Հայկական լեռնաշխարհում գիտական գիտելիքի սաղմերը ձևավորվել են մարդկային հասարակության արշալույսին, առաջին վկայություններից են ժայռապատկերները (Արագած, Գեղամա լեռներ և այլն), որոնք ստեղծվել են մ. թ. ա. VII-II հազարամյակներում և արտացոլում են նախնադարյան մարդու պարզունակ պատկերացումները բուս․ ու կենդ․ աշխարհների, երկնային մարմինների վերաբերյալ։ Հնագիտական պեղումները հավաստում են Հայկական լեռնաշխարհում երկրագործության ու անասնապահության, արհեստների, շին. տեխնիկայի (կիկլոպյան կառույցներ, ամրոցաշինություն) զարգացման մասին։ Պաշտամունքային նշանակություն ունեցող շինությունները ցույց են տալիս նաև աստղագիտական գիտելիքների մակարդակը։ Հայկական լեռնաշխարհը մետաղի մշակման հնագույն կենտրոններից է։ Ուրարտ. շրջանի հնավայրերում (Կարմիր բլուր, Արինբերդ, Արմավիր) հայտնաբերվել են մետաղե գործիքներ, զենքեր, կենցաղային իրեր և այլն։ Մետաղագործության հիման վրա զարգացել են արհեստները, կատարելագործվել ռազմ․ և շին. տեխնիկան, երկրագործությունը։ Մ. թ. ա. I դ-ում ուժեղացել է հելլենիստ. մշակույթի ազդեցությունը, որը բարերար ներգործություն է ունեցել նաև հետհելլենիստ. դարաշրջանում և գոյատևել է մինչև IV դ.։
Գիտության նշանակալի վերելք է սկսվել հայոց գրերի գյուտից հետո, որը մեծապես ազդել է հոգևոր կյանքի վրա և վճռական դեր կատարել հայ ժողովրդի ճակատագրում, ստեղծվել է ինքնուրույն և թարգման․ հարուստ գրականություն, սկզբնավորվել է պատմագրությունը (Կորյուն, Ագաթանգեղոս, Մովսես Խորենացի, Փավստոս Բուզանդ, Եղիշե, Ղազար Փարպեցի և ուրիշներ)։ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի ջանքներով բացվել են բազմաթիվ դպրոցներ, որոնց շրջանավարտները կրթությունը շարունակել են Ալեքսանդրիայում, Աթենքում և այլն։ Սկզբնավորված Թարգմանչաց շարժումը (V դ.) դարձել է այլ ժողովուրդների հետ հոգևոր շփման, գիտության հետագա զարգացման կարևոր միջոց։ Սկզբն. շրջանում առավել զարգացել է քրիստ. աստվածաբանությունը (ջատագովությունը, հայրաբանությունը), մյուս գիտությունները ձևավորվել են աստիճանաբար։
Հետևելով անտիկ աշխարհում ընդունված գիտությունների դասակարգմանը՝ Դավիթ Անհաղթը (V-VI դդ.) գիտությունների նախապատրաստական աստիճանում դրել է քերակ-ը, ճարտասանությունը և տրամաբանությունը, վերջինս դիտում է որպես փիլ-յան բաղկացուցիչ մաս և գործիք։ Փիլ-յան տես. մաս է համարել բնագիտությունը, մաթեմատիկան և աստվածաբանությունը, գործնական մաս՝ բարոյագիտությունը, տնտեսագիտությունը և քաղաքականությունը։
Գիտությունների այս դասակարգումը միջնադարյան Հայաստանում դարձել է գիտությունների ուսուցման և զարգացման հիմքը։ Եզնիկ Կողբացին վերականգնել է հուն․ բնափիլ-յան ավանդույթները, իսկ միջնադարյան հայ փիլ-յան բնագիտական ուղղության հիմնադիր Անանիա Շիրակացին (VII դ.) շարունակել է անտիկ գիտության ավանդույթները։ Նա գիտականորեն բացատրել է Արեգակի և Լուսնի խավարումները, մակընթացությունն ու տեղատվությունը, պաշտպանել Երկրի գնդաձևության մասին տեսակետը, գրել թվաբանության առաջին դասագիրքը։ Հայաստանի և բազմաթիվ այլ երկրների մասին արժեքավոր տեղեկություններ է պարունակում նրա «Աշխարհացոյց» աշխատությունը։
Գիտության բուռն վերելք է նկատվել IX-XIII դդ-ում, որը հայտնի է, որպես հայկական Վերածննդի դարաշրջան, դա պայմանավորված էր երկրի քաղաքական անկախության վերականգնումով և տնտեսական կյանքի ծաղկմամբ (քաղաքների զարգացում, առևտրի ընդլայնում)։ Այս փուլում մշակույթի բոլոր բնագավառների զարգացմանը զուգընթաց արագորեն զարգացել է բնագիտական միտքը, շարունակվել են Անանիա Շիրակացու բնագիտական ավանդույթները և հաստատվել բնությունն ինքն իրենով բացատրելու միտումները։ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին (XI դ.) թարգմանել է Էվկլիդեսի «Սկզբունքներ» երկը, Հովհաննես Սարկավագը (Իմաստասեր, XI-XII դդ.) ստեղծել է մաթեմատիկային ու աստղագիտությանը նվիրված մի շարք աշխատություններ։ Զարգացման բարձր մակարդակի են հասել բժշկագիտությունն