Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու կենսբ. միտքը (Մխիթար Հերացի, Ամիրդովլաթ Ամասիացի), ինչպես նաև ալքիմիան, որը հիմնված էր ժամանակի բնագիտական գիտելիքների վրա։

Մխիթար Գոշն ու Սմբատ Սպարապետը (Գունդստաբլ) իրենց դատաստանագրքերում արծարծել են մի շարք առաջադիմական սկզբունքներ։ Գիտության զարգացման կենտրոններ են դարձել Գլաձորի, Տաթևի, Աևիի, Սանահինի, Հաղպատի համալսարանները, որտեղ աստվածաբանությանը զուգընթաց զարգանում էին ժամանակի բոլոր գիտությունները։

Հայաստանում գիտության հետագա զարգացումը մեծապես խոչընդոտել են ներքին և արտաքին անբարենպաստ պայմանները (պետականության կորուստ, արտադրող․ ուժերի անկում, զանգվածային արտագաղթ և այլն)։ XVII դ-ում աստիճանաբար սկսել են վերականգնվել ընդհատված ավանդույթները։ Գիտության զարգացմանը նպաստել են հատկապես տպագրության տարածումը և եվրոպ. առաջադիմ. գաղափարների ներթափանցումը Հայաստան։ Թարգմանվել և հրատարակվել են եվրոպ. մտածողների երկեր, ստեղծվել են նոր գործեր։ XVIII դ-ում լուսավոր․ և գիտական լայն գործունեություն է ծավալել Վենետիկի Մխիթարյան միաբանությունը, որը մեծապես նպաստել է գիտական գիտելիքների զարգացմանն ու տարածմանը և հայագիտական հետազոտությունների հիմքը դրել։ Գիտության հետագա զարգացման համար արգասավոր էր Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, որով հնարավորություններ են ստեղծվել առնչվելու ռուս․ առաջադեմ գիտական գաղափարներին, ուսանելու Ս. Պետերբուրգի, Մոսկվայի, Կազանի և հայտնի այլ ուսումնական հաստատություններում։ Արևելագիտական և հայագիտական հետազոտությունների խոշոր կենտրոն է դարձել Մոսկվայի Լազարյան ճեմարանը։

Հայ ժողովրդի պատմ. զարգացման առանձնահատկությունները (արլ. և արմ. հատվածների գոյացումը, գաղթավայրերի ստեղծումը և այլն) իրենց կնիքն են դրել նաև գիտական հետազոտությունների հետագա ընթացքի վրա։ Արևմտյան Հայաստանը կողմնորոշվել է դեպի արևմտաեվրոպ., իսկ Արևելյան Հայաստանը՝ դեպի ռուս․ քաղաքակրթությունը։ Մի շարք գաղթավայրերում (Կ. Պոլիս, Հնդկաստան, Նոր Ջուղա, Թիֆլիս, Մոսկվա, Նոր Նախիջևան և այլն) բարենպաստ պայմաններ են ստեղծվել հայ հոգևոր կյանքի զարգացման համար, հիմնադրվել են տպարաններ, դպրոցներ, հրատարակվել թերթեր, հանդեսներ։

XX դ-ի սկզբին խաթարվել է գիտության զարգացման բնականոն ընթացքը Արևմտյան Հայաստանում, որտեղ թուրք․ բռնապետության հայաջինջ քաղաքականության զոհն է դարձել առաջին հերթին հայ մտավորականությունը։

Գիտության զարգացման համար առավել նպաստավոր պայմաններ են ստեղծվել Հայաստանում պետականության վերականգնումից հետո, երբ հիմնադրվել է ԵՊՀ-ն (1919), ապա՝ խորհրդայնացումից հետո, երբ համալսարանը 2-րդ անգամ վերաբացվել (1920-ի դեկտ.) և վերածվել է գիտական կադրերի պատրաստման ու գիտական հետազոտությունների հիմն․ կենտրոնի։ Նրա հիմքի վրա ստեղծվել են գիտական նոր կենտրոններ, ուսումնական հաստատություններ, ԳՀԻ-ներ ու լաբորատորիաներ։ 1935-ին բացվել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղը (ԱրմՖԱՆ, նախագահներ՝ Ֆրանց Լևինսոն Լեսինգ՝ 1935-38, Հովսեփ Օրբելի՝ 1938-43), որի հիման վրա 1943-ին՝ ՀԽՍՀ ԳԱ-ն։ Մեծ թափ են ստացել տես. հիմնարար, ինչպես և կիրառ. հետազոտությունները, զարգացել է հայագիտությունը, հատկապես կարևորվել է գիտական կադրերի պատրաստումը։ ՀԽՍՀ գիտատեխ. ներուժը, լինելով ԽՍՀՄ գիտատեխ. ներուժի բաղկացուցիչ մասը, ձևավորվել և զարգացել է որպես սոցիալ-տնտեսական վերակառուցումների օրգ. մաս։

ՀԽՍՀ գիտնականները համագործակցել են միութ. հանրապետությունների ու ԽՍՀՄ գիտական կենտրոնների հետ, ձեռնամուխ են եղել հանրապետության ժողտնտեսության կարևորագույն հիմնախնդիրների լուծմանը։ Գիտությունը վերածվել է անմիջական արտադրական ուժի և գիտատեխ. առաջադիմության հիմն․ գործոնի։

1987-ին գիտության ոլորտում զբաղված էր շուրջ 21 հազար գիտաշխատող։ Հայաստանում գործել են ավելի քան 100 ԳՀԻ-ներ, 200 կոնստրուկտոր․ և հատուկ կոնստրուկտոր․ բյուրոներ։

ՀԽՍՀ ԳԱ ենթակայության համակարգից դուրս մեծածավալ գիտական աշխատանք կատարվել է նաև զանազան նախարարությունների ու գերատեսչությունների ԳՀ հիմնարկներում։ Գործել են մի շարք միութ. կամ համամիութ․