Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(«Համառօտ արուեստաբանութիւն ու նորանոր հնարք», 1830), Մատթեոս Սաղաթելյանցի («Համառօտ բնական գիտութիւն», 1842), Մադաթիա Գարագաշյանցի («Նկարագիր ուսմանց», 1845), Բարսեղ Նուրիճանյանի («Փորձառական բնագիտութիւն կամ Ֆիզիկա», 1856) բնագիտական բնույթի գրքերում, որտեղ քիմիան ներկայացվել է որպես մարմինների բաղադրությունը զննելու («անդամազննություն»), մարմինները ճանաչելու և բաղադրելու գիտություն։ Այդ և հետագա շրջանի քիմ․ գրակ-յան մեջ «քիմիա» տերմինի փոխարեն (ըստ Հ. Աճառյանի՝ այն «քեմիա» ձևով առաջինն օգտագործել է Սամուել Անեցին XII դ-ում) գործածվել են նրա հայերեն համարժեքները՝ տարրաբանություն, տարրագիտություն, տարրախուզություն, բնալուծություն և այլն։

1815-30-ին գործն․ քիմիայի ուշագրավ ուսումնասիրություններ է կատարել Էջմիածնի միաբանության անդամ Սահակ Տեր-Գրիգորյանը (Ծաղկարար), որն զբաղվել է արարատյան որդան կարմիրից ներկանյութ ստանալու խնդրով։ Մշակել է որդի ճարպազերծման և ներկի լուծահանման եղանակներ, որոնց շնորհիվ նրան հաջողվել է անջատել տարբեր երանգների գունանյութեր։

Զուտ քիմիային վերաբերող առաջին հայերեն գիրքը Հովհաննես Վահանյանի «Սկզբունք քիմիական գիտութեան» (1853) ձեռնարկն է, որտեղ շարադրված են ընդհանուր և անօրգ. քիմիայի հիմն․ հարցերը, տրված են հայտնի 62 քիմիական տարրերի նկարագրությունն ու ֆիզ-քիմ․ հատկությունները, նկարագրված քիմիական նպատակներով գործածվող ֆիզիկական գործիքները, քիմիական նոմենկլատուրայի («անվանադրություն») սկզբունքները։ 1852-53-ին «Բազմավեպ» ամսագրում տպագրվել է Օգսենտի Գուրգենյանի «Սկզբունք բնալուծութեան» խորագրով հոդվածաշարը, որտեղ համակարգված սկզբունքներով ներկայացված է ժամանակի քիմիական (անօրգ.) գիտությունը։

1870-ին լույս է տեսել Մանուել Քաջունու եռահատոր գիրքը՝ «Տարրաբանութիւն տեսական եւ արուեստական», որի առաջին 2 հատորները վերաբերում են անօրգ., երրորդը՝ օրգ. քիմիային։ Գրքում հարուստ տեղեկություններ կան նաև քիմիական գիտության պատմության մասին։ Գիրքը, սակայն, լայն գործն․ կիրառություն չի ունեցել գրաբարով գրված լինելու պատճառով։

1891-ին տպագրվել է Պողոս Գաֆթանի երկհատոր «Նոր տարրաբանութիւնը», որի առաջին հատորը վերաբերում է մետաղներին և մետաղակերպ մարմիններին, իսկ երկրորդը՝ օրգ. և, մասնավորապես, տնտեսության մեջ հաճախ գործածվող նյութերին։

XIX դ-ի վերջին կատարվել են նաև քիմիական գրքերի թարգմանություններ («Բնալուծություն Բեյլնշտեյնի», 1885, պրոֆ. Րոսկոյի «Քիմիա», 1892)։

XIX դ-ի վերջին-XX դ-ի սկգբին Եվրոպայում քիմիայի զարգացման մեջ իրենց ծանրակշիռ ավանդն ունեն լուսաքիմիայի հիմնադիր, պիրոլի քիմիայի սկզբնավորող Լուիջի Չամիչյանը (Բոլոնիա, Իտալիա) և վերլուծ. քիմիայի ճանաչված մասնագետ Հարություն Աբելյանը (Ցյուրիխ, Շվեյցարիա)։

Հայաստանում քիմիայի գիտական առաջին օջախն ստեղծվել է 1921-ին ԵՊՀ-ում, որտեղ աշխատելու են հրավիրվել ականավոր քիմիկոսներ Ստեփան Ղամբարյանը, Պապա Քալանթարյանը, Հակոբ Հովհաննիսյանը, Լևոն Ռոտինյանը, Հովհաննես Ակունյանը և ուրիշներ։ Նրանց ջանքերով ձևավորվել է հայկական քիմիայի նոր դպրոցը։ Ուումնասիրության առարկա են դարձել այդ շրջանում տնտեսության համար կարևոր հարցերը, հետազոտվել են Արարատյան դաշտի կրաքարերը, կավահողերը, մերձարաքսյան ճահիճները, բազալտներն ու դրանց հալման արգասիքները։

1926-ին լույս է տեսել Վահագն Դեմիրչօղլյանի «Արժեքականությունը և ատոմների կառուցվածքը» (ռուս․) մենագրությունը, որտեղ հեղինակն առաջինն է կռահել ծանր ջրածնի՝ դեյտերիումի գոյությունը և այն անվանել «արմենիում»։ Տվել է տարրերի հատկությունների պարբերականության սեփական բացատրությունը՝ ծանոթ չլինելով Դ. Ի. Մենդելեևի աշխատանքներին։

1935-ին ստեղծվել է ԽՍՀՄ ԳԱ հայկ․ մասնաճյուղի՝ ԱրմՖԱՆ-ի քիմ․ լաբորատորիան՝ անօրգ., օրգ., ֆիզ-քիմ․ և կենսբ. քիմիայի բաժիններով։ Քիմիական գիտության զարգացումը Հայաստանում լայն թափ է ստացել ՀԽՍՀ ԳԱ ստեղծումից (1943) հետո, երբ հիմնադրվել են քիմիական տարբեր հարցերով զբաղվող ակադեմ. ինստ-ներ։ Քիմիական ուսումնասիրություններ են ծավալվել բուհերի համապատասխան ամբիոններում և դրանց կից պրոբլեմային լաբորատորիաներում։

ՀՀ-ում զարգացել են հատկապես անօրգ. քիմիան, օրգ. քիմիան, դեղագործ, քիմիան, վերլուծ. քիմիան, ֆիզքիմիան, քիմֆիզիկան, պոլիմերների քիմիան, քիմիական տեխնոլոգիան, էկոլոգ. քիմիան և կենսատեխնոլոգիան։

Անօրգանական քիմիա

Անօրգանական քիմիայի զարգացումը հանրապետությունում պայմանավորվել է հիմնականում տեղական հանք․ և ոչ հանք․ հումքի վերամշակման անհրաժեշտությամբ։ Առաջին գործն․ հետազոտությունները վերաբերել են բազալտի հալման և բյուրեղացման օրինաչափություններին (Լևոն Ռոտինյան և ուրիշներ), որոնց արդյունքում Երևանում ստեղծվել է բազալտի փորձն․ (հետագայում՝ մուլիտի) գործարանը։

1930-ական թթ-ին ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի քիմիայի լաբորատորիայում կատարվել են նեֆելինային սիենիտների հետազոտություններ (Մանվել Մանվելյան և ուր․), որոնք շարունակվել են ՀԽՍՀ ԳԱ Քիմիայի (1970-ից՝ Ընդհանուր և անօրգ. քիմիայի) ինստում։ Այդ աշխատանքների հիման վրա մշակվել են նեֆելինային սիենիտների հիմնային ջրաջերմամշակմամբ այլումինի և սիլիցիումի օքսիդների, նատրիումի