Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1915 թվականի հայոց ինցնապաշտպանական մարտերը

Մեծ եղեռնի ժամանակ հայ ժողովուրդն Արմ․ Հայաստանում և Օսմ․ կայսրության բազմաթիվ հայաբնակ վայրերում դիմել է ինքնապաշտպանության։ Դեռ 1915-ի մարտին, երբ Մոկսի քուրդ ցեղապետ Մուրթալա բեկը հայերին հայտնել է սպասվող կոտորածների մասին, նրա աջակցությամբ ու պաշտպանությամբ տեղի ու Շատախի բնակչությունը կազմակերպել է դիմադրություն և մասամբ ազատվել զանգվածային ջարդերից։ Պատրաստվելով ոչնչացնել Վասպուրականի հայությանը՝ երիտթուրքերը 1914-ի օգոստ-ի վերջին Վանի նահանգապետ են նշանակել Ջևդեթ բեյին, որը 1915-ի մարտի վերջին կանոնավոր զորքով և թուրք ու քուրդ ավազակախմբերով նահանգի գյուղերում սկսել է կոտորածներ։ Շատախ, Հայոց ձոր, Արճեշ, Թիմար, Ալջավազ, Գավաշ գավառների բնակիչները նույնպես թեժ կռիվներ են մղել ջարդարարների դեմ։ Բայց, ի վերջո, տեղի են տվել թշնամու գերակշռող ուժերի առաջ և նահանջելով ապաստանել (ավելի քան 70 հզ.) Վան քաղաքում։

Ամենաերկարատևը (ապրիլի 7-ից մայիսի 5-ը) և արդյունավետը Վանի հերոսամարտն էր։ Քաղաքը բաժանված էր 2 մասի՝ Այգեստան թաղամասի, որտեղ ապրում էր 20 հազար հայ, և Քաղաքամեջի՝ մոտ 3 հազար հայ բնակչությամբ։ Մահմեդականները փախել են Քաղաքամեջից։ Հայ ազգային կուս-ները (ռամկավարական, դաշնակցություն, հնչակյան) ելել են համատեղ պայքարի։ Ստեղծվել է ղեկավար զինվորական մարմին՝ Արմենակ Եկարյանի, Արամ Մանուկյանի և Հրանտ Գալիկյանի գլխավորությամբ։ Վանում էին հայտնի ֆիդայիներ Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը, նկարիչ ու դիպուկահար Փանոս Թերլեմեզյանը և ուր․։ Թաղամասերը բաժանվել են պաշտպան., շրջանների։ Փորվել են խրամատներ, կառուցվել բարիկադներ։ Կանանցից ստեղծվել են սանիտար․ խմբեր։ Սկսվել է զենքի արտադրություն, արտադրել են օրական 2000 փամփուշտ։ Բալկանյան պատերազմների կամավոր Բուլղարացի Գրիգորը նույնիսկ սարքել է թնդանոթ։

Ջևդեթ բեյի հրամանատարության տակ եղել են 12 հզ. զինվոր, 12 նորագույն և մի քանի տասնյակ ողորկափող թնդանոթներ, Այգեստանում՝ զենք կրելու ունակ 1500 տղամարդ, 505 հրացան և 549 ատրճանակ։ 

Քաղաքամեջի Զինվ․ մարմնի ղեկավարն էր Հայկ Կոսոյանը։ Ունեցել են 101 հրացան և 210 ատրճանակ, բայց սակավ էին զինամթերքն ու պարենը։

Ինքնապաշտպան․ կռիվներն սկսվել են ապրիլի 7-ին՝ թուրք զինվորների հարձակումով։ Վանեցիները հետ են մղել նրանց՝ զգալի կորուստներ պատճառելով։ Ապրիլի 10-ին Ջևդեթի բանակը գրոհել է քաղաքի վրա, բայց հաջողություն չի ունեցել։ 17-ին Էրզրումից (Կարին) 7 հզ․ օգնական զորք ստանալով՝ Ջևդեթը վերսկսել է հարձակումը և ռմբակոծել քաղաքը։ 28-ին սկսվել է ամենակատաղի ճակատամարտը։ Ջևդեթը, լսելով հայ կամավոր․ ջոկատների մոտենալու լուրը, ուժեղացրել է գրոհները, սակայն ապարդյուն։ Մայիսի 3-ին թուրքերը փախել են Բիթլիսի (Բաղեշ) ուղղությամբ։ 5-ին՝ Խեչոյի (Խաչատուր Ամիրյան,Գևորգյան) հեծելավաշտը, իսկ 6-ին՝ ողջ «Արարատյան գունդը»՝ Կարդանի (Սարգիս Մեհրաբյան) գլխավորությամբ, մտել են Վան։ Վանեցիների առաջնորդ Արամ Մանուկյանը քաղաքի բանալիները հանձնել է ռուս․ հրամանատարությանը։ Արամին նշանակել են Վանի նահանգապետ, իսկ կամավորների դրոշները ծածանվել են Վանի միջնաբերդի աշտարակին։ Մայիսի 20-ին Վան է հասել Անդրանիկը։ Հայերի ոգևորությունը և ռազմ․ ուժի հզորացումը, պետականության վերականգնման մասին կոչերը խորը մտահոգություն են պատճառել ռուս․ հրամանատարությանը։ 1915-ի հուլիսի 2-ին ռուս, զորքերը հանկարծակի թողել են Վանը։ Սկսվել է սարսափելի խուճապ.