Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայ առաջին թագավոր Աբգար Ե-ն, որն առաջինն է ընդունել քրիստոնեություն (Հայ առաքել․ եկեղեցին նրան դասել է իր սրբերի կարգը)։

ՀՀ ԿԲ-ն թողարկել է նաև մի քանի տասնյակ հուշադրամներ՝ ոսկուց, արծաթից և պղինձ-նիկելի համաձուլվածքից։

Դրամաշրջանառությունը. առաջին հիշատակումից մինչև XX դարը

Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին մետաղադրամները վերաբերում են մ. թ. ա. VI-V դդ-ին։ Դրանք եզակի նմուշներով աքեմենյան, միլեթյան և աթենական արծաթե դրամներ են։ Հայտնի է, որ դեռևս մ. թ. ա. IV դում Հայաստանի աքեմենյան սատրապներ Տիրիբազոսը և Օրոնթոսը հատել են դրամներ՝ իրենց դիմապատկերներով։

Մետաղադրամները Հայաստանում տարածված են եղել հելլենիստ. դարաշրջանի (մ. թ. ա. IV դ-ի 2-րդ կես) սկզբից։ Միջազգային առևտրի շնորհիվ Ալեքսանդր Մակեդոնացու (մ. թ. ա. 356-323) արծաթե դրամները Փոքր Ասիայից և Միջագետքից թափանցել են նաև հայկական շուկաներ։ Հելլենիստ. ժամանակաշրջանին բնորոշ հայկական դրամների դիմերեսին, որպես կանոն, միապետի դիմապատկերն է, դարձերեսին՝ դիցաբան․ խորհրդանշաններ և արքայի անունն ու տիտղոսը՝ հուն․ գրերով։

Մ. թ. ա. III դ-ի 2-րդ կեսից Ծոփքի հայ արքաները՝ Արշամը, Քսերքսեսը, Աբդիսարեսը և ուրիշներ, պղնձե մետաղադրամներ են հատել, որոնք ամենավաղ հայկական դրամներն են։

Արտաշիսյան թագավորության ժամանակաշրջանից (մ. թ. ա. 189-մ. թ. 1) մեզ են հասել համեմատաբար մեծ թվով դրամներ։ Հայկական դրամները միջազգային շրջանառություն են ունեցել Տիգրան Բ Մեծի գահակալության տարիներին (մ. թ. ա. 95-55), հատվել են ինչպես Հայաստանում (Արտաշատ, Տիգրանակերտ), այնպես էլ Սիրիայում (Անտիոք, Դամասկոս)։

Արշակունյաց թագավորության (66-428) դրամներ հայտնի չեն։ Այդ շրջանում Հայաստանում դրամաշրջանառությունը կատարվել է հարևան երկրների, հիմնականում Հռոմի կայսրության և Պարթևական թագավորության դրամներով, իսկ ավելի ուշ շրջանառվել են նաև Սասանյան հարստության և Բյուզ. կայսրության դրամները։

Արաբական խալիֆության տիրապետության ժամանակ դրամաշրջանառությունը կատարվել է Օմայանների տոհմի, իսկ ավելի ուշ՝ Աբբասյանների դրամներով։ Շրջանառվել են արծաթե դիրհեմներ, պղնձե ֆելսեր, սահմանափակ քանակով՝ ոսկե դինարներ։

X դ-ի վերջից արծաթե դիրհեմներին փոխարինել են բյուզ. ոսկե դրամները, որոնք տարածաշրջանում կատարել են միջազգային դրամի դեր։ Զուգահեռաբար՝ շրջանառության մեջ են եղել նաև սելջուկ տիրակալների մետաղադրամները։

Բագրատունյաց թագավորության (885-1045) ժամանակաշրջանում դրամներ չեն հատվել, թեև հայտնի է Լոռու Բագրատունիների ճյուղից սերած Կյուրիկե Բ արքայի (1048-1100) պղնձե դրամը, որը հայերեն գրերով հայտնի առաջին մետաղադրամն է։

Կիլիկյան Հայաստանի (1080-1375) իշխանապետության շրջանի (1080-1198) մետաղադրամները հայտնի են եզակի նմուշներով, իսկ թագավորության շրջանի (1198-1375) մետաղադրամները բազմազան են։ Հայտնի են արծաթե, բիլոնե (արծաթի ցածր պարունակությամբ համաձուլվածք), պղնձե և շատ սահմանափակ քանակով ոսկե դրամներ։ Վերջիններս կոչվել են դահեկան, արծաթե դրամները՝ դրամ, թագվորին, իսկ պղնձե դրամները՝ դանգ, քարտեզ, փող։ Կիլիկյան դրամներն ունեն հայերեն մակագրություններ, իսկ Հեթում Ա թագավորը (1226-69) դրվագել է նաև երկլեզվյան (հայատառ և արաբատառ մակագրություններով) դրամներ։

XIII դ-ի Հայաստանի հս. և արլ. շրջաններ են թափանցել վրաց թագավորների՝ հիմնականում պղնձե և սակավաթիվ արծաթե դրամները։ XIII դ-ի 30-ական թ-ից Հայաստանի դրամաշրջանառության մեջ հայտնվել են մոնղ. տիրակալների արծաթե դիրհեմներն ու սակավաթիվ պղնձե ֆելսերը։

Հետագայում շրջանառության մեջ են մտել թուրք․ ծագման դրամները։

XVI դ-ից սկսած՝ Հայաստանում դրամաշրջանառությունը կատարվել է հիմնականում իրան․ դրամներով։

XVII դ-ում նկատվել է արևմտաեվրոպ. թալերների զանգվածային ներթափանցում Հայաստանի դրամաշրջանառության ոլորտ։

Մինչև XIX դ-ի սկիզբը Հայաստանի արլ. մասում դրամաշրջանառությունը կատարվել է պարսկ., իսկ արմ. մասում՝ թուրք․ դրամներով։

Ռուսաստանի կայսրության կազմում ընդգրկվելուց (1828) հետո Հայաստանում սկսվել է դրամաշրջանառության նոր փուլ. շրջանառության մեջ են դրվել Ռուս․ կայսրության դրամները, առաջին անգամ՝ թղթադրամները։ Փետրվարյան հեղաշրջումից (1917) հետո երկրում շրջանառվել են նաև Ռուսաստանի ժամանակավոր կառավարության թղթադրամները։

Դրամաշրջանառությունը 1918-24-ին

1918-ի փետր-ին Անդրկովկասյան կոմիսարիատը, որի կազմում էին Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը, շրջանառության մեջ է դրել իր դրամանիշները՝ բոները՝ 1, 3, 5, 10, 50, 100 և 250 ռ. անվան․ արժեքներով։ Առաջին անգամ թղթադրամներին հայտնվել են նաև հայերեն մակագրություններ, որոնք այսօր համարվում են առաջին հայկական թղթադրամները։

Հայաստանի առաջին հանրապետությունը 1919-ին շրջանառության մեջ է դրել Պետբանկի Երևանի բաժանմունքի չեկեր, 1920-ի ամռանը՝ 1919-ով թվագրված թղթադրամներ՝ 50, 100 և 250 ռ. անվան․ արժեքներով։ Դրանց ձևավորումը կատարել են նկարիչներ Հակոբ Կոջոյանը և Արշակ Ֆեթվաջյանը, իսկ տպագրությունն իրականացվել է Լոնդոնում (“Waterlow and Sons Ltd” ընկերություն)։

Երկրում խորհրդային իշխանության հաստատումից հետո 1921-ին շրջանառության մեջ է դրվել ԽՍՀՄ Պետբանկի Երևանի բաժանմունքի 10.000 ռ. անվան, արժեքով չեկ։ Ավելի ուշ թողարկվել են 1921-ի նմուշի 5.000 և 10.000 ռ., 1922-ի նմուշի 25.000, 100.000, 1 մլն և 5 մլն ռ. անվան․ արժեքներով թղթադրամներ, ինչպես նաև 5 մլն ռ. արժողությամբ պարտագրեր։

1922-ին՝ Անդրկովկասյան Սոցիալիստ. Խորհրդային Հանրապետությունների Ֆեդերատիվ Միության (ԱՍԽՀՖՄ) ստեղծումից հետո, թողարկվել են 1.000, 5.000, 10.000,