Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստեղծել Հայկական հարցի վերարծարծման համար։ 1912-ի հոկտ. 2-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը (Տփղիսեցի) Կովկասի փոխարքա Ի. Վորոնցով-Դաշկովի միջոցով դիմել է ցար. կառավարությանը՝ խնդրելով միջամտել ու աջակցել վերստին Արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցին անդրադառնալու համար։ Միաժամանակ նա հատուկ կոնդակով եգիպտահայ հաս-քաղաքական գործիչ Պողոս փաշա Նուբարին լիազորել է պաշտպանել Հայ դատը եվրոպ. պետությունների առջև։ Ռուս. կառավարությունը տերություններին է ներկայացրել հայկական բարենորոգումների իր նախագիծը, որը 1913-ի հուլիսի 3-24-ին քննարկվել է Կ. Պոլսի դեսպանաժողովում։

Նախագիծը, որը կազմել էր ռուս. դեսպանության առաջին թարգման Անդրեյ Մանդելշտամը՝ 1895-ի մայիսյան ծրագրի (Մայիսյան բարենորոգումներ) և Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի կազմած նախագծի հիման վրա, առաջարկել է հայկական 6 վիլայեթից [Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա (Սվազ)] ստեղծել մի նահանգ։ Ընդհանուր նահանգապետը պետք է լիներ քրիստոնյա օսմանահպատակ կամ, որ ավելի գերադասելի էր, եվրոպացի, որը նշանակվելու էր 5 տարի ժամկետով՝ մեծ տերությունների համաձայնությամբ։ Նրան էր պատկանելու նահանգի ողջ գործադիր իշխանությունը, բոլոր վարչական պաշտոնյաներին (նաև դատավորներին) նշանակելու և արձակելու իրավունքը։ Ոստիկանությունը և ժանդարմերիան ենթարկվելու էին նահանգապետին, հարկ եղած դեպքում նրա տրամադրության տակ էր դրվելու նաև զորքը։ Ընդհանուր նահանգապետին առընթեր գործելու էին վարչական խորհուրդ և 6 խորհրդականներ (3 մահմեդական և 3 քրիստոնյա)՝ ընտրված նահանգական ժողովից, որտեղ մահմեդականներն ու քրիստոնյաներն ունենալու էին հավասար տեղեր։ Այդ սկզբունքը պահպանվելու էր նաև նահանգի բոլոր պաշտոնների բաշխման ժամանակ՝ ներառյալ դատավորները, ոստիկանությունը և ժանդարմերիան։ Օրենքները, հրամաններն ու որոշումները պետք է հրապարակվեին 3 հիմն․ լեզուներով՝ թուրք., հայերեն և քրդ.։ Յուրաքանչյուր ազգություն իրավունք ուներ հիմնելու իր մասնավոր ազգային դպրոցները։ Անձեռնմխելի են համարվել 1860-ի ազգային սահմանադրությամբ հայերին տրված իրավունքներն ու արտոնությունները։ Նախատեսվել է նաև արձակել քրդ. «համիդիե» հեծելագնդերը, վերադարձնել հայերից խլած հողերը կամ փոխհատուցել (դրամով), ինչպես նաև արգելել մուհաջիրների (Բալկաններից Ադանայի աղետյալների ճամբարը (1909) գաղթած մահմեդականներ) բնակեցումը Հայկական նահանգում։ Տերությունները պետք է հետևեին որոշումների կատարմանը։

Անգլիան և Ֆրանսիան հիմնականում համաձայնել են ռուս․ ծրագրին, իսկ Եռյակ միության պետությունները և հատկապես Գերմանիան վճռականորեն ընդդիմացել են նրա հիմն․ դրույթներին և առաջարկել քննարկման համար հիմք ընդունել բարենորոգումների թուրք․ ծրագիրը, որը պահանջում էր վիլայեթների կազմակերպման նախկին ձևը և ըստ ամենայնի խուսափել օտարերկրյա հսկողությունից։

Բարենորոգումների հարցի շուրջ ստեղծվել է դիվանագիտական քաշքշուկ, որի ընթացքում Ռուսաստանը գերմ. խմբավորման ճնշման և իր «դաշնակիցների» կրավորական աջակցության պայմաններում տեղի է տվել։ Այդուհանդերձ, Ռուսաստանին հաջողվել է Հայաստանի բարենորոգումների վերաբերյալ պարտադրել