Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժամանակակից հայաստանյան քաղաքաց. հասարակության ձևավորման սկիզբ ընդունված է համարել 1980-ական թթ-ի վերջերը, երբ թույլատրվել է պետությունից անկախ համայնքային գործունեությունը, և հասարակության ներսում սկսել են ձևավորվել ժողովրդավար․ շարժումներ։

Հայաստանում խորհրդային իշխանության տարիներին (1920-91) քաղաքաց. հասարակության հատվածի զարգացումը կրել է սոց. համակարգի տիրապետող ինստիտուցիոնալ կառուցվածքի ազդեցությունը։ Պետությունը վերահսկել է գոյություն ունեցող բոլոր կազմակերպություններն ու միավորումները (կուս-ներ, արհմիություններ, ՀԿ-ներ, կոմերիտմիություն և այլն), իսկ յուրաքանչյուր անկախ քաղաքաց. միավորում կամ գործողություն դիտվել է որպես վտանգ պետական իշխանությանը։ Խորհրդային շրջանի ՀԿ-ները մեծ մասամբ ծառայել են պետությանը և կոմունիստական գաղափարախոսությանը՝ կամավոր նախաձեռնությունների միջոցով հանրային կարիքները բավարարելու փոխարեն։

1989-ին Երևանում սկսված բնապահպան. շարժմանը մասնակցել են հարյուրհազարավոր մարդիկ, որի շնորհիվ փակվել են շրջակա միջավայրն աղտոտող մի քանի արդյունաբերական ձեռնարկություններ։ Այդ շարժումներն աստիճանաբար միավորվել են ազգային գաղափարի շուրջ ու ձգտել ԼՂԻՄ-ի միավորմանը ՀԽՍՀ-ին և հանրապետության անկախացմանը։

1990-ական թթ-ից արագորեն աճել է ՀԿ-ների թիվը, որոնք խթանել են ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների պաշտպանությունը, ինքնակազմակերպվել արմ. համապատասխան կազմակերպությունների նմանությամբ։

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2001-ին, ըստ որի՝ Հայաստանում ՀԿ-ի կարգավիճակ ունեն արհմիությունները, տարատեսակ շարժումները, քաղաքաց. նախաձեռնությունները, ձեռնարկատերերի, սպառողների, մշակութային, երիտասարդ., կանանց միությունները, բնապահպան., բարեգործ., հայրենակցական և ազգային հատկանիշներով ձևավորված կազմակերպություններն ու հիմնադրամները և այլն։

Վերջին շրջանում նկատվում է ՀԿ-ների ներքին խնդիրների հստակեցման և նրանց դաշինքների ձևավորման միտում։

Ներկայումս ՀՀ-ում գործում է մոտ 5 հազար ՀԿ։

Երիտասարդական կազմակերպություններ

Խորհրդային Հայաստանում երիտասարդության հիմնախնդիրները ներկայացնելու բացառիկ լիազորություններ տրվել էր կոմերիտմիությանը, որը, ի վերջո, վերածվել է երիտասարդության կոմունիստական դաստիարակության գաղափարական օժանդակ գործիքի։ Երիտասարդության հարցերին առնչվող օրենսդրական ակտերը, որոնք կիրարկման առումով հիմնականում ձևական բնույթ ունեին, ընդունվում էին ԽՄԿԿ և ՀամԼԿԵՄ ղեկավարության համատեղ որոշումներով։

Արցախյան շարժման շնորհիվ հայ երիտասարդությունը յուրօրինակ զարթոնք է ապրել։ Շատերը մասնակցել են ֆիդայական շարժմանը, ընդգրկվել ԵԿՄ շարքերը, կռվել Արցախում և Ադրբեջանին սահմանամերձ գոտում։

1988-ից երիտասարդության քաղաքականապես ակտիվ շերտը մասնակցել է անկախացման շարժմանը և ներգրավվել տարբեր կուս-ներում, ընդգրկվել կուս-ների երիտասարդ․ կառույցներում, ապա՝ նաև պետական ու քաղաքական մարմիններում

1992-ին ստեղծվել է Հայ ուսանողների խորհուրդը, որի առաջին հաջողությունը պետական կրթաթոշակների բարձրացումն էր։ Դրանից 1 տարի անց կազմավորվել են ներբուհ. ինքնակառավարման մարմիններ՝ ուսխորհուրդներ, արհմիություններ և այլն։

1995-ի գարնանը Միջազգային երիտասարդ. ակումբի նախաձեռնությամբ հրավիրվել է Հայաստանի երիտասարդ․ կազմակերպությունների 1-ին համագումարը, որը ձևավորել է համադաշնություն և պաշտոնապես գրանցվել 1996-ի ապրիլին։ Վերջինիս գլխավոր խնդիրը երիտասարդության ընդհանուր պահանջների համակարգումն էր ու երիտասարդ․ պետական քաղաքականության նկատմամբ վերահսկողությունը։