զարգացել են հիմնականում միջազգային գիտակրթական բարեփոխումներին համահունչ։
Ջրաբան․ հետազոտությունները հիմնականում կապված են Սևանա լճի ջրային պաշարների ռացիոնալ օգտագործման, լճի մակարդակի բարձրացման, լճի էկոլոգ. վիճակի բարելավման, ջրի ազգային ծրագրի մշակման, փոքր գետերի ջրաէներգետիկ. պաշարների օգտագործման, ջրային փոքր էլեկտրակայանների և փոքր ջրամբարների կառուցման, ՀՀ գետերի ու լճերի ջրային տարբեր բնութագրիչների բազմակողմանի ուսումնասիրությունների հետ։
Աշխատանքներ են կատարվել ՀՀ տարբեր գետավազանների և առանձին տարածքների ջրային հաշվեկշռի կազմման, ջրային պաշարների գնահատման, գետերի հոսքի հաշվեկշռի ու կանխատեսման (Բ. Մնացականյան), ՀՀ գետերի նվազագույն հոսքի բազմակողմանի ուսումնասիրության, ամառ-աշնանային և ձմեռային սակավաջուր հոսքի ու դրանց բազմամյա միջին 30-օրյա, 10-օրյա և օրական նվազագույն հոսքի արժեքների ճշգրտման ու լրացման, ամառ-աշնանային և ձմեռային սակավաջուր հոսքի բնույթի ՀՀ տարածքի շրջանացման, դրանց հոսքի մոդուլի 1։600 000 մասշտաբի քարտեզների կազմման, մարդածին ճանապարհով խախտված գետերի նվազագույն հոսքի վերականգնման նոր մեթոդի մշակման, ջրային աղետների և ջրային պաշարների վրա կլիմայի գլոբալ փոփոխության (Թ. Վարդանյան), ՀՀ գետերի ջերմասառցային ռեժիմի մարդածին փոփոխությունների գնահատման (Ա. Գրիգորյան), ՀՀ տարածքի ջրային ու ջերմային հաշվեկշռի փոխադարձ կապերի, Սևանի ավազանում արհեստական անձրևների առաջացման, ՀՀ-ում մթնոլորտային տեղումների փոփոխության գնահատման (մինչև 2100-ը), առանձին գետային ավազաններում մթնոլորտային տեղումների քարտեզագրման, մթնոլորտային տեղումների և գետային հոսքի միջև եղած օրինաչափությունների ուսումնասիրության, Սևանա լճից ջրի գոլորշիացման ու գոլորշիացումը պայմանավորող գործոնների որոշման մեթոդների, խոշոր գետավազաններից գետային ամսական, սեզոնային և տարեկան հոսքերի կանխատեսման մեթոդիկայի մշակման, ՀՀ տարածքի ձնածածկույթի ձևավորման ու դրա մեջ ջրային պաշարների հաշվարկման, ԼՂՀ ջրային պաշարների ուսումնասիրության և այլ ուղղություններով։
Աշխատանքներ են կատարվում նաև «Ջրի ազգային ծրագրի» մշակման և ՀՀ տարբեր գետավազաններում փոքր ջրամբարների ու ջրէկների նախագծման և կառուցման ուղղությամբ (Բ. Մնացականյան, Թ. Վարդանյան, Բ. Զաքարյան և ուրիշներ)։
2003-ին Ծաղկաձորում կազմակերպվել է «Ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը և պահպանումը փոփոխվող շրջակա միջավայրում», 2007-ին Երևանում «Բնական աղետները և ջրի անվտանգությունը, ռիսկի գնահատումը, արագ արձագանքումը և շրջակա միջավայրի կառավարումը» թեմաներով միջազգային գիտաժողովներ (կազմակերպիչներ՝ Թ. Վարդանյան, Ք. Հակոբյան)։
Ջրաօդերևութաբան. ուսումնասիրությունների զարգացման կարևոր խթան էր 1996-ից ԵՊՀ աշխարհագրության ֆակ-ում ջրաօդերևութաբանություն մասնագիտությամբ շրջանավարտների պատրաստումը։
Հանրապետությունում կլիմայագիտական կարևոր իրադարձություն էր «Կլիմայի փոփոխության հիմնահարցերը» ստվարածավալ ժող-ների հրատ-ը (գլխավոր խմբ.՝ Ա. Հ. Գաբրիելյան, 1-ին հատորը հրատարակվել է 1999-ին, 2-րդ-ը՝ 2003-ին), որոնք ամփոփում են ՀՀ-ում վերջին 2 տասնամյակում կատարված կլիմայի փոփոխության և նրա հետևանքների ուսումնասիրությունները։
Կատարվել են նաև ագրոօդերևութաբան. տարաբնույթ ուսումնասիրություններ (Ռ. Մկրտչյան, Վ. Մարգարյան, Ա. Գրիգորյան և ուրիշներ)։
Ստեղծվել և ստեղծվում են նոր ատլասներ, արժեքավոր քարտեզներ։ «Հայաստանի ազգային ատլասի» Ա հատորի (2007, պատասխանատու խմբ.՝ Լ. Վալեսյան) քարտեզների հեղինակներն են ֆիզիկաաշխարհագետներ Խ. Նազարյանը, Ռ. Մկրտչյանը, Դ. Պողոսյանը, Բ. Մնացականյանը, Վ. Բոյնագրյանը, Ա. Թորոսյանը, Ա. Խոյեցյանը, Ռ. Գագինյանը և ուրիշներ։
«Երևանի ատլասի» և «Լեռնային Ղարաբաղի ատլասի» հրատարակման աշխատանքներին նույնպես մասնակցել են բազմաթիվ ֆիզիկաաշխարհագետներ։
Կատարվել են նաև չորային (արիդ) լեռն․ երկրների լանդշաֆտների լերկացման (դենուդացիա), դասակարգման, կառավարման և պլանավորման հարցերի վերաբերյալ մի շարք աշխատանքներ։ Ուսումնասիրվել են ՀՀ հողային բնակլիմ. տարբեր գոտիներում էրոզիային և լերկացման շարժընթացները, լանդշաֆտների չորայնության աստիճանը, կատարվել են վերջիններիս ֆիզիկաաշխարհագր. շրջանացում և քարտեզագրում։
1990-ական թթ-ի 2-րդ կեսից իրականացվում են ՀՀ լանդշաֆտների բնական և մարդածին ազդեցությունների երկրաէկոլոգ. հիմնահարցերին, լանդշաֆտների անապատացման, կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության խախտման հիմնախնդիրների համաշխ., տարածաշրջ. և տեղային հարցերի վերաբերյալ աշխատանքներ։ Այդ թեմաներով ՀՀ-ում կազմակերպվել են միջազգային գիտաժողովներ (կազմակերպիչներ՝ Հ. Գաբրիելյան, Խ. Նազարյան, Ա. Խոյեցյան, Կ. Դանիելյան, Ք. Հակոբյան)։
2000-ական թթ-ից գիտական հետազոտությունների շրջանակում ընդգրկվել են Հայկական լեռնաշխարհի և ՀՀ լանդշաֆտների դասակարգումն ու քարտեզագրումը, լանդշաֆտների պլանավորումն ու լանդշաֆտային էկոլոգիան, ինչպես նաև եղանակային առավել վտանգավոր երևույթների ազդեցության գնահատումը՝ ՀՀ լանդշաֆտների վատթարացման (դեգրադացիա) շարժընթացում (Հ. Գաբրիելյան, Խ. Նազարյան, Ա. Խոյեցյան, Կ. Դանիելյան, Վ. Պողոսյան, Հ. Սայադյան, Գ. Կարապետյան, Թ. Վարդանյան)։ Հրատարակվել են բազմաթիվ մենագրություններ (Ռ. Մկրտչյան, Թ. Վարդանյան, Դ. Պողոսյան, Վ. Խալաթով, Հ. Բալյան, Ա. Խոյեցյան և ուրիշներ)։