թերությունների, պետական հովանավորության բացակայության պատճառով գյուղատնտեսությունը հետագայում մեծ անկում է ապրել։ Սակավահող Հայաստանում 1996-ին ցանքատարածությունները կրճատվել են մոտ 100 հազար հա-ով (ավելի քան 20 %), բազմամյա տնկարկների տարածությունը՝ ավելի քան 30 հազար հա-ով (35,9 %), խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը՝ 191,1 հազարով (27,7 %), ոչխարներինն ու այծերինը՝ 437 հզ-ով (33,8 %), խոզերինը՝ 245 հզ-ով, թռչուններինը՝ 8261,1 հզ-ով։
Վերափոխումների ընթացքում գյուղատնտեսությունը չի հարմարվել շուկայական հարաբերություններին՝ մի շարք սխալների պատճառով։
Խորհրդային Միության փլուզումից հետո խոր ճգնաժամի մեջ է հայտնվել նաև Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղը՝ արդ-ը. նրա մի շարք ճյուղեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դադարել են գործելուց։ 1990-93-ին ԱՊՀ երկրներից ամենամեծ անկումը գրանցվել է ՀՀ արդ-յան մեջ՝ մոտ 60,3 %։ 1992-ին նախորդ տարվա համեմատությամբ արձանագրվել է ՀՆԱ-ի 41,8 %-ի անկում՝ ԱՊՀ-ի համանման միջին ցուցանիշը գերազանցելով ավելի քան 6 անգամ։
Արդ-յան ոլորտում չհիմնավորված արագացված սեփականաշնորհումն ըստ էության վերածվել է վիթխարի կառույցների փոշիացման և յուրացման։ Ձեռնարկությունների սեփականաշնորհումն իրականացվել է 2 փուլով։ 1992-1993-ից սկսվել է «փոքր օբյեկտների սեփականաշնորհումը», իսկ 1995-ից՝ միջին և խոշոր ձեռնարկությունների զանգվածային սեփականաշնորհումը։
«Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքով (1992)՝ 1994-ին սեփականաշնորհվել են արդ-յան նախարարության 286 և թեթև արդ-յան 147 ձեռնարկություններ։ 1994-1995-ին սեփականաշնորհվել են մոտ 800 արդյունաբերական ձեռնարկություններ։ Միայն 1996-ի նոյեմբ-ին է ստեղծվել սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարություն, որը հետագայում վերանվանվել է սեփականաշնորհումևերի նախարարության, իսկ 2000-ի փետր-ին՝ պետական գույքի կառավարման նախարարության։
Արդ. ձեռնարկությունների սեփականաշնորհումից հետո հոգ չի տարվել ունեցվածքի պահպանման համար, և մետաղե թանկարժեք սարքավորումները ջարդոնի անվան տակ վաճառվել են արտասահմ. երկրներում (հատկապես Իրանում ու Թուրքիայում), որը ծանր հարված է հասցրել արդ-յանն ու ողջ տնտեսությանը։ Մեծ դժվարություններ են առաջացել արտադրանքի իրացման գործում, որը, արտահանման դժվարություններից բացի, նաև մրցունակ չէր միջազգային շուկայում։
Արդ-յան անկման հետևանքով ծանր կացության մեջ է հայտնվել նաև ՀՀ ֆինանսավարկային համակարգը։ Չնայած իշխանությունների ջանքերին՝ Հայաստանը չի ընդգրկվել ռուս․ ռուբլու գոտու մեջ։ 1993-ի նոյեմբ-ին Կառավարությունը հարկադրված շրջանառության մեջ է դրել հայոց ազգային դրամը, որն անկախ պետականության գործառնության առաջին արտահայտություններից էր։ Դրանից հետո է միայն Հայաստանը հնարավորություն ստացել ինքնուրույն տնօրինելու տնտեսական լծակները։ Սակայն տնտեսական համապատասխան երաշխիքների բացակայության պայմաններում այն արագ արժեզրկվել է, որն զգալիորեն նպաստել է սոցիալ-տնտեսական ճգնաժամի խորացմանը։ Սղաճի մակարդակն արագորեն աճել է, որի հետևանքով տեղի է ունեցել ժողովրդի խնայողությունների և ավանդների փոշիացում։ Միլիարդավոր ռուբլիներ կազմող գումարների փոխարեն ազգաբնակչությունն ստացել է դրանց արժեքից շատ քիչ փոխհատուցում, որով գների աճի պայմաններում հնարավոր չէր հոգալ անգամ մենատարրական կարիքները։ Այդուհանդերձ, սեփական դրամը շրջանառության մեջ դնելն աստիճանաբար կառուցվածքային տեղաշարժեր է առաջ բերել հանրապետության ֆինանս․ համակարգում։ Ստեղծվել է Հայաստանի կենտրոնական բանկը, ձևավորվել են շուրջ 60 առևտրային դրամատներ ու մասնավոր բանկեր։