պրակտիկային անհարիր այս նախապայմաններն ու պահանջները։
1993-ին Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ։ Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախապայմաններից հիմնականներն են ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձնելն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը։ 1991-ից հարաբերությունների կարգավորման բազում փորձերն ավարտվել են անհաջողությամբ՝ Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով։
2008-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսվել է հայ-թուրք. հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում 2 պետությունների ԱԳ նախարարները 2009-ի հոկտ. 10-ին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններ։
Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան կտրուկ փոխել է իր դիրքորոշումը և հրաժարվել առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից և արձանագրությունների վավերացումը պայմանավորել է ԼՂՀ հիմնահարցի կարգավորմամբ։
2010-ի ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրք․ կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ՀՀ նախագահը արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին հրամանագիր է ստորագրել։
Չնայած ուղղակի քաղաքական հարաբերությունների գրեթե բացակայությանը՝ վերջին շրջանում Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերությունների ոլորտում աշխուժացում է նկատվում։
ՀՀ-ի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկի՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշումը խարսխված է հետևյալ սկզբունքների վրա.
ա. կարգավորման հիմք պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը,
բ. ԼՂՀ-ն ՀՀ-ի հետ պետք է ունենա անխափան ցամաքային կապ՝ հայկական կողմի իրավազորության տակ,
գ. ԼՂՀ-ի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի միջազգայնորեն։
Գործն․ բնույթ ունեն հայ-ամերիկյան հարաբերությունները, որոնք պայմանավորված են տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմավար․ հետաքրքրություններով և երկրի ազդեցիկ հայկական համայնքի ակտիվ գործունեությամբ։ Հարաբերությունները 2 երկրների միջև ուղղված են քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության ընդլայնմանը։ 1990-2000-ին ԱՄՆ-ը Հայաստանին հատկացրել է շուրջ 650 մլն դոլարի մարդասիր. օգնություն, ակտիվորեն մասնակցում է ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին։ Հայ-ամերիկյան առևտրատնտեսական համագործակցությունը կանոնակարգվում է «Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի» տարեկան 1 անգամ գումարվող նիստերում։
«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում 2006-11-ին Հայաստանին հատկացվել է 235,65 մլն դոլար՝ գյուղ․ ճանապարհների վերականգնման, ոռոգման ենթակառուցվածքներում ռազմավարական ներդրումների, ֆերմերներին ու ագրոբիզնեսին աջակցելու համար։
Ամրապնդվել են Հայաստանի կապերը Մերձ․ և Միջին Արևելքի երկրների՝ Եգիպտոսի, Սիրիայի, Լիբանանի, Ալժիրի, Մարոկկոյի, Օմանի, Պարսից ծոցի արաբ․ երկրների հետ։ Արաբ․ աշխարհի հետ բարեկամ․ կապերի ամրապնդումը նպաստել է նաև այդ երկրների հայ համայնքների գործունեության աշխուժացմանը։ Հարաբերություններ են հաստատվել Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Կանադայի, Արգենտինայի, Ուրուգվայի հետ, որոնք վավերացվել են մի շարք առևտրատնտեսական պայմանագրերով ու համաձայնագրերով։