ինչպես նաև մերսումներին ու մարմնամարզ․ վարժություններին։ Նա լուրջ ուշադրություն է դարձրել հոգեբուժմանը, օր.՝ ներշնչմանը, այդ նպատակով օգտագործել է նաև երաժշտությունը։ 1908-ին «Ջերմանց մխիթարութիւն»-ը հանգամանորեն ուսումնասիրվել և թարգմանվել է գերմ. (Էռնեստ Զեյդել)։
Մխիթար Հերացին մեծ աշխատանք է կատարել նաև բժշկ. հայերեն տերմինների ստեղծման ուղղությամբ։
Հայ պատմիչների վկայությամբ՝ Կիլիկիայում Ռուբինյանների օրոք (1080-1219) բացվել են հիվանդանոցներ, բորոտանոցներ և ապաստարաններ, հատկապես մեծ ներդրում ունեն Լևոն Բ թագավորը (1198-1219), նրա դուստրը՝ Զապել թագուհին (1222-52), և Լևոն Գ թագավորը (1269-89)։ Հայտնի բժշկապետների գլխավորությամբ ստեղծվել են բժշկանոցներ։ Գրիգորիսի «Քննութիւն բնութեան մարդոյ եւ նորին ցաւոց» երկը (Մատենադարան, ձեռագիր № 415) վկայում է XIII դ-ում Կիլիկյան Հայաստանում ախտաբանության և մահճաբուժության զարգացման որոշակի մակարդակի մասին։ Գիրքը գրված է միջին հայ-ով, որտեղ շարունակվում են Մխիթար Հերացու ավանդույթները՝ հատկապես տենդային և ներքին օրգանների հիվանդությունների վերաբերյալ։
Ջերմերի պատճառագիտության հարցում նույնպես Գրիգորիսը եղել է Հերացու հետևորդը։ Նա ուսումնասիրել է նաև տենդային հիվանդությունների հպավարակայնության հարցը հատկապես թոքախտի և բորոտության ժամանակ։ Միջնադարյան հայ բժշկության մեջ Գրիգորիսը եղել է ախտաբան․ անատոմիայի նախակարապետը։ «Քննութիւն բնութեան մարդոյ եւ նորին ցաւոց» գրքում ներքին օրգանների հիվանդությունների նկարագրությունները վկայում են, որ նա որոշ դեպքերում օգտվել է դիահերձումների տվյալներից, օր.՝ թոքախտի կլինիկ․ պատկերը նկարագրելիս նա հիշատակել է թոքերում առաջացած «խուլերի», «խոցերի» և «քարերի» մասին (ներկայումս հայտնի տուբերկուլոզային թմբիկները, ինֆիլտրատները, կավեռնաները և կրակալման օջախները)։ Ուշագրավ են նաև թոքաբորբի, թարախակույտի, թոքերի էխինոկոկի վերաբերյալ Գրիգորիսի ախտաբանաանատոմ. տվյալները։
Տաթևի բարձրագույն դպրոցի հետ են կապված խոշորագույն մտածողներ Հովհան Որոտնեցու (1315-1386) և Գրիգոր Տաթևացու (1346-1409) գործունեությունները. նրանց երկերում արծարծվում են նաև բժշկագիտության հարցեր։ Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց» ծավալուն աշխատության (1389, հրտ.՝ 1729) մեջ մարդակազմությանը, կենսաբանությանը, հոգեբանությանը և սաղմնաբանությանը վերաբերող հարցերը շարադրված են Պլատոնի, Արիստոտելի, Գրիգոր Նյուսացու և Նեմեսիոս Եմեսացու ոգով։
XV դ-ի բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին եղել է նախորդ շրջանի այն գործի շարունակողն ու զարգացնողը, որով, նրա արտահայտությամբ, «զբաղվել են մեր առաջին բժիշկները՝ Մեծ Մխիթարը, բժիշկ Ահարոնը, նրա որդին՝ բժիշկ Ստեփանոսը..., որոնք շատ գրքեր են գրել դեղորայքների ներգործության ու օգտակարության մասին»։
Ամիրդովլաթ Ամասիացին «Ուսումն բժշկութեան» (1459) աշխատության մեջ քննության է առել սաղմնաբանության, մարդակազմության, ախտաբանության և հիգիենայի հարցեր։ Նա «Օգուտ բժշկութեան» (1469, հրտ.՝ 1940) աշխատությունը գրել է իր ժամանակի լավագույն բժշկ. երկերի մակարդակով, այն ընդհանրացնում է միջնադարյան հայ բժիշկների աշխատանքները՝ բժշկության տես. և գործն․ հարցերի վերաբերյալ։ Երկի մահճաբուժության բաժնում համակարգված տրված են ներքին օրգանների 200-ից ավելի, մաշկ․ հիվանդությունների, ինչպես նաև ջերմերի ու չարորակ ուռուցքների, թունավորումների նկարագրությունները, դեղաբուժման և սննդաբուժման եղանակները։
Դեղագիտ. ամենանշանավոր աշխատություններն են «Ախրապատինը» (1481) և «Անգիտաց անպէտը» (1482, հրտ.՝ 1926)։ Վերջինս միջնադարյան հայկական դեղագիտության հանրագիտարան է, որտեղ դեղանունները տրված են 5 լեզվով՝ հայերեն, հուն., լատ., արաբ, և պարսկ., պարունակում է 3500-ից ավելի բուժիչ բույսերի, կենդանիների և հանք․ նյութերի անվանումներն ու նրանց հոմանիշները։ Պարզվում է, որ այն բոլոր հիվանդությունների բուժման համար, որոնց առաջացման մեջ, այսօրվա տվյալներով, որոշակի դեր ունի վարակալերգիական գործոնը, Ամիրդովլաթ Ամասիացին օգտագործել է հայկական բուսաշխարհին բնորոշ բույսեր՝ կոծուկը, կղմուխը, երիցուկը, բարձվենյակը, ուրցը, խնկեղեգը և այլն։ Բժշկապետը պարզել է նաև մարգացնծուի, երնջնակի, կուսածաղկի, արևադարձի և որոշ այլ բույսերի հակաուռուցքային հատկությունները, կիրառել է հակաթունային (նարդոս, վաղենակ, երկաթախոտ և այլն) և օրգանիզմի տոնուսը բարձրացնող (սղանգ, լոշտակ) բույսեր, վաղաժամ ծերությունը կանխող որոշ բուս․, կենդ․ և անօրգ. ծագման խեժեր (քաղբան, սեքպինաճ, անգուժատ, ակնամոմ և այլն)։
Մարմնի տոնուսը բարձրացնելու, վերքերն ապաքինելու և ուռուցքները բուժելու համար Ամիրդովլաթ Ամասիացին խորհուրդ էր տալիս օգտագործել մումիոն։ Նա ստեղծել է հայ բուսաբույժ-բժիշկների դպրոց, որը գոյատևել է մի քանի դար, և որի ազդեցության հետքերը նկատվում են Սեբաստիայի բժշկ. դպրոցի ներկայացուցիչների՝ Հովասափ, Ասար և Բունիաթ Սեբաստացիների (XVI-XVII դդ.) երկերում, նրանց գործունեությամբ ավարտվում է հայկական միջնադարյան բժշկության զարգացման վերջին շրջանը։
XVIII դ-ի 2-րդ կեսից հանդես են գալիս Եվրոպայի և Ռուսաստանի բուհերում կրթություն ստացած հայ բժիշկներ (Պետրոս Քալանթարյան, Ստեփանոս Շեհրիմանյան, Հովակիմ Օղուլլուխյան, Միքայել Ռեստեն), որոնք հաճախ եվրոպ. գիտության ձեռքբերումները համադրել են հայ բժշկության հարուստ փորձի հետ։ Ուշագրավ է Պետրոս Քալանթարյանի «Բժշկարան համառօտ» (հրտ.՝ 1793, Դոնի Նախիջևան) աշխատությունը, որը վերաբերում է վարակիչ, ալերգ., մաշկ., հոգեկան, նյարդ․ և մի շարք այլ հիվանդությունների բուժման հարցերին։