Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բույսերի հարմարվողականության բարձրացման և այլ խնդիրներ։

Հայաստանում ստացել են սեղանի և գինու խաղողի ավելի քան 50 սորտ ու փոփոխակ (Ս. Պողոսյան, Ս. Խաչատրյան, Պ. Այվազյան, Կ. Պողոսյան, Գ. Այվազյան, Հ. Նալբանդյան, Պ. Սերոբյան և ուրիշներ)։ Նկարագրվել են տեղական և ներմուծված, քիչ տարածված, մինչ այդ անհայտ, ինչպես նաև ընտրասերմնաբան. նոր սորտեր ու էլիտային սերմնաբույսեր, որոնք ամփոփվել են «Հայաստանի ամպելոգրաֆիա» (հ. 1-3, 1947-81) աշխատության մեջ։

Ուսումնասիրվել են ծիրանենու, դեղձենու, սալորենու, կեռասենու, խնձորենու, տանձենու և այլ պտղատու ծառատեսակների սորտաշրջանացման, տեղաբաշխման, ցրտադիմացկունության, պտուղների քիմիատեխնոլոգ. և կենսբ. առանձնահատկությունների, պտղատու այգու ագրոտեխնիկայի, ագրոքիմիայի, պատվաստակալների ընտրության, «թզուկ» պտղաբուծության, պտղաբուծության պատմության և այլ հարցեր (Պ. Արզումանյան, Անաստասյա Վերմիշյան, Ալեքսեյ Բեկետովսկի, Ասատուր Մարգարյան, Էդիկ Մորիկյան, Սուրեն Մինասյան և ուրիշներ)։ Հանրապետության տարբեր շրջաններում հայտնաբերվել ու նկարագրվել են մի շարք պտղատեսակների արժեքավոր վայրաճ և կիսավայրի ձևեր (Է. Մորիկյան, Արա Հովհաննիսյան, Գագիկ Սանթրոսյան, Տիգրան Փալազյան)։ Հյուսիս-արլ. գոտու փորձարար․ այգիներում, մայրուտներում և տնկարաններում ուսումնասիրվել ու բազմացվում են հայտնի (նռնենի, թզենի, արլ. խուրմա, մորենի, մոշենի, զկեռենի) և նոր մերձարևադարձային պտղահատապտղային տեսակներ [ճապոն. զկեռենի ու տանձենի, նեկտար-դեղձենի, սև հապալասենի, շողպարենի (կիվի), գուավա, ֆեյխոա և այլն], հետազոտվել են (Ա. Հովհաննիսյան և ուրիշներ) ներկրված սորտերի և տեղական վայրաճ ձևերի կենսբ. առանձնահատկություններն ու արտադրական արդյունավետությունը, իսկ հիմնադրված փորձարար․ տնկարաններում՝ ծառերի և թփերի աճի ու զարգացման օրինաչափությունները մշակության տարբեր համակարգերի պայմաններում, կատարվել են սորտապատվաստակալ. համատեղելիության, պատվաստակալների վեգետատիվ բազմացման արդյունավետ եղանակների մշակման, ծառերի ձևավորման նոր համակարգերի փորձարկումներ (Գ. Սանթրոսյան, Ա. Հովհաննիսյան, Արամայիս Մուրադյան, Գայանե Գաբրիելյան, Էթերի Ստեփանյան և ուրիշներ)։

Հայաստանում տարածված պտղատու ծառատեսակների տարբեր սորտերի նկարագրություններն ամփոփված են «Հայաստանի պտուղները» (հ. 1-5, 1958-81) աշխատության մեջ։

Գագիկ Այվազյան


Բույսերի պաշտպանություն

Գյուղատնտեսական ու անտառային բույսերի վնասատուների և հիվանդությունների ուսումնասիրությունն ու դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների մշակումը հանրապետությունում սկսվել են 1920-30-ական թթ-ից։ 1924-ին ՀԽՍՀ հողժողկոմատին կից կազմակերպվել է բույսերի պաշտպանության բաժին, 1929-ին՝ բամբակենու վնասատուների ու հիվանդությունների Հայաստանի և Նախիջևանի ԳՀ կայանը, 1933-ին՝ Բույսերի պաշտպանության ԳՀԻ-ն (1998-ից՝ Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն), 1980-ին՝ «Հայգյուղքիմիա» արտադրագիտական հանրապետական միավորումը։

Ուսումնասիրվել են բամբակենու, շաքարի ճակնդեղի, առվույտի, խնձորենու, խաղողի վազի, ամբարային վնասատուների, սեխի ճանճի, բանջարանոցային և այլ բույսերի վնասատուների տեսակային կազմը, կենսակերպը, զարգացման առանձնահատկությունները, միաժամանակ մշակվել են դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցներ (Մ. Մակարյան, Գ. Մարջանյան, Ա. Բաբայան և ուրիշներ)։ Հետազոտվել են նաև բամբակենու, շաքարի ճակնդեղի, ծխախոտի, ցորենի, պտղատու ծառերի, խաղողի վազի, ինչպես նաև բանջարաբոստանային բույսերի, թիթեռնածաղկավոր ցանովի խոտաբույսերի տարբեր հիվանդություններ, դրանց տարածվածությունը, վնասակարարության աստիճանը, մշակվել դրանց դեմ պայքարի միջոցներ (Ա. Բաբայան, Ն. Քեչեկ, Է. Աֆրիկյան, Ռ. Բատիկյան, Վ. Գուլքանյան, Յու. Սենեքերիմյան և ուրիշներ)։ Մոլախոտերի դեմ քիմիական քաղհանի համար հետազոտվել են տարբեր հերբիցիդներ, ընտրվել դրանցից առավել արդյունավետները (Գ. Դարբինյան, Ա. Քալանթարյան և ուրիշներ), սինթեզվել են նոր հերբիցիդներ (Վ. Դովլաթյան), դրանց անվտանգ օգտագործման համար ստեղծվել հարմարանքներ (Ռ. Սարգսյան)։

Ուսումնասիրվել են պտղատուների, կորիզավորների, խաղողի վազի, մորմազգի բանջարային բույսերի վնասատուների տեսակային կազմը, կենսակերպը, տարածվածությունը, կենսաէկոլոգ. առանձնահատկությունները, մշակվել դրանց դեմ պայքարի միջոցներ (Հրանտ Թերլեմեզյան, Ալֆրեդ Գրիգորյան, Արմենակ Տեր-Գրիգորյան, Արա Մանվելյան և ուրիշներ), հմեջ պեստիցիդների մնացորդների որոշման մատչելի մեթոդներ, որոնց օգնությամբ ճշտվել են սպասվելիք անվտանգության ժամկետները (Լևոն Աճեմյան և ուրիշներ)։

Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի էնդոմոտոլոգիայի, ֆիտոպաթոլոգիայի ու պեստիցիդների մնացորդների ուսումնասիրության բաժիններում և լաբորատորիաներում հետազոտվում են մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի ժամանակակից մեթոդներ ու արտադրության մեջ դրանց ներդրման խնդիրները։

Անդրեաս Մելիքյան