Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրավիտացիոն ճառագայթման ֆոնը 0,1-1 Հց տիրույթում մեկ կարգով է պակաս գործող գրանցիչների զգայունության շեմից (Արմեն Սեդրակյան, Դ. Սեդրակյան)։

Նյութի հետ լիցքավորված մասնիկների փոխազդեցության ֆիզիկա։ Անցնելով նյութի միջով՝ լիցքավորված մասնիկները փոխազդում են նյութի էլեկտրոնների ու միջուկների հետ և ճառագայթում են, որի պարամետրերը կառավարելի դարձնելու ուղղությամբ Հայաստանում հետազոտություններ են կատարվել սկսած 1950-ական թթ-ից։ 1953-ին Միքայել Տեր-Միքայելյանն առաջին անգամ ձևակերպել է այն պայմանները, երբ ռելյատիվիստիկ. լիցքավորված մասնիկի արգելակման ճառագայթումը բյուրեղում դառնում է կոհերենտ, և ցույց է տվել, որ ամորֆ միջավայրում արգելակման ճառագայթման և զույգերի ծնման կտրվածքների աճը սահմանափակ է (Խտության երկայնական էֆեկտ կամ Տեր-Միքայելյանի էֆեկտ)։ Նրա կանխագուշակումները փորձով հաստատվել են ԱՄՆ-ում, Իտալիայում, Գերմանիայում և Ճապանիայում։ 1963-ին արգելակման բևեռացված կոհերենտ ճառագայթման ստացման եղանակ են առաջարկել Վիգեն Թումանյանը և Ֆաբլյուխ Հարությունյանը։

Անցումային ճառագայթման հատկությունների ուսումնասիրման բնագավառում կատարված հիմնարար աշխատանքներից է ռենտգենյան տիրույթում անցումային ճառագայթման հնարավորության տես. հիմնավորումը (Գ. Ղարիբյան, Յան Շի)։ Մ. Տեր-Միքայելյանը և աշխատակիցները զարգացրել են դիէլեկտրիկ ընկալունակության տարածության մեջ պարբեր. փոփոխությամբ օժտված միջավայրում շարժվող լիցքավորված մասնիկի այսպես կոչված ռեզոնանսային ճառագայթման տեսությունը։ Նշված հետազոտությունները կարևոր կիրառ. նշանակություն են ունեցել բարձր էներգիաների ֆիզիկայի համար, որին մեծապես նպաստել են նաև Անդրեյ Ամատունու, Ալֆրեդ և Էդմոն Գազազյանների, Բաբկեն Խաչատրյանի, Նաթան Ղորխմազյանի, Հովհաննես Մերգելյանի, Յան Շիի, Րաֆֆի Բաղյանի և ուրիշներ աշխատանքները։ (Տես նաև Կիրառական բնույթի հետազոտություններ, գիտական սարքաշինություն)։ Հայ ֆիզիկոսները դարձել են այս ուղղության ճանաչված առաջատարները, և աշխարհում տպագրված աշխատանքների գրեթե կեսը բաժին է ընկել հայ գիտնականներին։ Ստացված արդյունքներն ամփոփվել են Մ. Տեր-Միքայելյանի «Միջավայրի ազդեցությունն էլեկտրամագնիսական պրոցեսների վրա՝ բարձր էներգիաների պայմաններում» (ռուս․, անգլ.՝ 1969, ԱՄՆ) և Գ. Ղարիբյանի, Յան Շիի «Ռենտգենյան անցումային ճառագայթում» (ռուս․, 1983) մենագրություններում։

1970-ական թթ-ին Համլետ Ավետիսյանը, Բաբկեն Խաչատրյանը, Վիլիկ Հարությունյանը, Սերգեյ Հովհաննիսյանը և Դ. Սեդրակյանը մշակել են անհամասեռությունների վրա լիցքավորված մասնիկների ճառագայթման տեսության առանձին հարցեր։

1990-ական թթ-ին Ալպիկ Մկրտչյանը և նրա աշխատակիցները ցույց են տվել, որ գերձայնով հնարավոր է մոդուլացնել այն ճառագայթումը, որն առաջանում է լիցքավորված մասնիկի բյուրեղում խուղակավորման (կանալավորում) էֆեկտի շնորհիվ։

ՌՖԷԻ-ում տեսականորեն պարզաբանվել են շերտավոր միջավայրերում անցումային ճառագայթման էներգիական և սպեկտրային բնութագրերը, զարգացվել են պլազմայում լիցքավորված մասնիկների շարժմամբ պայմանավորված արգելակային և արագացման շարժընթացների, ֆեռո- և հակաֆեռոմագնիսներում մակերևութային ալիքների տարածման, ուժեղհոսանքային էլեկտրոնային փնջերի պլազմային անկայունության, նաև պատահական անհամասեռություններով օժտված միջավայրերում դիֆուզային ճառագայթման տեսությունները (Վլադիմիր Առաքելյան, Ժիրայր Գևորգյան, Հրաչյա Ներսիսյան, Էդուարդ Ռոստոմյան, Ռոլանդ Թարխանյան)։ Տեսականորեն հետազոտվել են բացաս. բեկման ցուցիչով նանոկառուցվածքների հատկությունները, բացահայտվել այն պայմանները, որոնց դեպքերում այդ կառուցվածքները դրսևորվում են որպես մետանյութեր (Ռ. Թարխանյան)։

Տարրական մասնիկների տեսություն։ Այս բնագավառում Հայաստանում աշխատանքներն սկսվել են 1950-ական թթ-ի սկզբին և կենտրոնացվել ՀԽՍՀ ԳԱ Ֆիզիկայի ինստ-ում։ Էլեկտրոնի արգելակման ճառագայթմանը և զույգերի առաջացմանը վերաբերող առաջին աշխատանքները կատարել են Գ. Սահակյանը, Գ. Ղարիբյանը, Լևոն Աֆրիկյանը, Վ. Թումանյանը, Ֆ. Հարությունյանը և ուրիշներ։ ԵՖԻ-ի տես. բաժանմունքի ղեկավար Սերգեյ Մատինյանի գլխավորությամբ հետազոտություններ են ծավալվել տարր․ մասնիկների տեսության և հարակից բնագավառներում։ Քվանտային քրոմոդինամիկայի (ՔՔԴ) բնագավառում Գեորգի Սավվիդին և Սերգեյ Մատինյանը հայտնաբերել են գլյոտնային կոնդենսացման երևույթը՝ հիմն, վիճակի էներգիայի նվազումը գլոտնային դաշտում, և ոչ աբելյան տրամաչափային դաշտերի դինամիկ․ ստոխաստիկությունը։ ԵՖԻ-ի տեսաբաններն արժեքավոր արդյունքներ են ստացել В-մեզոնների ֆիզիկայի բնագավառում, դրանց հազվագյուտ տրոհումների ՔՔԴ-ի բարձր կարգի ուղղումների հաշվարկը հնարավորություն է տվել ճշգրիտ կանխագուշակումներ կատարելու այդ տրոհումների լայնության և այլ պարամետրերի վերաբերյալ, որը փորձարար․ տվյալների հետ հնարավորություն է տալիս սահմանափակումներ ստանալ ստանդարտ մոդելի պարամետրերի, նաև ստանդարտ մոդելից այն կողմ գտնվող ֆիզ. երևույթների համար (Հրաչյա Ասատրյան)։ Կարևոր արդյունքներ են ստացվել ցածր չափողականությունների մոդելների ուսումնասիրություններում։ Հրաչյա Բաբուջյանը հայտնագործել է Հայզենբերգի միաչափ XXX և XXZ մոդելների ընդհանրացումը կամայական սպինի դեպքում և ուսումնասիրել է դրանց թերմոդինամիկ. հատկությունները։ Տրված է եռաչափ Իզինգի մոդելի լարային ներկայացումը, և սահմանված