Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ստեփանոս Շեհրիմանյանի (1766-1840) «Տնկաբանութիւն կամ փղորայ Հայաստանի» (1818) աշխատության մեջ նկարագրված են Հայաստանի դեղաբույսերը։ Շեհրիմանյանը գրել է նաև «Անդեղեայ ժանտախտի» (1796, հրտ.՝ 1812) աշխատությունը։ Նրա առաջարկած դեղանյութերի շարքում նշված է նաև հայկավը։ Շեհրիմանյանի գործերը վկայում են, որ նա ծանոթ էր եվրոպ. նորագույն բժշկության նվաճումներին։

Բժիշկ Միքայել Ռեստենի (XVIII-XIX դդ.) «Բժշկաբանութիւն» (2 հրտ., հ. 1-2, Վենետիկ, 1832) և «Կրթութիւն բժշկական արուեստի» (հ. 1-6, Կ. Պոլիս, 1833-41) աշխատությունները նույնպես հայկական բժշկագիտության զարգացման նմուշներ են։

Բժշկագիտությունը Հայաստանում նոր վերելք է ապրել 1828-ից, երբ Արևելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին։ 1833-ին Հայաստան է եկել մասնագիտական կրթություն ստացած առաջին հայ բժիշկը՝ Ս. Լոռու-Մելիքյանը։ Աշխատել են նաև բժիշկներ Գ. Տեր-Կարապետյանը (Կարապետով), Հ. Հովհաննիսյանը, Ա. Տեր-Ավետիքյանը և ուրիշներ։

XIX դ-ի 2-րդ կեսի անվանի բժիշկներ Դ. Ռոստոմյանը, Ա. Բաբայանը, Ա. Բուդաղյանը, Մ. Առուստամյանը, Վ. Արծրունին և ուրիշներ իրենց աշխատությունները գրել են ռուս առաջադեմ բժշկագիտության սկզբունքներով։

Հայկական բժշկագիտությունը մեծ նվաճումներ է ձեռք բերել խորհրդային կարգերի հաստատումից հետո։ 1922-ին հիմնադրվել է ԵՊՀ բժշկ. ֆակ-ը (1930-ից՝ ԵԲԻ, 1995-ից՝ ԵՊԲՀ), որը բժշկ. կադրեր պատրաստելու հետ մեկտեղ դարձել է բժշկագիտության ԳՀ կենտրոն։

Ներկայումս Երևանում գործում է նաև 12 ԳՀԻ, որտեղ մշակվում են կանխարգելիչ, տես. և կիրառ. (կլինիկ.) բժշկագիտության բազմաթիվ խնդիրներ։

Ստելլա Վարդանյան


ՏԵՍԱԿԱՆ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Անատոմիայի բնագավառում համակարգված հետազոտություններ Հայաստանում կատարվել են 1922-ից, երբ ԵՊՀ բժշկ. ֆակ-ում Վ. Արծրունու նախաձեռնությամբ հիմնադրվել է անատոմիայի ամբիոնը։ 1923-ին հրատարակվել է Վ. Արծրունու անատոմիայի առաջին դասագիրքը («Մարդակազմութիւն»), 1924-ին՝ «Ռուսերեն-լատիներեն-հայերեն բժշկագիտական բառարանը», որի հիման վրա զարգացել է հայկական բժշկագիտական տերմինաբանությունը (Հ. Հովհաննիսյան, Հ. Հակոբյան, Հ. Բեկզադյան, Վ. Գրիգորյան)։ Հ. Հակոբյանն ուսումնասիրել է ծայրամասային նյարդերի անատոմա-տեղագր. տարբերակները, Ա. Սարաֆյանը՝ մանկ․ օրգանիզմին բնորոշ առանձնահատկությունները, Լ. Մանուկյանը և Լ. Վարդանյանը բացահայտել են ներօրգանային ու ներհյուսվածքային արյան շրջանառության, ավշային շրջանառության որոշ օրինաչափություններ։

Հյուսվածաբանության ամբիոնը նույնպես հիմնադրվել է 1922-ին (վարիչներ՝ Գ. Հայրապետյան, Գ. Եփրեմյան՝ 1952-71, Հ. Չախմախչյան, 1990-2008-ին՝ Ա. Ազնաուրյան)։

Ամբիոնում ուսումնասիրվում են իմունային խախտումներով շարակցական հյուսվածքի հիվանդությունների ձևաբանություն և իմունաախտաբան. հիմնախնդիրները, ինչպես նաև երկարատև ճնշման համախտանիշի պայմաններում տարբեր օրգան-համակարգերի կառուցվածքաֆունկցիոնալ փոփոխությունները։

Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնը հիմնադրվել է 1924-ին (վարիչներ՝ Հ. Միրզա-Ավագյան՝ 1924-60, Ա. Ճաղարյան՝ 1960-94, Ս. Օրդույան՝ 1994-2009)։ Ամբիոնի գիտական ուղղությունն արդի տեղագր. անատոմիայի հիմնախնդիրների լուսաբանումն է։

ԳՀ և ուսումնական աշխատանքներն առավել ամբողջացնելու և ժամանակակից միջազգ. պահանջներին համապատասխանեցնելու նպատակով 2009-ին նշված 3 ամբիոնների հիման վրա ստեղծվել է ձևաբանության ամբիոնը (վարիչ՝ Գ. Քյալյան), որն զբաղվում է կենդանի օրգանիզմի կառուցվածքային օրինաչափությունների ուսումնասիրմամբ՝ բջջային, հյուսվածքային և օրգան-համակարգային մակարդակներով։

Գոհար Քյալյան, Արտաշես Ազնաուրյան,
Սեմյոն Օրդույան


Ախտաբանական անատոմիա

Ախտաբան․ անատոմիայի զարգացումը պայմանավորված է 1923-ին ԵՊՀ բժշկ. ֆակ-ում Փ. Հակոբյանի նախաձեռնությամբ համանուն ամբիոնի ստեղծմամբ։ Հետագայում այն ղեկավարել են Վ. Գաբրիելյանը (1946-62), Ա. Բեգլարյանը (1963-86), Ն. Վարդազարյանը (1986-2006), Ն. Խոստիկյանը (2006-ից)։

1963-ին Ա. Բեգլարյանի նախաձեռնությամբ ամբիոնին կից ստեղծվել է հիմնախնդիրների լաբորատորիա, որտեղ ուսումնասիրվել են ռևմատիկ հիվանդությունների, շարակցական հյուսվածքի առաջընթաց համակարգային ախտահարումների ախտաբան․ անատոմիան, ստրեպտոկոկային և այլ մանրէային վարակների դերն այդ հիվանդությունների զարգացման ընթացքում, գործն․ ախտաբանության մեջ ներդրվել են հյուսվածաքիմիական, մանրէաբան. և իմունաբան. եղանակներ, նոր մոտեցումով մեկնաբանվել են նշված հիվանդությունների առաջացման մեխանիզմները, տրվել դրանց բուժման տես. հիմունքները (Լ. Մկրտչյան, Ա. Ազնաուրյան, Ն. Վարդազարյան,