Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նոր՝ արժեքավոր հատկություններով օժտված դասեր (Ա. Բաբայան, Մ. Ինճիկյան, Է. Չուխաջյան, Կ. Թահմազյան և ուրիշներ)։ Բացահայտվել է լուծիչներում և չոր հիմքի առկայությամբ Ստիվենսի և Սոմլեի ռեակցիաների իրականացման հնարավորությունը (Ս. Քոչարյան)։ Այդ հետազոտությունների արդյունքներն ամփոփվել են Ա. Բաբայանի «Ամոնիումի քառատեղակալված աղերի ներմոլեկուլային վերախմբավորումները» (ռուս․, 1976) մենագրության մեջ։

Սարգիս Վարդանյանի ղեկավարությամբ կատարվել են ացետիլենի, վինիլացետիլենի և նրանց ածանցյալների հետազոտություններ։ Հայտնաբերվել են այդ միացությունների հիդրոհալոգենացման (Հ. Թոսունյան), վինիլպրոպարգիլային հալոգենիդներից կումուլենների ստացման (Շ. Բադանյան), լուծիչների բացակայությամբ վինիլացետիլենային կարբինոլների հետ ալդեհիդների և կետոնների կոնդենսման (Գ. Չուխաջյան), բիս-β-հալոգենեթերների ցիկլոալկիլման (Ա. Գևորգյան) ռեակցիաները, բացահայտվել է Դարզանի ռեակցիայի մեխանիզմը (Ռ. Կուռոյան)։ Սինթեզել են N, О և Տ պարունակող բազմաթիվ տարացիկլային միացություններ, ուսումնասիրել β-ալկօքսիկետոնների տրոհման ռեակցիան (Ա. Նորավյան, Ռ. Վարդանյան)։ Այդ հետազոտությունների արդյունքներն ամփոփվել են Ս. Վարդանյանի «Վինիլացետիլենի և նրա ածանցյալների քիմիան» (ռուս․, 1966) մենագրության մեջ։

Չհագեցած ածխաջրածինների բնագավառում ինքնատիպ ուսումնասիրություններ են կատարվել նաև Ստեփան Մացոյանի ղեկավարությամբ։ Իրականացվել են վինիլացետիլենային սպիրտների, նրանց եթերների և էսթերների հիդրատացման ռեակցիաները, պիրազոլների և պիրազոլինների սինթեզը վինիլացետիլենից և երկացետիլեններից (Է. Դարբինյան)։ Վինիլացետիլենային կարբինոլների չհագեցած եթերների և էսթերների ցիկլացմամբ ստացվել են ֆտալաններ ու ֆտալիդներ (Լ. Հակոբյան)։ Մշակվել են տարացիկլային այլ միացությունների ստացման եղանակներ, որոնք ամփոփվել են Գ. Պողոսյանի և Ս. Մացոյանի «Օղակում տեղակալված ստիրոլների սինթեզը և պոլիմերացումը» (ռուս․, 1983) գրքում։

Կենսաբանորեն ակտիվ նյութերի ստացման նոր հեռանկարներ են բացել Գուրգեն Թադևոսյանի ղեկավարությամբ բազմօղակ հիդրոարոմատիկ կետոնների սինթեզի ուղղությամբ կատարվող հետազոտությունները։ Սինթեզվել են մեծ թվով բազմօղակ հիդրոարոմատիկ կետոններ, ինդոլի շարքի ամինաթթուներ, մորֆինի ածանցյալներ, ինչպես նաև հոգեմետ հատկություններով օժտված մի շարք միացություններ։ Այդ աշխատանքներն ամփոփվել են Գ. Թադևոսյանի «Կարբոլինային շարքի անհիդրոնային հիմքերը» (ռուս․, 1966) մենագրության մեջ։

Տարրօրգ. միացությունների ոլորտում կատարվող հետազոտությունները հանգեցրել են ֆոսֆաբետայինների նոր դասի հայտնաբերմանը և նոր բորօրգ. միացությունների սինթեզին։ Մշակել են չհագեցած երրորդային ֆոսֆինների և ֆոսֆոնիումային աղերի ու էսթերների սինթեզի եղանակներ (Մ. Ինճիկյան, Մ. Հովակիմյան, Հ. Բաղդասարյան)։ Մայա Ինճիկյանն ու Գագիկ Հասրաթյանն իրականացրել են ամոնիումային, ֆոսֆոնիումային և նմանօրինակ միացություններով շարժուն ջրածնի ատոմ պարունակող միացությունների ալկիլման ռեակցիաներ։ Ի տարբերություն միջֆազային կատալիզի մինչ այդմ հայտնի սկզբունքների՝ ապացուցել են, որ նշված ռեակցիաների շարժիչ ուժն ալկիլվող միացությունների քիչ ասոցված ածանցյալների առաջացումն է։

Ստեղծվել են գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանության, մարդու և շրջակա միջավայրի համար էկոլոգիապես անվտանգ միջոցներ՝ ֆերոմոններ, հորմոններ, պիրետրոիդներ (Շ. Բադանյան, Ժ. Չոբանյան), որոնք զգալիորեն կրճատում են թունաքիմիկատների կիրառումը։ Սինթեզվել են հակավիրուսային, սրտախթանիչ, թերճնշումային, հակամանրէային, հակասնկային ակտիվությամբ օժտված չհագեցած ամինամիացություններ, մակերևութային ակտիվ նյութեր (ՄԱՆ), սննդ. բուրավետիչներ, ոսկու և այլ փոխանցիկ մետաղների լուսաքիմիական որոշման ռեագենտներ (Ս. Քոչարյան, Է. Չուխաջյան, Ա. Գյուլնազարյան)։ Մ. Ինճիկյանը մշակել է ալիլային և հիդրման կատալիզատորների քիրալ լիգանդներ, ինչպես նաև ջուրը փափկեցնող ֆոսֆորօրգ. էքստրագենտներ։