժումն սկսել էին դեռևս 1889-ին Կ. Պոլսում՝ ստեղծելով «Միության և առաջադիմության օսմանյան ընկերություն» կազմակերպությունը (1908-ից՝ «Միություն և առաջադիմություն» կուս.)։ Նրանց հետ համաձայնության են եկել տերության հպատակների քաղաքական կազմավորումները, այդ թվում՝ ՀՅԴ կուս-ը՝ աբդուլհամիդյան վարչակարգը տապալելու և սահմանադրական կարգեր հաստատելու համար։

Նորաստեղծ խորհրդարանում (մեջլիս) քվե են ստացել նաև հայերը (10 տեղ)։ Եղել են անձի ազատությունների, ազգերի իրավահավասարության, եղբայրության կարգախոսներ։ Սակայն նոր իշխանությունները շատ շուտով հրաժարվել են իրենց խոստումներից և շարունակել օսմանիզմի քաղաքականությունը, առաջ են քաշել պանթյուրքիզմի և պանիսլամիզմի ծրագրերը։ 1909-ի մարտի 31-ին Աբդուլ Համիդ II-ը հեղաշրջման անհաջող փորձից հետո գահընկեց է արվել և աքսորվել։ Երիտթուրքերը գահ են բարձրացրել նրա եղբորը՝ Մահմեդ V-ին։

Ամրապնդելով իրենց իշխանությունը՝ երիտթուրքերը կազմակերպել են հայկական կոտորածներ։ 1909-ի ապրիլի 1-ին Ադանայի վիլայեթի իշխանությունների կարգադրությամբ թուրքերը ներխուժել են քաղաքի հայկական թաղամասեր և սկսել կոտորածը (տևել է 3 օր)։ Կազմակերպվել է դիմադրություն՝ Կարապետ Լաչինյանի գլխավորությամբ։ Կարգ ու կանոնը «վերականգնելու» պատրվակով Արևելյան Թրակիայից բերված երիտթուրք. զորքերի հայտնվելը Ադանայում ապրիլի 12-ին նոր ուժով է բորբոքել կոտորածները։ Հաճն քաղաքի հայությունը Ներսես վարդապետի գլխավորությամբ 12 օր դիմադրել է թուրք. բազմահազար ուժերին։ Ի վերջո, Մերսին քաղաքում Անգլիայի հյուպատոսի ջանքերով դադարեցվել է Հաճնի պաշարումը։ Ջարդարարներին համառ դիմադրություն է ցույց տվել Սիս քաղաքի և Դյորթ Յոլ ու Շեյխ Մուրատ գյուղերի հայությունը։ Մարաշ քաղաքի իշխանությունները, երկյուղելով զեյթունցիների պատասխան հարձակումից, տեղի հայության նկատմամբ բռնություններ չեն գործադրել։

Կոտորածներ են տեղի ունեցել նաև Կիլիկիայի այլ վայրերում, ոչնչացվել են բազմաթիվ հայկական բնակավայրեր։ Զոհվել է ավելի քան 30 հազար հայ, շուրջ 20 հազարը՝ Ադանայի վիլայեթում, որտեղ հայերի նյութ. կորուստը կազմել է 20 մլն թուրք. լիրա։

1911-ին կուս-յան Սալոնիկի համագումարում երիտթուրքերը որոշել են կայսրության տարածքում բնակվող ոչ թուրք մահմեդականներին թուրքացնել, իսկ քրիստոնյաներին՝ ոչնչացնել։

1912-ին սկսվել է Բալկանյան 1-ին պատերազմը, Օսմ. կայսրության դեմ պատերազմել են դաշինք կազմած Բուլղարիան, Սերբիան, Չեռնոգորիան և Հունաստանը։ Բուլղ. զորքերի կազմում Գարեգին Նժդեհի և Անդրանիկի գլխավորությամբ կռվել է նաև հայկ. կամավոր վաշտ (270 մարդ, լուծարվել է 1913-ի մայիսի 28-ին)։ Բազմաթիվ ռազմիկներ ու սպաներ արժանացել են բուլղ. կառավարական պարգևների։

Պատերազմում Թուրքիայի պարտությունը բարենպաստ պայմաններ է