Ջրակենսբ. հետազոտությունները Հայաստանում սկսվել են դեռևս XIX դ-ի վերջերից՝ Սևանա լճի բուս․ և կենդ․ աշխարհների առանձնահատկությունների բացահայտման նպատակով։ Լ. Բերգի, Կ. Կեսլերի, Ա. Բրանդտի և այլ գիտնականների աշխատություններում կան տեղեկություններ լճի ջրաբան․ ռեժիմի, ջրաքիմիական կազմի, ինչպես նաև ինքնատիպ ֆաունայի վերաբերյալ։ Սակայն կանոնավոր ջրակենսբ. հետազոտություններ հանրապետությունում սկսվել են 1923-ին, երբ Ա. Դերժավինի նախաձեռնությամբ հիմնադրվել է Սևանի ջրակենսբ. կայանը։ Այս շրջանում ուշագրավ են Մ. Ֆորտունատովի և Լ. Առնոլդիի աշխատությունները՝ Սևանա լճի ձկնաշխարհի, բուսաշխարհի ու ջրային անողնաշարների վերաբերյալ։
Հետագայում ուսումնասիրության շրջանակներն ընդգրկել են նաև հանրապետության այլ ջրամբարներ, Ակնա և Սև լճերը, Հրազդան գետը և այլն։
Ձկնաբանության ոլորտում ձեռք բերված հաջողություններից են Սևանա լճում Լադոգա և Չուդ լճերի սիգ ձկնատեսակի, իսկ հանրապետության այլ ջրամբարներում՝ Սևանի իշխանի կլիմայավարժեցումը։ Այս աշխատանքները մեծապես նպաստել են ոչ միայն հայրեն., այլև համաշխ. ջրակենսաբանության զարգացմանը։
Ժողտնտեսության կարիքների համար Սևանա լճի ջրի պաշարների ինտենսիվ օգտագործման հետևանքով 1960-80-ական թթ-ին կտրուկ իջել է լճի մակարդակը, զգալիորեն փոխվել են լճի ձևաչափ. և ջրաբան․ ցուցանիշները, ջերմային և օպտիկ․ ռեժիմները, ջրի քիմիական բաղադրությունը, բուս․ և կենդ․ աշխարհների որակ․ կազմը, սիգի և իշխանի քանակ․ հարաբերությունը, վատացել է ջրի որակը։ Լիճը ենթարկվել է էվտրոֆացման։ Այդ խնդիրների լուծման նպատակով ծավալվել են որակ․ նոր հետազոտություններ (Ս. Կուզնեցով, Գ. Վինբերգ, Գ. Նիկոլսկի, Տ. Մեշկովա, Մ. Համբարյան, Ռ. Մայիլյան, Ա. Մարկոսյան, Մ. Դադիկյան, Ա. Սմոլեյ և ուրիշներ), մշակվել նոր միջոցառումներ. Սևանա լճի, ինչպես նաև Հայաստանի այլ ջրամբարների կենսբ. վիճակի հետագա վատթարացումը կանխելու նպատակով լուծվել են Սոթքի հանքանյութի մշակման հետ կապված զանազան հարցեր, ընդունվել են համապետական նշանակության որոշումներ (օր.՝ Արփա-Սևան ջրատարի կառուցումը)։
Ջրակենսաբանության զարգացումը հանրապետությունում նոր վերելք է ապրել 1970-ական թթ-ից՝ Սևանի ջրակենսբ. կայանի (տնօրեն՝ Ռ. Հովհաննիսյան) հետազոտ. աշխատանքների հնարավորությունների ընդարձակման շնորհիվ, ծավալվել են լճաբան․ համալիր հետազոտություններ, մշակվել լճի ջրի որակի գնահատման չափանիշներ։ Առավել մանրակրկիտ հետազոտվել են այն գետերը, որոնց հոսքը նախատեսված էր շրջել դեպի Սևանա լիճ։ Ուսումնասիրվել են դրանց ջրաքիմիական ցուցանիշները, Սևանա լճի և դոնոր գետերի կենսբ. համատեղելիության հարցերը։ Ուսումնասիրվել է նաև Սևանի ջրհավաք ավազանից լիճ լցվող նյութերի (ծանր մետաղներ, պարարտանյութեր, թունաքիմիկատներ և այլն) ազդեցությունը լճի ջրի որակի ու զանազան օրգանիզմների վրա։ Աստիճանաբար առաջին պլան են մղվել Սևանա լճի և հանրապետության այլ ջրամբարների ջրաէկոլոգ. ռեժիմը բարելավելու միջոցառումների մշակման հարցերը։ Այդ նպատակով ընդլայնվել են Սևանա լճի ու մյուս ջրամբարների ջրաֆիզիկայի, ջրաքիմիայի, առաջնային արգասաբերության, մանրէաբանության, ջրային անողնաշարների, ձկների և լճի կենսաբանության, լճահամակարգի ու ջրհավաք ավազանի փոխհարաբերությունների հետազոտությունները, հիմնավորվել է Սևանա լճի մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։
1990-ին Սևանի ջրակենսբ. կայանը վերակազմավորվել է ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստ-ի (տնօրեն՝ Բ. Գաբրիելյան), որը կովկասյան տարածաշրջանի միակ մասնագիտացված գիտական կազմակերպությունն է, 2007-ին ընդգրկվել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և ջրաէկոլոգիայի գիտական կենտրոնի կազմի մեջ։
Ինստ-ը ՌԳԱ Պապանինի անվան ներքին ջրերի կենսաբանության ինստ-ի հետ 2005-ից սկսել է Սևանա լճի համալիր հետազոտություններ, որոնց արդյունքներն ամփոփվել են մենագրության մեջ։ Գիտական համագործակցության պայմանագիր է կնքվել նաև Բելառուսի ԳԱ Կենսապաշարների գիտագործն. կենտրոնի հետ։
Ներկայումս ուշադրության կենտրոնում են լճի կենսաբազմազանության պահպանության, կենսապաշարների վերականգնման և լիճ ներթափանցած օտարածին տեսակների կառավարման հարցերը։ ՀՀ-ի ջրակենսաբանության առաջնահերթ խնդիրը Սևանա լճի էկոհամակարգի մեջ մտնող ենթահամակարգերի մաթեմատիկական մոդելավորումն է, դրանց փոխհարաբերությունների, քանակ․ փոփոխությունների կանխատեսումը։ Առանձնակի ուշադրություն է դարձվում ջրի որակի բարելավմանը, որովհետև Սևանա լիճը Կովկասում խմելու ջրի միակ հեռանկարային աղբյուրն է։
Մոլ. և բջջային կենսաբանության բնագավառում գիտական հետազոտությունները Հայաստանում սկսվել են 1960-ական թթ-ից, իսկ զարգացումը պայմանավորված է 1966-ին ՀԽՍՀ ԳԱ փորձարար․ կենսաբանության լաբորատորիայի հիմքի վրա Փորձարար․ կենսաբանության ինստ-ի (1991-ից՝ Մոլ. կենսաբանության ինստիտուտ՝ ՄԿԻ) հիմնադրմամբ։ 1970-80-ական թթ-ի ընթացքում ինստ-ում կատարվել են նուկլեինաթթուների, քրոմատինի,