Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2010-11 ուսումնական տարում համալսարանում սովորել է շուրջ 2,5 հազար ուսանող։

Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր է եղել Հրանտ Հակոբյանը (1993- 2006), 2006-ից Ռուզաննա Հակոբյանն է։

Գորիսի պետական համալսարանը ՀՀ-ի հարավային տարածաշրջանի միակ պետական բուհն է։ Կազմավորվել է 2006-ին՝ ՀՊՄՀ-ի և ՀՊՃՀ-ի մասնաճյուղերի հիմքի վրա։ Ունի ճարտարագիտական, մանկավարժ. բնագիտ., մանկավարժ. հումանիտար մասնագիտությունների դեպարտամենտներ և պատմաիրավագիտության ֆակուլտետ։

2010-11 ուսումնական տարում համալսարանում սովորել է շուրջ 2 հազար ուսանող։

Գորիսի պետական համալսարանի հիմնադիր ռեկտորը Յուրի Սաֆարյանն է (2006-ից)։

ՀՀ-ում գործում են նաև շուրջ 40 ոչ պետական բուհեր՝ «Անանիա Շիրակացի», «Գլաձոր», «Հրաչյա Աճառյան», «Գալիք», «Հայբուսակ», «Հյուսիսային», «Մանց», «Ուրարտու», Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան, Երևանի Մովսես Խորենացու անվ․ Կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների, Գյուղատնտեսական, Ավանդ․ բժշկության, Մենեջմենթի համալսարանները, Գեղեցիկ արվ-ների ազգային, Հեռուստատեսության և ռադիոյի ակադ-ները, Հայկական բժշկ., Հումանիտար, Մեհրաբյանի անվան բժշկ. ինստ-ները և այլն։

Հետբուհական կրթություն

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի շենքը ՀՀ-ում բակալավրիատից և մագիստրատուրայից հետո՝ որպես Բոլոնիայի գործընթացի երրորդ փուլ, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված են ասպիրանտուրան և դոկտորանտուրան։ Հետբուհ. մասնագիտական կրթությունն իրականացվում է բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) հիմքի վրա՝ ասպիրանտի, դոկտորանտի, հայցորդի ծրագրով, առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատ) ուսուցման ձևերով։

Ասպիրանտը բարձրագույն մասնագիտական (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) կրթություն ունեցող, հետբուհ. կրթական ծրագրով ուսումնառությունն ասպիրանտուրայում շարունակող և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձն է, որը հետբուհ. մասնագիտական կրթական ծրագրով ատեստավորման արդյունքում կարող է ստանալ հետազոտողի որակավորման աստիճան։

Դոկտորանտը գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձն է։

Հայցորդը բարձրագույն մասնագիտական կրթություն (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) ունեցող և առանց ասպիրանտուրայում սովորելու գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող կամ գիտությունների թեկնածուի գիտականաստիճան ունեցող և գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձն է, որը սահմանված կարգով կցված է հետբուհ. մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությանը։

Ընտրված գիտական թեմաների, գիտական հետազոտությունների հետ կապված աշխատանքներ կատարելիս ասպիրանտները, հայցորդները և դոկտորանտները բուհերի ու հետբուհ. մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների գիտամանկավարժ. և գիտական աշխատողների հետ հավասարապես օգտվում են լաբորատորիաներից, սարքավորումներից, ուսումնամեթոդական կաբինետներից, գրադարաններից, ինչպես նաև գործուղումների իրավունքից։

Հետբուհ. լրացուցիչ կրթությունը մասնագիտական կրթության հիմքի վրա հիմն. կրթական ծրագրերից դուրս մասնագիտական որակները կատարելագործող, մասնագիտական վերաորակավորումն ապահովող, մասնագիտական որակավորումն անընդհատ լրացնող կրթություն է. իրականացվում է ՀՀ բուհերի համապատասխան բաժիններում կամ հետբուհ. լրացուցիչ կրթությունը կազմակերպող հաստատություններում։

2010-ին ՀՀ գիտական հաստատություններում սովորել է 411 ասպիրանտ (277-ը՝ առկա ուսուցմամբ), բուհերում՝ 982 ասպիրանտ (455-ը՝ առկա ուսուցմամբ), գիտական հաստատություններում թեկնածուական ատենախոսություն պաշտպանել են 78-ը, բուհերում՝ 112-ը։

Էլմիրա Մարգարյան