Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արդ. ձեռնարկությունները Հայաստանում սեփականաշնորհվել են սերտիֆիկատների (վաուչեր) միջոցով, իսկ նախկին պետական ձեռնարկությունները հիմնականում վերածվել են բաց կամ փակ բաժնետիր. ընկերությունների։

Եկամուտների կտրուկ անկման պայմաններում բնակչության ճնշող մեծամասնությունն իր սերտիֆիկատները վաճառել է շատ ցածր գներով՝ ընթացիկ կենցաղային հոգսերը հոգալու համար։ Հախուռն ու հապճեպ սեփականաշնորհման հետևանքով Հայաստանի ընտանիքների 8 %-ը տիրացել է մասնավորեցված գույքի ավելի քան 90 %-ին։ Դրա հետևանքով, 2000-ի տվյալներով, առավել հարուստ ընտանիքների 4-5 %-ը տնօրինել է ողջ ազգային հարստության կեսից ավելիին։

1998-ից Կառավարության որոշմամբ դադարեցվել է սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկումը և անցում է կատարվել ձեռնարկությունների վաճառքի ու արտասահմ. ներդրումների ներգրավման՝ միջազգային աճուրդների։

1997-ի վերջին միջազգային մրցույթով վաճառվել է ազգային հեռահաղորդակցման ձեռնարկության՝ «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 %-ը, իսկ 1998-ին՝ Երևանի կոնյակի գործարանը և «Արմենիա» հյուրանոցը։ ՌԴ-ն ներդրումներ է կատարել էներգետիկայի համակարգում, միջազգային մրցույթ է հայտարարվել Երևանի հյուրանոցների, օդանավակայանի, Հայկական ավիաուղիների, էլեկտրաէներգիայի արտադրության, տեղափոխման և բաշխման ձեռնարկությունների սեփականաշնորհման համար։ Լուրջ հաջողություն է համարվել 2002-ին «Զվարթնոց» օդանավակայանի վերաբերյալ պայմանագրի կնքումն արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանի հետ։

Սեփականաշնորհման այդ տարբերակի շնորհիվ ավելացել են պետբյուջեի մուտքերը։ 1992-93-ը հատկապես ծանր էին երկրի էներգետիկայի համար։ Հանրապետության ղեկավարության անձեռնահասության պատճառով էներգիայի արտադրությունը խիստ կրճատվել է։ Չեն գործել արտադրական ձեռնարկություններն ու տրանսպորտը, երկիրը հայտնվել է համատարած խավարի մեջ, միևնույն ժամանակ էլեկտրաէներգիա է տրվել Վրաստանին։ 1999-ին ձեռնարկվել են միջոցառումներ 1992-99-ին էներգետիկայի ոլորտում կատարված չարաշահումներն ու դրանց մեղավորներին բացահայտելու ուղղությամբ։ Սակայն 1999-ի հոկտ. 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած եղերական դեպքերի պատճառով այդ նպատակով ստեղծած ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքն ընդհատվել է 2000-ի հունիսին՝ առանց որևէ որոշում ընդունելու։ Ըստ հրապարակված տվյալների՝ այդ ոլորտում պետությանը հասցվել է շուրջ 200 մլն դոլարի վնաս։

Մյուս կողմից՝ 1992-93-ի ձմռանն ընդհատումներով էլեկտրաէներգիա մատակարարելու (օրական 1-2 ժ) հետևանքով էներգահամակարգի գերբեռնվածությունը բերել է բազմաթիվ ենթակայանների և բաշխիչ ցանցերի վթարների, էլեկտրաէներգիայի պակասի պայմաններում կատարվել են էներգիայի հսկայական չարաշահումներ։

Այս պայմաններում անխուսափելի էին ՀԱԷԿ-ի վերագործարկումը (1996) և Հրազդանի ջէկի 5-րդ բլոկի շահագործումը, որոնց շնորհիվ հաջողվել է աստիճանաբար վերացնել ստեղծված էներգետիկ ճգնաժամը և հիմք ստեղծել արդ-յան առանձին ճյուղերի վերագործարկման համար։


ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը

Հանրապետության անկախացմանը զուգընթաց քայլեր են ձեռնարկվել նաև հասարակական կյանքի ժողովրդավարացման ուղղությամբ։ 1990-ի նոյեմբ. 5-ին ԳԽ-ն որոշում է ընդունել հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները և զինվորական ստորաբաժանումներն ապաքաղաքականացնելու վերաբերյալ։ 1991-ի փետր. 26-ին խորհրդարանի ընդունած «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» օրենքով երկրում թույլատրվել է բազմակուսակցականությունը։ Հայրենիքում վերստին ազատ գործելու իրավունք են ստացել 1920-ից հետո տարագրված Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ), Ռամկավար-ազատական և Հնչակյան ավանդ․ կուս-ները։ Նախկին կոմունիստների մի մասն ստեղծել է Դեմոկրատ․ կուս-ը, մյուսը՝ մի փոքր ավելի ուշ, նորոգված ծրագրով վերստեղծել է Հայաստանի կոմկուս-ը (ՀԿԿ)։ Միևնույն ժամանակ՝ կտրուկ վատթարացել է բնակչության նյութ․ դրությունը, խորացել գործազրկութունը, և սկսվել է արտագաղթ, որոնք խարխլել են ՀՀՇ-ի վարկը, նրա ղեկավար կորիզը պառակտվել է, շարժման առանձին գործիչներ (Վ. Մանուկյան, Ա. Մանուչարյան, Դ. Վարդանյան) հեռացել են ՀՀՇ-ից և, ազգային ժողովրդավար․ միության շուրջ համախմբվելով, ձևավորել ընդդիմություն։ Հիմնադրվել են Հայաստանի հանրապետական կուս-ը (ՀՀԿ), Ազգային ժողովրդավար․ միությունը (ԱԺՄ), Քրիստոնեաժողովրդավարական միությունը (ՔԺՄ), Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ), Սահմանադրական իրավունք միությունը (ՍԻՄ) և այլն։ Այնուհետև հիմնվել են «Օրինաց երկիր» (ՕԵԿ), Հայաստանի ժողովրդական (ՀԺԿ) և այլ կուս-ներ։

1991-ի ապրիլի 17-ին ՀՀ ԳԽ-ի որոշումով ազգայնացվել է ՀԿԿ-ի և Հայաստանի նախկին լենինյան երիտասարդ. միության (ՀԼԿԵՄ) ունեցվածքը, մյուս կուս-ներն ու հաս-քաղաքական կազմակերպությունները ձեռք են բերել գույք ու տարածքներ։

2000-ին հանրապետությունում գրանցվել են 100-ից ավելի հաս-քաղաքական կազմակերպություններ։ Սակայն ժողովրդավարական վերափոխումների ընթացքի վրա բացասաբար է անդրադարձել նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ