աստիճան՝ բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի (գործում է 1995-ից, առաջինը ներդրվել է ՀՊՃՀ-ում և ԵՊՀ-ում)։ Բակալավրի աստիճան շնորհվում է միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող և առնվազն քառամյա բարձրագույն մասնագիտական կրթություն ստացած անձանց։ Դիպլոմավորված մասնագետի աստիճան շնորհվում է միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող և առնվազն հնգամյա բարձրագույն մասնագիտական կրթություն ստացած անձանց։ Մագիստրոսի աստիճան շնորհվում է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող անձանց՝ մեկ կամ երկու տարի բարձրագույն մասնագիտ. կրթ. ծրագրով ատեստավորման արդյունքում։
Ներկայումս ՀՀ-ում կան 23 պետ. և շուրջ 40 ոչ պետ. բուհեր, որտեղ 2010-11 ուս. տարում սովորել է շուրջ 115 հզ. ուսանող, պատրաստվել շուրջ 23.500 մասնագետ։ ՀՀ բուհերում սովորում են նաև ավելի քան 3100 օտարերկրացի ուսանողներ։
Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) Հայաստանի մայր բուհն է, հիմնադրվել է 1919-ի մայիսի 16-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության Կառավարության որոշմամբ. բացվել է 1920-ի հունվ-ին։ Երևանում համապատասխան շենք չլինելու պատճառով ժամանակավորապես գործել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), ունեցել է մեկ՝ պատմալեզվագր. ֆակուլտետ։ 1920-ի հունիսին տեղափոխվել է Երևան, սակայն երկրի քաղաքական ծանր իրավիճակի պատճառով պարապմունքները վերսկսվել են 1921-ին՝ հանրապետությունում խորհրդ. իշխանության հաստատումից հետո, բացվել են գյուղատնտեսական, արևելագիտական, տեխ., բժշկ., տնտեսագիտ. ֆակ-ները։ 1920-22-ին կոչվել է Երևանի ժող. համալսարան, 1923-30-ին՝ Հայաստանի պետական համալսարան։ 1930-ին ԵՊՀ-ն լուծարվել է, ֆակ-ների հիմքի վրա ստեղծվել են ներկայիս ՀՀ բուհերից մի քանիսը։ Վերակազմավորվել է 1933-ին։
1933-ին հիմնադրվել է ԵՊՀ-ի աստղադիտարանը՝ առաջին աստղագիտական հիմնարկը Հայաստանում, որի հիման վրա 1946-ին ստեղծվել է Բյուրականի աստղադիտարանը։
1992-ից ԵՊՀ-ն ինքնավար կրթ., գիտ. և մշակութ. հաստատություն է։ Ունի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և երկրաբանության, տնտեսագիտության, պատմության, միջազգային հարաբերությունների, սոցիոլոգիայի, փիլ-յան և հոգեբանության, հայ բանասիրության, ռոմանագերմ. բանասիրության, ռուս բանասիրության, արևելագիտության, իրավագիտության, ինֆորմատիկայի և կիրառ. մաթեմատիկայի, աստվածաբանության, ժուռնալիստիկայի ֆակ-ներ, ինչպես նաև միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի միջֆակուլտետային ամբիոն՝ «Սինոփսիս Արմենիա» ուսումնական ֆակ-ի շրջանակներում, արտասահմ. քաղաքացիների նախապատրաստ. և բուհերի դասախոսների որակավորման ֆակ- ներ։ 1994-95 ուս. տարվանից գործում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ 4 ֆակ-ով (բակալավրի ծրագրով)։
ԵՊՀ ասպիրանտուրայում (բացվել է 1928-ին) գործում են ատենախոսության պաշտպանության 10 մասնագիտական խորհուրդներ, նաև դոկտորանտուրա։
Ունի հարուստ գրադարան (տես Գրադարաններ հոդվածում), 1927-ից գործում է ԵՊՀ հրատարակչությունը, լույս են տեսնում «Երևանի համալսարան» (1955-ից) պաշտոնաթերթը, «Բանբեր Երևանի համալսարանի» (1967-ից) հանդեսը, այլ գիտ. պարբ-ներ, հրատարակություններ, ԵՊՀ պատմության թանգարանը, մարզահամալիրը, ուսխորհուրդ, ակումբներ, ինքնագործ խմբեր, ստուդիաներ ևն:
ԵՊՀ-ն համագործակցում է 25 երկրի 70-ից ավելի համալսարանների և գիտական կենտրոնների հետ։
2010-11 ուս. տարում ԵՊՀ-ում սովորել է ավելի քան 18 հզ. ուսանող։
ԵՊՀ-ի ռեկտորներ են եղել Յուրի Ղամբարովը (1919-20), Հակոբ Մանանդյանը (1921-22), Դավիթ Զավրիյանը (1922), Հակոբ Հովհաննիսյանը (1922-30), Տիգրան Մուշեղյանը (1933-35), Վռամ Կոստանյանը (1935-37), Միքայել Ենգիբարյանը (1937-ի հունվ-ապրիլ), Հենրի Գաբրիելյանը (1937-ի ապրիլ-օգոստ.), Անուշավան Արզումանյանը (1937-ի օգոստ-սեպտ.), Նորայր Դաբաղյանը (1937-ի հոկտ-նոյեմբ.), Կամսար Առաքելյանը (1937-ի նոյեմբ-1938), Գարեգին Պետրոսյանը (1938-41 և 1949-57), Հրաչյա Բունիաթյանը (1942-46), Հովհաննես Պողոսյանը (1947-48), Գագիկ Դավթյանը (1957-61), Նագուշ Հարությունյանը (1961- 1963), Հրանտ Բատիկյանը (1963-66), Մկրտիչ Ներսիսյանը (1966-77), Սերգեյ Համբարձումյանը