Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի համաձայնագիր (ստորագրվել է 1914-ի հունվարի 26-ին), որով Արևմտյան Հայաստանը բաժանվում էր 2 հատվածի (1-ի-նում՝ Էրզրում, Տրապիզոն, Սեբաստիա, նահանգապետ՝ հոլանդացի Վեստենենկ, 2-րդում՝ Վան, Բիթլիս, Խարբերդ, Դիարբեքիր, նահանգապետ՝ նորվեգացի Հոֆ), իսկ կառավարումը հանվում էր մեծ տերությունների հավանությամբ նշանակված 2 օտարերկրյա նահանգապետների։ Համաձայնագիրն անբավարար էր և հայերին չէր տալիս ինքնավարության այն իրավունքները, որոնք նախատեսվել էին ծրագրում, սակայն նպաստավոր պայմաններ էր ապահովում թուրք լծից Արևմտյան Հայաստանի ազատագրման համար։ 1914 թվականիի գարնանը նահանգապետները՝ Վեստենենկը և Հոֆը, նոր էին ժամանել Հայաստան, երբ սկսվել է Առաջին համաշխ. պատերազմը (1914-18)։ Երիտթուրք. կառավարությունը համաձայնագիրը չեղյալ է հայտարարել։

Հայաստանը և հայ ժողովուրդը Առաջին համաշխարհային պատերազմում և կամավորական շարժումը

Առաջին համաշխ. պատերազմը (1914-1918) սկսվել է օգոստոսի 1-ին՝ պետությունների 2 ռազմաքաղ․ խմբավորումների՝ գերմանա-ավստր. (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, 1915-ից՝ Բուլղարիա) և Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Սերբիա, 1917-ից՝ ԱՄՆ, ևն, ընդամենը՝ 34 պետություն) միջև, որոնք հետապնդել են զավթողական նպատակներ։ Հոկտ․ 30-ին օսմ․ Թուրքիան թույլատրել է գերմ․ ռազմանավերին անցնել Բոսֆորի նեղուցով և ռմբակոծել ռուս․ նավահանգիստները։

Ի պատասխան՝ նոյեմբ․ 3-ին Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային, ռազմ․ գործողությունները տեղի են ունեցել Կովկասյան ու Բալկանյան ռազմաճակատներում և Սև ծովում։

Կովկասյան ռազմաճակատում (ձգվել է Սև ծովից մինչև Ուրմիա լիճը՝ 720 կմ) Թուրքիան կենտրոնացրել է 300 հզ-անոց բանակ՝ ռազմ․ նախարար Էնվեր փաշայի հրամանատարությամբ։ Ռուս․ զորքերի թիվը մոտ 200 հզ․ էր՝ ցարի եղբոր, իսկ 1916-ից՝ գեներալ Նիկոլայ Ցուդենիչի հրամանատարությամբ։

Ի տարբերություն ռուս-թուրք. պատրազմների՝ այս անգամ թուրք․ կառավարությունը հայերին զորակոչել է բանակ։ Ավելին՝ ներքին գործերի նախարար Թալեաթը դաշնակցությանը պաշտոնապես առաջարկել է թուրք․ բանակում կազմակերպել կամավորական շարժում ռուսների դեմ։ 1914 թվականի ամռանը Թալեաթը Էզրումում (Կարին) բանակցել է ՀՅԴ գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի հետ։ Սակայն հայ քաղ․ կուս-ները մերժել են թուրքերի առաջարկը, որն էլ ավելի է սրել հայ-թուրք. հարաբերությունները։

Միևնույն ժամանակ՝ 1914 թվականի սեպտ-ին ցարի ընդունած հատուկ մանիֆեստով կոչ է արվել հայ ժողովրդին որպես կամավորներ զինվորագրվել ռուս․ բանակին Արմ․ Հայաստանն ազատելու նպատակով։ Կովկասի փոխարքա Իլարիոն Վորոնցով-Դաշկովն Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին (Տփղիսեցի) հավատացրել է, որ նվիրվածության դիմաց հայերը կստանան ինքվարություն։ Հատկանշական է, որ նույնատիպ խոստումներ է տվել Թալեաթը արևմտահայերին՝ Արլ․ Հայաստանը գրավելու դեպքում։ Այդ ճակատագրական պահին շուրջ 300 հզ․ արևմտահայեր զորակոչվել են թուրք․ բանակ, իսկ ավելի քան 200 հզ․ արևելահայեր զինվորագրվել են ռուս․ բանակին։

Նոյեմբ-ին թուրք․ զորքերը ներխուժել են Կարսի մարզ և զանգվածային կոտորածներ կազմակերպել հայկ․ բնակավայրերում։ 1914 թվականիի դեկտ․ 9-ից մինչև 1915 թվականի հունվ․ 5-ը Սարիղամիշ քաղաքի մերձակայքում տեղի է ունեցել Կովկասյան ռազմաճակատի ամենաարյունալի ճակատամարտը։ 90 հզ-անոց բանակից զոհվել է 78 հզ-ը, իսկ Էնվեր Փաշան հազիվ է խուսափել գերեվարվելուց։ Ռուսների 60 հզ-նոց զորքից 20 հզ-ը։ Մարտերին մասնակցել է նաև Քեռու (Արշակ Գաֆավյան) կամավոր․ ջոկատը։

Հայ հաս-քաղ․ շրջանները, դեռևս պատերազմից առաջ, ելնելով ցար․ կառավարության 1914-ի հուլիսի 23-ի՝ ռուս․ բանակը համալրելու մասին որոշումից և հույս ունենալով, որ ռուս․ բանակում հայկ․ զինված ջոկատների ստեղծմամբ կնպաստեն Արմ․ Հայաստանի ազատագրմանը, բանակցություններ են սկսել Ի․ Վորոնցով-Դաշկովի