Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1-ին (Մոսկվա) ծրագիրը։ 1973-ին Երևանի հեռուստատեսային կայանը Մոսկվայից վերահաղորդել է գունավոր հեռուստատեսության ծրագիրը։ Նույն թվականին սկսել է գործել նաև Հայկական 2-րդ ծրագիրը։ 1978-ին շահագործման է հանձնվել հեռուստատեսության նոր աշտարակը՝ 311 մ բարձրություն։ 1980-ական թթ-ի վերջին երկրում գործել են տարբեր հզորության ավելի քան 200 վերահաղորդիչ կայաններ, հեռարձակվել հեռուստատեսային 4 ծրագիր։

Ներկայումս ՀՀ հեռուստառադիոհեռարձակման ցանցն անալոգային է, բաղկացած է 500 հաղորդակից և ծրագրերի հեռահաղորդման մոտ 1600 կմ ռադիոռելեային գծերից կամ ավելի քան 6000 կմ վերերկրյա կապուղիներից։ Նախատեսվում է մինչև 2015-ը ցանցն ամբողջությամբ թվայնացնել, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործելու սահմանափակ հաճախային պաշարը, միաժամանակ բարձրացնելու ձայնի և պատկերի որակը՝ նույն կապուղիներով մատուցելով տեղեկատվ. և փոխներգործող (ինտերակտիվ) լրացուցիչ ծառայություններ։

ՀՀ-ում գործում է 75 հեռուստաընկերություն. 42-ը՝ վերգետնյա եթերային, 1-ը՝ եթերամալուխային, 32-ը՝ մալուխային հեռարձակման։ Դրանցից 4-ը գործում են Երևանում, որոնց հաղորդումները միաժամանակ հեռասփռվում են 1 կամ մի քանի մարզերում, որոնցից 3-ը՝ եթերային, 1-ը՝ մալուխային, 22-ը՝ Երևանում, որոնցից 13-ը՝ եթերային, 1-ը՝ եթերամալուխային, 8-ը՝ մալուխային, 49-ը՝ միայն մեկ մարզի տարածքում, որոնցից 26-ը՝ եթերային, 23-ը՝ մալուխային։

ՀՀ-ում միջպետական պայմանագրով հեռարձակվում են «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի մասնաճյուղի, «Կուլտուրա», «ՌՏՌ-Պլանետա» և «Ռուսական առաջին» հեռուստաընկերությունների ծրագրերը։ Ներկայումս ՀՀ սահմաններից դուրս հեռարձակվում է հեռուստատեսային 5 ծրագիր («Հ1», «Երկիր մեդիա», «Արմենիա», «Շանթ», «Կենտրոն»)։

Հեռագրական կապ։ Հայաստանում հեռագր. կապ առաջին անգամ կիրառվել է 1864-ին, երբ սկսել են գործել Թիֆլիս-Դիլիջան-Երևան-Նախիջևան, ապա՝ Թիֆլիս-Ալեքսանդրապոլ հեռագր. գծերը։ 1913-ին գործող 26 փոստահեռագր. ձեռնարկություններից միայն 15-ն է ունեցել հեռագր. կապ։ 1925-ին գործել է Երևան-Մոսկվա առաջին, հետագայում՝ Երևանի ու հանրապետության 25 շրջկենտրոնների միջև հեռագր. կապը։ 1956-ին սկսվել է տոնային հեռագրության կատարելագործված ապարատների ներդրումը։ 1960-ից լայնորեն տարածվել է բաժանորդային հեռագրության (հեռատիպ) ցանցը, և ամբողջ հեռագր. կապը փոխադրվել է ուղիղ միացումների համակարգի (բացառել է միջանկյալ հանգույցներում հեռագրերի մշակումը)։

ՀԽՍՀ-ում մայրուղային կապ է գործել Մոսկվայի, Կիևի, Թբիլիսիի, Նիժնի Նովգորոդի, Ստավրոպոլի, Սամարայի, Տաշքենդի, Դոնի Ռոստովի հետ, 1967-ից՝ հայատառ հեռագրերի հաղորդման և ընդունման հեռագր. ցանց։ 1980-ին շահագործման է հանձնվել Երևանի հեռագրատան հարավսլավ. ավտոմատ նոր կայանը, որը հնարավորություն է տվել հանրապետության բաժանորդներին ուղիղ կապի ցանցով միանալ ԽՍՀՄ տարածքում գործող համակցման կայաններին։ 1997-ին համակարգիչների հիմքի վրա Երևանում շարք է մտել համակցման Ին. ՏԴՍ-128 բաժանորդային-տելեքսային կայանը, որը հնարավորություն է տվել լիովին ավտոմատացնել հեռագր. կապը, նշանակալիորեն արագացնել հեռագրերի հաղորդումն ու ընդունումը և դրանց միաժամանակյա գրանցումը մագնիս․ սկավառակների վրա։ 1990-ական թթ-ի վերջերին բաժանորդային հեռագրության կայաններ էին տեղադրված հանրապետության 18 քաղաքներում։

Աշխարհում և ՀՀ-ում հեռահաղորդակցության նոր տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված՝ 1990-ական թթ-ից կապի այս տեսակն աստիճանաբար դուրս է մղվել։

Հեռախոսային կապ։ Քաղաքային հեռախոսացանցերի ավտոմատացումն ավարտվել է 1975-ին։ 1982-ին Երևանում շահագործման է հանձնվել հարավսլավ. «Մետակոնտա-10 Ս» տիպի քվազի էլեկտրոնային համակարգերի ծրագրային կառավարմամբ միջքաղաքային ավտոմատ հեռախոսակայանի 1-ին, իսկ 1991-ին՝ 2-րդ հերթը, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել ստեղծել երկկողմանի ավտոմատ կապ ՀՀ բոլոր քաղաքների