Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(2410 մ)՝ Վայքին, Սոթքի լ-անցքով (2366 մ)՝ Թարթառի հովտին։

Կան ոսկու (Սոթք), քրոմի (Շորժա), սնդիկի, պեռլիտի, վանակատի (օբսիդիան), բազալտի, անդեզիտի, հրաբխային խարամի, հրակայուն ապարների, տորֆի (Մասրիկի դաշտ), հանք. (Սևան, Լիճք, Գավառ) և արտեզյան (Մասրիկի արտեզյան ավազան) ջրերի պաշարներ։

Կլիման բարեխառն լեռնային է, չափավոր ցուրտ, արևոտ։ Արևափայլքի տարեկան միջին տևողությունը մինչև 2878 ժ է (Մարտունի), ամպամած օրերի ավազանից թիվը՝ 19 (Արեգունու ափամերձ լանջ)։ Հունվ. միջին ջերմաստիճանը -4,6-ից (Շորժա) -10°C (Սևան ք.) է, նվազագույնը՝ -32°C, հուլիսինը՝ համապատասխանաբար՝ 16°C և 8°C, առավելագույնը՝ 35 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը լճափին 450 մմ է, բարձրադիր գոտում՝ մինչև 970 մմ։ Ձմռանը գոյանում է կայուն ձնածածկույթ։ Անսառնամանիք օրերի թիվը լճափին 150 է, բարձրադիր գոտում՝ 80-90։ Ձմռանը գերիշխում են արմ. և հվ-արմ. ցուրտ հոսանքները։ Լճափնյա գոտուն բնորոշ են բրիզները (հատկապես՝ ամռանը)։

Ջրագր. ցանցը պատկանում է Սևանա լճի ավազանին։

Շրջանում կան 29 գետ ու գետակ, առավել խոշոր են Գավառագետը, Արգիճին, Վարդենիսը, Մասրիկը, Ձկնագետը, որոնք թափվում են Սևանա լիճը։ Լճից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը։ Տարածքում են Որոտան-Արփա-Սևան ջրատեխ. համալիրի հս. մասը, Գեղարքունիքի, Լանջաղբյուրի ջրամբարները, Սարուխանի, Նորատուսի ջրանցքները։

Հողաբուս. ծածկույթն ու կենդ. աշխարհը բազմազան են և ենթակա վերընթաց լանդշաֆտային գոտիականության։ Գերիշխողը լեռն. տափաստանն է։ Լեռների բարձրադիր գոտում գերիշխում են մարգագետինները, 2800 մ-ից բարձր՝ ալպյան գորգերը։ Ձկնագետի հովտում պահպանվել են անտառների մնացուկներ, Սևանի լ-շղթայի արմ. լանջերին՝ կաղնուտներ։ Լճի ջրից ազատված որոշ տարածքներ անտառապատված են փշարմավի, բարդու, ուռենու, սոճու տնկարկներով։

Սևանա լճում կան իշխան, բախտակ, կոդակ, սիգ (կլիմայավարժեցված), գետերում՝ կարմրախայտ։ Շրջանի կենտրոնական հատվածը ներառված է Սևան ազգային պարկի մեջ։ Լճափերին ստեղծվել է հանգստյան գոտի։

Վայքի ֆիզիկաաշխարհագրական շրջան

Վայքի ֆիզիկաաշխարհագրական շրջանի տարածքը 2300 կմ2 է՝ ՀՀ տարածքի 7,7 %-ը։

Վայքի ֆիզիկաաշխարհագր. շրջանն ընդգրկում է ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքը՝ Արփայի վերին և միջին ավազանները։ Եզրավորված է Սյունիքի բարձրավանդակով, Զանգեզուրի, Վայքի, Վարդենիսի լեռնաշղթաներով։ Սևանի ավազանին կապվում է Սուլեմայի, Սյունիքին՝ Որոտանի, Արարատյան գոգավորությանը՝ Զովաշենի լ-անցքներով, Նախիջևանին՝ Արփա գետի հովտով։

Ընդարձակ գոգավորություն է՝ բնական պայմանների մեծ հակադրություններով, 920 (Արփայի հովիտ)-3522 (Վարդենիս լ) մ բարձր-ներում՝ երկրաշարժաակտիվ գոտում։ Բնորոշ են անդնդախոր կիրճերը (Արփայի, Եղեգիսի), հեղեղատներն ու ձորերը, որով պայմանավորված է տեղանունների «ձոր» վերջավորությունը (Վայոց ձոր, Եղեգնաձոր, Աղավնաձոր, Գլաձոր և այլն)։ Լեռն, խիստ կտրտված մակերևույթը, ռելիեֆի հրաբխային (կոներ, լ-զանգվածներ, լավային հոսքեր, քարակարկառներ ևն) ու սառցադաշտային (3000 մ-ից բարձր) ձևերի, գոգահովիտների (Ջերմուկի, Արփայի, Գնիշիկի և այլն) զառիթափ անհամաչափ լանջերով լ-ճյուղերի (Թեքսարի, Արտա- վանի, Գայլասարի, Գնիշիկի, Հարսնասարի ևն), քարափների, նեղ ու երկար սարավանդների (Ջերմուկի, Աղավնաձորի,