1988-ի երկրաշարժի հետևանքով կյանքը երկրի տարածքի 1/3-ում կազմալուծվել էր, ժողտնտեսությունն ավելի քան 13 մլրդ ռուբլու վնաս էր կրել։ Չնայած 113 պետությունների և միջազգային բազմաթիվ կազմակերպությունների համակողմանի օգնությանը՝ հնարավոր չի եղել վերականգնել աղետի գոտին։ 1989-92-ին խորացող տնտեսական ճգնաժամին ավելացել են նաև գրեթե լիակատար շրջափակման, ինչպես նաև Արցախյան պատերազմով և 1990-ից հանրապետություն բռնագաղթած փախստականներով պայմանավորված դժվարությունները։ Ատոմակայանի փակման և էլեկտրաէներգիայի ու վառելանյութի բացակայության պատճառով սկսվել են զանգվածային ծառահատումները, որոնք երկիրը կանգնեցրել են բնապահպան. աղետի առջև։ Այդպիսի իրավիճակում տնտեսության մեջ անցում է կատարվել ազատ շուկայական հարաբերությունների։
1990-ի սեպտ. 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» և հոկտ. 31-ի «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» օրենքներով կատարվել են պետական մենատիրության վերացման և շուկայական հարաբերությունների ձևավորման առաջին քայլերը։
Տնտեսական բարեփոխման գործընթացում պետությունն ի սկզբանե որդեգրել է արտադրության մեջ իր դերը կրճատելու և մասնավոր բաժինը տնտեսական զարգացման հիմնական աղբյուր դարձնելու քաղաքականություն։ Դրա իրականացման հետևանքով արդեն 1999-ին համախառն ներքին արտադրանքի 85 %-ը ձևավորվել է մասնավոր հատվածում, որն ապահովվել է ի հաշիվ զանգվածային սեփականաշնորհման և նոր՝ մասնավոր բիզնեսի մուտքով շուկա։
Կառավարությունը շուկայական տնտեսությանն անցնելու հիմնական բաղադրիչը համարել է գների ազատականացումը, որն անցկացվել է մի շարք փուլերով և ուղեկցվել բնակչության սոցիալական դրության կտրուկ վատթարացմամբ։
Մինչև 1994-ը երկրի տնտեսությունը կտրուկ անկում է ապրել, որի պատճառները ոչ միայն Հայաստանի փաստացի շրջափակումն ու նախկին տնտեսական կապերի խզումն էին, այլև տնտեսական վերափոխումների իրականացման ձևերի անարդյունավետությունն ու փորձի բացակայությունը։
Կառավարությունը ձեռնամուխ է եղել գյուղատնտեսական հողերի, պետական (հանրային) բնակարանային ֆոնդի, պետական ձեռնարկությունների ու անավարտ շին. օբյեկտների մասնավորեցմանը։ Հայաստանը, նախկին ԽՍՀՄ հանրապետություններից առաջինը, 1991-ին կարճ ժամանակամիջոցում, առանց լուրջ նախապատրաստման, հաշվառման ու գնահատման, սեփականաշնորհել է հողը, լուծարել անգամ նախկինում արդյունավետորեն գործող տնտեսությունները, որի հետևանքով գյուղում ձևավորված արտադրական ու սոցիալական ենթակառուցվածքները մասնատվել ու փոշիացել են։ Անասնապահության բնագավառում սեփականաշնորհման անվան տակ համատարած կողոպտվել են տասնամյակների ընթացքում ստեղծված ֆերմաները։
1991-92-ին լուծարվել են հանրապետության մոտ 900 կոլտնտեսություններն ու պետական տնտեսությունները, որոնք թողարկում էին ճյուղի արտադրանքի ավելի քան 90 %-ը։ Դրանց փոխարեն ձևավորվել են 320 հզ-ից ավելի անհատական գյուղաց. տնտեսություններ, որոնց փոխանցվել են հողերի 66 %-ը և նախկին կոլտնտեսությունների գրեթե ողջ հիմնական միջոցները։ Այդ ամենի շնորհիվ գյուղատնտեսական արտադրությունն սկզբն. շրջանում այնպիսի ճգնաժամ չի ապրել, ինչպես արդ-ը կամ շին-ը, թեև 1993-ին ոլորտի զուտ արտադրանքի ծավալը 1989-ի նկատմամբ նվազել է 18 %-ով։ Այդուհանդերձ, 1990-ական թթ-ին գյուղատնտեսության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում ունեցել է աճի միտում։ Եթե խորհրդային շրջանում այն կազմել է 12-12,5 %, ապա 1990-ին՝ 12,2 %, 1999-ին՝ 25,3 %, իսկ 2001-ին՝ 28 %։ Սակայն անհրաժեշտ նյութատեխ. միջոցների, կարգավորված արտադրական հարաբերությունների,