մասին» որոշում, որով իրավաբանորեն ստեղծվել է Հայոց բանակը։ Նորաստեղծ նախարարությանն են հանձնվել ՆԳ նախարարության միլիցիայի պարեկապահակային, հատուկ նշանակության օպերատիվ և քաղաքաց. պաշտպանության գնդերն ու հանրապետական զինկոմիսարիատը։ Այնուհետև հիմնվել է ՊՆ կենտրոնական ապարատը՝ գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժիններ։
1992-ի մայիսին ՊՆ-ն, ըստ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի, սկսել է առաջին զորակոչը հանրապետության տարածքում, որը մինչ այդ կատարվում էր կամավորության սկզբունքով։ Նորակազմ զորամասերի անձնակազմերը մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում ընդունել են 1-ին զինվոր․ երդումը, որից էլ սկսվել է Հայոց բանակի ամրացման ու զարգացման փուլը։ 1992-ին հանրապետության ղեկավարությունը կարողացել է պայմանագրային հիմունքներով ստանալ ԽՍՀՄ սպառազինության՝ Հայաստանի չափաբաժինը։ Դրա շնորհիվ ռուս․ զենքի մի մասը մնացել է ՀՀ-ում, որը հետագայում դարձել է ռազմ․ բազայի հիմքը և երկրի անվտանգության կարևոր բաղկացուցիչ մասը։
Նորանկախ ՀՀ բանակի կազմավորումը և Արցախյան գոյամարտում տարած հաղթանակը Հայոց անկախ պետականության առաջին գլխավոր ձեռքբերումներից են։ (Տես նաև ՀՀ Զինված ուժեր)։
1995-ի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվել է պետության հիմն․ օրենքը՝ ՀՀ Սահմանադրությունը, որով դրվել է ժողովրդավար․ պետություն կառուցելու իրավ․ հիմքը։ Սկսել են ձևավորվել պետաիրավական նոր կառույցներ։ Սահմանադրությամբ ընդունվել է նախագահ․ հանրապետության մոդելը՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների տարանջատումով։ Բարձրագույն օրենսդիր մարմինը՝ ԳԽ-ն, վերանվանվել է Ազգային ժողովի (ԱԺ)։ Սակայն Սահմանադրությունն ուներ ակնառու թերություններ, ինչպիսիք էին իշխանության 3 թևերի միջև փոխադարձ զսպումների և հակակշիռների մեխանիզմների բացակայությունը, ՀՀ նախագահին ընձեռված բացառիկ մենաշնորհային լիազորությունները, գործադիր իշխանության նկատմամբ ՀՀ ԱԺ-ի վերահսկողության լիազորությունների բացակայությունը, դատական իշխանությունների ոչ իրական անկախությունը և այլն։ Դրանց վերացման և սահմանադրական այլ բարեփոխումների նպատակով ՀՀ Սահմանադրության մեջ կատարվել են մեծածավալ փոփոխություններ, որոնք ընդունվել են 2005-ի նոյեմբ. 27-ի հանրաքվեով (ուժի մեջ են մտել նույն թվականի դեկտ. 6-ից)։
Սահմանադրությունը հնարավորություն է ընձեռել ստեղծելու կայուն պետական կառույց, դիմակայելու այնպիսի լուրջ քաղաքական ճգնաժամի, ինչպիսին ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականն էր 1998-ի փետր. 3-ին և արտահերթ նախագահ․ ընտրությունները։
ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված նոր դատական համակարգի կազմավորումն ավարտվել է 1999-ին։ Կարևոր էին Առաջին ատյանի, Վերաքննիչ, Վճռաբեկ, ինչպես նաև Սահմանադրական, տնտեսական, զինվորական և այլ դատարանների ստեղծումը, դատախազության համակարգի վերափոխմանն ուղղված միջոցառումները։
Հանրապետության կառավարման կառուցվածքի բարելավման և տեղերում ինքնակառավարման խորացման նպատակով 1995-ի դեկտ-ին կատարվել են վարչատարածքային փոփոխություններ, կազմավորվել են նոր միավորումներ՝ մարզեր ու համայնքներ։ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով (1995) հանրապետության 37 վարչական շրջանների միավորմամբ ստեղծվել է 10 մարզ՝ Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Տավուշի, իսկ մայրաքաղաք Երևանին տրվել է մարզի կարգավիճակ։ 2005-ի դեկտ-ին փոփոխված Սահմանադրությամբ (108-րդ հոդված) Երևանը վերածվել է համայնքի։