Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ֆլեբոլոգների և անգիոլոգների ընկերակցությունը (նախագահ՝ Ա. Մկրտչյան), իսկ 2006-ին տեղի է ունեցել այդ ընկերակցության առաջին համագումարը՝ արտերկրի պատվիրակների մասնակցությամբ։

Տիգրան Սուլթանյան

Կոլոպրոկտոլոգիայի ոլորտում հետազոտություններն սկսվել են 1976-ից. ուսումնասիրվել են ուղիղ աղիքի վերջնահատվածի հիվանդությունների պատճառագիտության, ախտածնության, կլինիկայի, ախտորոշման և բուժման հարցեր։ Մշակվել են (Ս. Հովհաննիսյան) էպիթելային խուղակների ու պոչուկային բշտուռուցքների (կիստաներ), սուր և քրոնիկ․ հարուղիղաղիքաբորբերի (պարապրոկտիտներ) վիրահատ․ բուժման եղանակներ (Ս. Շահինյան)։ 1977-ին Լ. Նազարովի նախաձեռնությամբ ԲԿԻ-ում (1997-ից՝ ԱԱԻ) ստեղծվել է պրոկտոլոգիայի ամբիոն, 1982-ին՝ Պրոկտոլոգիայի հանրապետական կլինիկ․ հիվանդանոց (1985-ից՝ Պրոկտոլոգիայի ԳՀԻ)։ 1997-ից «Պրոկտոլոգիա» գիտությունը վերանվանվել է «Կոլոպրոկտոլոգիայի»։ 2000-ին Վիրաբուժության ինստ-ում հիմնվել է Կոլոպրոկտոլոգիայի կենտրոն։ Մինչև 2000-ը ինստ-ում աշխատանքները կատարվել են կոլոպրոկտոլոգիայի 3 հիմն․ ուղղություններով՝ կոլոռեկտալ վիրաբուժություն, կոլոռեկտալ ուռուցքաբանություն և կոլոռեկտալ թերապիա։ Գիտական և գործն․ աշխատանքների արդյունքներն ամփոփվել են մի շարք մենագրություններում [Լ. Նազարով, «Հաստ աղիքի վերականգնողական վիրահատությունները» (ռուս․, 1978), Լ. Նազարով, Ա. Էնֆենջյան, Ռ. Համբարձումյան, «Սրբանապոչուկային շրջանի և շեքի էպիթելային ուղիներ ու թարախային ախտահարումներ» (ռուս․, 1990), Լ. Նազարով, Դ. Էլոյան, «Հաստ աղիքի գրգռման համախտանիշ» (ռուս․, 1994), Լ. Նազարով, Ա. Աղավելյան, «Լապարաստոմիան և պոլիմերային նյութերը կոլոռեկտալ պերիտոնիտների բուժման մեջ» (ռուս․, 1996)]։

Զբաղվել են քրոնիկ․ թութքի, հետանցքի ճաքի և ուղիղ աղիքի խուղակների բուժման արդյունավետության բարձրացման (Է. Հակոբյան), հաստ աղիքի գրգռման համախտանիշի տարբերակիչ ախտորոշման չափանիշների (Կ. Սարգսյան), խթաղիքի բարդացած քաղցկեղի հարօջախային բորբոքումների (Ա. Հակոբյան), ուղիղ աղիքի և շեքի վնասվածքների բուժման խնդիրներով (Ա. Մինասյան)։

Կոլոպրոկտոլոգիան դասավանդվում է ԵՊԲՀ-ում (ամբիոնի հիմնադիր-վարիչ՝ Ա. Հակոբյան)։ Հրատարակվել է Ա. Հակոբյանի «Կոլոպրոկտոլոգիա» (2007) դասագիրքը՝ բժշկ. բուհերի ուսանողների համար։

Արամ Հակոբյան

Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության զարգացումը հանրապետությունում պայմանավորված է Վիրաբուժության ինստ-ում 1982-ին միկրովիրաբույժների նախաձեռնող խմբի կազմավորմամբ։ 1985-ից այն գործում է որպես առանձին ստորաբաժանում (գիտական ղեկ.՝ Ա. Սահակյան)՝ Պլաստիկ և վերակառուցող. միկրովիրաբուժ. հանրապետական կենտրոն։

1983-ին կատարվել է 1-ին հաջող վերապատվաստումը (ռեպլանտացիա), 1985-ին՝ 1-ին փոխպատվաստումը՝ տրանսպլանտացիան (Ա. Սահակյան, Տ. Սուլթանյան)։ 1989-ին Ա. Սահակյանը պաշտպանել է 1-ին գիտական ատենախոսությունը՝ նվիրված դաստակի ֆունկցիայի վերականգնմանը՝ տարածուն վնասվածքների և նյարդազրկման ժամանակ ազատ անոթավորված փոխպատվաստանյութի (տրանսպլանտատ) կիրառմամբ։

Արցախյան պատերազմի տարիներին կենտրոնի աշխատակիցները բուժել են հարյուրավոր զինվորների, վիրաբույժներ Լ. Բաղդասարյանը, Ա. Սահակյանը, Ա. Սարկիսովը, Ա. Քոչարյանը մասնակցել են պատերազմին։

1990-ից կենտրոնում կատարվում են գեղագիտական վիրահատություններ։ 1991-ին Վիրաբուժության ինստ-ում Լուիզ Սիմոն Մանուկյանի նախաձեռնությամբ բացվել է պլաստիկ վիրաբուժության ևս մեկ բաժանմունք (Գ. Ստամբոլցյան, Գ. Բաբլոյան)։ 1996-ին ԵՊԲՀ-ում հիմնադրվել է պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա և ամբիոն, որը հենակետեր ունի Համալսարան. № 1 կլինիկ․ հիվանդանոցում (ղեկ.՝ Ա. Սահակյան), «Էրեբունի» (ղեկ.՝ Ա. Հովհաննիսյան), «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» (ղեկ.՝ Գ. Բաբլոյան) ԲԿ-ներում։ Պլաստիկ վիրաբուժության բաժանմունքներ են գործում «Արմենիա» ՀԲԿ-ում (ղեկ.՝ Լ. Բաղդասարյան), 8-րդ հիվանդանոցում (ղեկ.՝ Կ. Դանիելյան)։ Համանուն ծառայություններ կան նաև «Նաիրի», «Մալաթիա» ԲԿ-ներում և Ստեփանակերտում։ Համալսարան. № 1 կլնիկ. հիվանդանոցի պլաստիկ վերակառուցող․ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայում տարեկան կատարվում է ավելի քան 1000 վիրահատություն։ Ամբիոնի գիտական աշխատանքները վերաբերում են վերջույթների վնասվածքների բուժման, ինչպես նաև դեմքի և կրծքագեղձի ուռուցքային ախտահարումների պատճառով առաջացած թերությունների շտկման հարցերին։

Ամբիոնը հրատարակել է «Պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժություն և միկրովիրաբուժություն» (հայերեն և անգլ.) ուսումնական ձեռնարկը։ Ա. Սահակյանն աշխարհում առաջինն է նկարագրել վիրահատությունների ժամանակ օգտագործվող բազմաթիվ բարդ լաթեր՝ միջային ներբանային լաթ, ոտնաթաթի կարճ տարածիչ մկանից վերցրած լաթ, այտային բարդ մաշկալորձաթաղանթային լաթ, միջնակ նյարդի զարկերակի վրա հիմնված լաթ (Ջամի Բերտելիի հետ), բազկային հյուսակի վնասվածքների ժամանակ կիրառել է որովայնի առաջային պատի նյարդավորված ուղիղ մկանը, ինչպես նաև ծղիկային նյարդավորված մկանախմբերն ու մեջքի լայնագույն մկանը։ 1998-ին հիմնադրվել է Պլաստիկ վիրաբույժների (նախագահ՝ Ա. Սահակյան), 2004-ին՝ Պլաստիկ և վերակառուցող․ վիրաբույժների (նախագահ՝ Ա. Հովհաննիսյան) հայկական ընկերակցությունը, որոնք ներկայումս միավորված են։

Արտավազդ Սահակյան