Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

25.000, 50.000, 100.000, 250.000, 500.000, 1 մլն, 5 մլն և 10 մլն ռ. անվան․ արժեքներով դրամանիշներ։

1922-ի դեկա. 13-ին ԱՍԽՀՖՄ-ն վերակազմավորվել է Անդրկովկասի Խորհրդ. Ֆեդերատիվ Սոցիալիստ. Հանրապետության և 1923-ին թողարկել 25, 50, 75, 100, 250 մլն և 1 ու 10 մլրդ ռ. անվան․ արժեքներով թղթադրամներ։ Վերջինը շրջանառության մեջ չի դրվել։

Այդ դրամանիշները կարճ ժամանակով փոխարինել են իրար։ Իսկ 1920-ի դեկտ. 20-ի դեկրետով ՀԽՍՀ իշխանությունները երկրում պարտադիր են հայտարարել նաև ռուս․ խորհրդային դրամանիշների շրջանառությունը։

ԽՍՀՄ կազմավորումից (1922) հետո, 1924-ի ապրիլի 15-ի դրամ․ բարեփոխմամբ, Այսրկովկասում շրջանառության մեջ եղած բոլոր տիպերի դրամանիշները փոխարինվել են միութ. միասնական նմուշի դրամանիշներով, որոնք օգտագործվել են նաև ՀԽՍՀ-ում՝ մինչև հայկական դրամի ներմուծումը։

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՏՎԱԾԸ

Երկրի տնտեսության կարևոր ցուցանիշներից է միջազգային շուկայում նրա մասնակցության աստիճանը։ ՀՀ տնտեսության ներկա փուլում առաջնային է դարձել պետության արտաքին տնտեսական նպատակամետ քաղաքականությունը, որի խնդիրը ներքին շուկայի պաշտպանվածության ապահովումն է, արտաքին առևտրի ծավալների խթանումը։ Անկախացումից հետո ՀՀ-ն համաձայնագրեր է կնքել մի շարք երկրների հետ առևտրատնտեսական կապերի, փոխադարձ տնտեսական հարաբերությունների զարգացման, եկամուտների կրկնակի հարկումը բացառելու, փոխշահավետ տնտեսական համագործակցության խթանման նպատակով։

Համաշխ. տնտեսությանն ինտեգրվելու համար կարևոր էր հատկապես ՀՀ անդամակցությունն Առևտրի համաշխ. կազմակերպությանը (ԱՀԿ), որի լիիրավ անդամ է 2003-ի փետր-ից։

ԱՀԿ անդամակցության շնորհիվ զգալիորեն աճել են օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ծավալները, ընդունվել է «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը (1994), որով ՕՈՒՆ-ի նկատմամբ ՀՀ-ն իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն։

ՀՀ անկախացումից հետո արտաքին ապրանքաշրջանառության ծավալի աճ գրանցվել է 1994-ից՝ աշխարհի ավելի քան 90 երկրների հետ հաստատած տնտեսական կապերի շնորհիվ։ Սակայն ՀՀ-ի և նման երկրների համար արտաքին առևտրային գործառնությունների հաշվեմնացորդը, որպես կանոն, տարիներ շարունակ բացասական է։

ՀՀ-ի բաժինը համաշխ. առևտրում շատ փոքր է (0,00003 %-ը)։ Այդուհանդերձ, հանրապետության արտաքին առևտուրն ինչպես տարածաշրջ., այնպես էլ ապրանքային կառուցվածքով շատ խիստ կենտրոնացված է. գլխավոր 5 առևտրային գործընկերներին բաժին է ընկնում ողջ արտաքին առևտրի մոտ 80 %-ը։ ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքը 2007-10-ին ներկայացված է աղյուսակում։

2003-05-ին ՀՀ-ից ԵՄ արտահանման ծավալն աճել է 75,2 %-ով, ԵՄ-ից ՀՀ ներմուծման ծավալը՝ 53,7 %-ով։

2011-ին ՀՀ-ի և ԵՄ-ի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1608,2 մլն դոլար, որից արտահանումը՝ 607,4 մլն, ներմուծումը՝ 1000,8 մլն։

ՀՀ-ն, լինելով համաշխ. տնտեսության բաղկացուցիչ մաս, մասնակցում է նաև կապիտալի միջազգային միգրացիայի գործընթացներին՝ բացառապես որպես կապիտալ ներմուծող երկիր՝ հիմնականում ՕՈՒՆ-ի տեսքով, որոնք հնարավորություն են տալիս ներգրավելու լրացուցիչ միջոցներ, ժամանակակից տեխնոլոգիաներ և կառավարման առաջավոր փորձ, ստեղծվում են նոր աշխատատեղեր, զարգանում են արտաքին տնտեսական կապերը։

Աղյուսակ. ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքը 2008-10-ին (%)

Արտադրանք Ներմուծում Արտահանում
2008 2009 2010 2008 2009 2010
Ընդամենը 100 100 100 100 100 100
Կենդանիներ և կենդանական ծագման 0,9 2,2 2,3 2,8 2,9 2,7
Բուսական ծագման 2,1 2,8 1,5 5,3 6,0 5,7
Յուղեր և ճարպեր 0,0 0,0 0,0 1,2 1,6 1,3
Պատրաստի սննդի 15,9 14,0 12,6 7,9 8,0 8,2
Հանքահումքային 16,3 20,5 29,5 15,0 16,3 17,8
Քիմիական արտադրության 1,5 0,9 0,9 6,1 7,6 7,3
Պլաստմասսա, կաուչուկ, ռետին 1,8 1,4 1,5 4,2 3,9 4,0
Կաշի և կաշվե իրեր 0,3 0,3 0,2 0,2 0,2 0,2
Փայտ և փայտե իրեր 0,1 0,1 0,1 1,6 1,5 1,5
Թուղթ և թղթե իրեր 0,2 0,2 0,1 1,8 2,0 1,8
Մանածագործական 3,8 2,1 0,6 3,5 2,8 3,3
Կոշկեղեն, հովանոցներ, գլխարկ 0,1 0,1 0,1 0,7 0,7 0,9
Իրեր քարից, գիպսից, ցեմենտից 1,3 1,9 1,5 2,6 2,2 2,2
Թանկարժեք քարեր և մետաղներ 16,4 14,8 12,9 6,9 3,2 4,2
Ոչ թանկարժեք մետաղներ և իրեր 32,8 32,5 31,9 9,5 11,3 9,8
Մեքենաներ և սարքավորումներ 3,8 3,0 2,9 14,6 18,9 17,4
Տրանսպորտային միջոցներ 0,6 1,8 0,5 13,0 7,3 7,9
Սարքեր, ապարատներ 1,7 1,1 0,7 1,3 1,6 1,9
Արդյունաբերական տարբեր արտադրանքներ 0,1 0,2 0,2 1,9 1,9 1,9
Արվեստի գործեր, հնաոճ իրեր 0,1 0,1 0,1 0,0 0,0 0,0