Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Մկրտիչ Արմենը, Գուրգեն Մահարին, Զապել Եսայանը և ուրիշներ։ 1937-ի օգոստ-ին հարցաքննության ժամանակ 3-րդ հարկի պատուհանից իրեն դուրս է նետել (կամ նետել են) Սահակ Տեր-Գաբրիելյանը։ 1937-ին Հայաստանում բռնադատվել է 4700 մարդ, որից 3200-ը գնդակահարվել են։ 1938-ին գնդակահարվել է 3050 մարդ, բանտարկվել՝ 1500-ը։ ՀԽՍՀ-ում բռնաճնշումների է ենթարկվել 25 հազար քաղաքացի, իսկ խորհրդային իշխանության ժամանակաշրջանում՝ շուրջ 42 հազար, որոնց զգալի մասը գնդակահարվել է։

Այդուհանդերձ, նախապատերազմյան 20 տարվա ընթացքում զգալի վերելք է ապրել հայ մշակույթը։ Ընդլայնվել է դպրոցների ցանցը, քայլեր են կատարվել անգրագիտության վերացման ուղղությամբ։ Բացվել են մի շարք բարձրագույն և տասնյակ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ։ Որակյալ բանվոր․ կադրեր են պատրաստել գործարաններին ու ֆաբրիկաներին կից գործող ուսումնարանները։ Խորհրդային Հայաստանում հիմնադրվել են թատրոններ, Հայֆիլմ կինոստուդիան, գրողների, նկարիչների ու ստեղծագործ․ այլ միություններ։ Գաղափար․ կապանքների պայմաններում անգամ ստեղծվել են ազգային մնայուն արժեքներ։

1935-ին խոշոր իրադարձություն էր ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի՝ ԱրմՖանի հիմնադրումը, որի հիմքի վրա 1943-ի նոյեմբ-ին ստեղծվել է ՀԽՍՀ ԳԱ-ն։ ԱրմՖանի առաջին նախագահ է ընտրվել երկրաբան Ֆրանց Լևինսոն-Լեսսինգը, իսկ 1938-ին՝ արևելագետ, ԽՍՀՄ ԳԱ ակադ. Հովսեփ Օրբելին։


Հայ ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտի և Հայրենական մեծ պատերազմի տարիներին. 1939-45 թվականներ

Առաջին աշխարհամարտում (1914-1918) պարտված Գերմանիան, օգտագործելով Արևմուտքի երկրների, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև եղած հակասությունները և թողտվության քաղաքականությունը, վերականգնել է ռազմ․ արդ-ը, իսկ 1933-ի հունվ. 30-ին իշխանության գլուխ անցած ֆաշիստ․ կուս-ը Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ նախապատրաստվել է պատերազմի։ 1936-ի նոյեմբ-ին Գերմանիան և Ճապոնիան ստորագրել են համագործակցության պայմանագիր, որին 1 տարի անց միացել է Իտալիան։ Ձևավորվել է Բեռլին-Հռոմ-Տոկիո առանցքը, որը պայքար է ծավալել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի քաղաքական տիրապետությունը չեզոքացնելու և աշխարհի նոր վերաբաժանման համար։ Կարևոր խնդիր էր նաև ԽՍՀՄ-ի տապալումն ու կոմունիստ․ վտանգի վերացումը։

1939-ի օգոստ. 23-ին Մոսկվայում ԽՍՀՄ-ը և Գերմանիան ստորագրել են 10 տարի ժամկետով չհարձակման պայմանագիր, որն ուներ նաև գաղտնի արձանագրություն՝ Արևելյան Եվրոպան ազդեցության գոտիների բաժանելու վերաբերյալ։

1939-ի սեպտ. 1-ին Լեհաստանի վրա ֆաշիստ. Գերմանիայի հարձակումով սկսվել է Երկրորդ համաշխ. պատերազմը, որն ավարտվել է 1945-ի սեպտ. 2-ին՝ Գերմանիայի և նրա դաշնակիցների պարտությամբ։ Պատերազմի սկզբն. փուլում Գերմանիան գրավել է գրեթե ողջ Արևմտյան Եվրոպան, իսկ Խորհրդային Միությունն ընդարձակել է իր սահմանները (նվաճել է Արևմտյան Ուկրաինան, Արևմտյան Բելոռուսիան, Մերձբալթյան երկրները, Արևելյան Եվրոպայի այլ տարածքներ) և ուժեղացրել դիրքերը։

ԽՍՀՄ-ը հյուսիս-արմ. սահմանների և Լենինգրադի (այժմ՝ Ս. Պետերբուրգ) անվտանգությունն ապահովելու պատրվակով 1939-ի նոյեմբ. 30-ին պատերազմ է սկսել Ֆինլանդիայի դեմ և դեկտ. 14-ին, որպես ագրեսոր, վտարվել է Ազգերի լիգայից։ 105-օրյա մարտ․ գործողությունների ժամանակ խորհրդային զորքերը կորցրել են 333.084 մարդ (այդ թվում՝ վիրավոր ու ցրտահարված), որից 126 հազար 875-ը՝ սպանված։ Պատերազմին մասնակցած 16 հազար հայերից շուրջ 2 հազարը զոհվել են։ 1940-ի մարտի 12-ին Մոսկվայում կնքված պայմանագրով ավարտվել է Խորհրդա-ֆինն. պատերազմը, և պետական սահմանն զգալիորեն հետ է տարվել՝ ուժեղացնելով ԽՍՀՄ սահմանների անվտանգությունը։ Բարելավվել է նաև Բալթիկ ծովի կողմից պետական սահմանների պաշտպանությունը։