Էջ:Armenia Encyclopedia.djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգելեզվաբանությունը, լեզվաբան․ տիպաբանությունը, կատարվում են մեքենայական թարգմանության փորձեր, և մշակվում են լեզվի ձևականացված քննության մեթոդներ՝ համակարգչի կիրառությամբ։

Նոր շրջանում ստեղծվել են աշխատություններ, բառարաններ, ուսումնական ձեռնարկներ [Հեղինակային կոլեկտիվ, «Հայոց լեզվի բարբառային բառարան», հ. 1-6 (2001-10), Վազգեն Համբարձումյան, «Հայերենի Աստված բառի ծագումն ու տիպաբանությունը» (2002), Գ. Ջահուկյան, «Լեզվի համընդհանուր տեսություն» (անգլ., 2003) և «Հայերեն ստուգաբանական բառարան» (2010), Լավրենտի Հովհաննիսյան, «Հայ-իրանական նոր ստուգաբանություններ» (2005), Ամալյա Բարսեղյան, «Անվանական բաղադրյալ ստորոգյալը ժամանակակից հայերենում» (2007), Սերգեյ Գալստյան, «Փոխաբերացման հոգելեզվաբանական վերլուծություն» (2008), «Գրաբարի բառարանագրության և բառագիտության հարցեր» (2009), «Լատինաբան հայերենի պատմություն. 14-18-րդ դդ.» (2010)]։

Հայոց լեզվի ինքնուրույն դիրքի որոշումից հետո հայ-ը դրվել է գիտական լայն շրջանառության մեջ և տարբեր երկրների լեզվաբանների ուշադրության կենտրոնում է։ Նրանց հատկապես հետաքրքրում են հայ-ի ծագման, նրա բնույթի, մերձավոր ցեղակցության, տարածքային կապերի, պատմ. զարգացման ընթացքի, լեզվ. շփումների և այլ հարցեր, որոնց լուծման համար մեծ ավանդ ունեն Հ. Հյուբշմանը, Կարլ Բրուգանը, Հերման Օստհոֆը, Լարվիգ Բուգգեն, Ա. Մեյեն, Հ. Պեդերսենը, Ջուլիանո Բոնֆանտենը, Ֆրանց Բոպպը, Գեորգ Սոլտան, Կարլ Շմիդտը, Ռյուդիգեր Շմիտը, Ռոբեր Գոդելը, Ֆրեդերիկ Ֆեյդին, Ն. Մառը, Վյաչեսլավ Իվանովը, Թամազ Գամկրելիձեն և ուրիշներ։ Ընդհանուր լեզվաբանությանն իրենց նպաստն են բերել Ստեփան Բարխուդարովը, Ռուբեն Ավանեսովը, Ռուբեն Բուդաղովը և ուրիշներ։

Գրկ. Ջահուկյան Գ., Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում, Ե., 1954։ Նույնի, Գրաբարի քերականության պատմություն (XVII-XIX դդ.), Ե., 1974։ Աղայան Է., Հայ լեզվաբանության պատմություն, հ. 1-2, Ե․ 1958-62։ Ամալյան Հ., Միջնադարյան Հայաստանի բառարանագրական հուշարձաններ, հ. 1-2, Ե., 1966-71։ Գասպարյան Գ., Հայ բառարանագրության պատմություն, Ե., 1968։ Հովսեփյան Լ․, Սովետահայ լեզվաբանությունը 60 տարում, Ե., 1982։ Джаукян Г. Б., Языкознание в Армении в V—XVIII вв., в кн.։ История лингвистических учений. Средневековый Восток, Л., 1981; Նույնի, Языкознание, в кн.։ Достижения науки в Советской Армении, Е., 1984; Schrumpf G. A., On the Progress of Armenian Study, “L’Armenie", P., 1890-91; Karst J., Geschichte der armenischen Philologie, Heidelberg, 1930; Godel R., Diachronic Armenian, “Current Trends in Linguistics", № 6, London-The Hague-Paris, p. 139-159, 1971; Schmitt R., Die Erforschung des Klassich-Armenischen seit Meillet (1936), “Kratylos", XVII, 1, 1972.

Լիանա Հովսեփյան


ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայ իրականության մեջ գեղարվեստական գրակ-յան մասին տես. ըմբռնումների և դրանց որոշակի կիրառության առաջին գրավոր վկայությունները հանդիպում են V դ-ի պատմիչների երկերում։ Ագաթանգեղոսը, Կորյունը, Փավստոս Բուզանդը, Եղիշեն, Ղազար Փարպեցին և մանավանդ Մովսես Խորենացին իրենց երկերում բազմաթիվ վկայություններ են թողել այն մասին, թե հեթանոս. շրջանում և քրիստոնեության առաջին դարերում հայերն ինչպես են հասկացել ժողովրդական բանահյուսության և գրակ-յան հարցերը։ Արդեն այդ ժամանակ ձևավորվել են գեղագիտ-գրականագիտական որոշակի ըմբռնումներ, որոնք մարմնավորել են այդ շրջանի գրակ-յան խնդիրների վերաբերյալ գոյություն ունեցող պատկերացումները։ Մովսես Խորենացին, օրինակ, առաջ է քաշել ազգային բովանդակությամբ մատենագրություն ստեղծելու խնդիրը, որը պետք է հենվի ոչ միայն ազգային պատմության, այլև ժողովրդական ստեղծագործության՝ ազգային վեպի, զրույցների, երգերի վրա։

Հին և միջին դարերում գրականագիտական ըմբռնումները սերտորեն շաղկապված են փիլ., պատմագիտական, ճարտասան․ և քերական․ հարցադրումների հետ։ Գրական շատ խնդիրներ արծարծվել են «հունաբան դպրոցի» և մյուս միջնադարյան քերականների աշխատություններում։ Այստեղ բուն լեզվաբան․ հասկացությունների կողքին հաճախ բացատրվել են նաև ժանրերի, տաղաչափության, գեղարվեստական պատկերավորման հետ կապված բազմաթիվ հարցեր։ Շարունակելով անտիկ բանասիրության ավանդույթները՝ հայ մեկնիչներն անդրադարձել են նաև գրականագիտական մի շարք հասկացությունների։ Այս առումով հարուստ նյութեր են պարունակում Մովսես Խորենացուն վերագրվող «Պիտոյից գիրքը» (V դ.), Դավիթ Քերականի (V-VI դդ.), Անանուն Մեկնիչի (V դ. կամ VII դ.), Ստեփանոս Սյունեցու (VIII դ.), Գրիգոր Մագիստրոսի (X-XI դդ.), Հովհաննես Երզնկացու (XIII դ.), Եսայի Նչեցու (XIII-XIV դդ.), Առաքել Սյունեցու (XIV-XV դդ.), Դավիթ Զեյթունցու (XVI-XVII դդ.) և ուրիշներ քերական․ մեկնությունները։

Հայ գրականագիտական մտքին որակապես նոր թափ է հաղորդել Մխիթարյանների գործունեությունը, որն ուներ շեշտված հայագիտական և բանասիր. ուղղվածություն։ Գեղարվեստական գրակ-յան մեջ ձևավորվող հայկական կլասիցիզմին զուգընթաց ստեղծվել է նաև նրա տեսությունը։ Մեր իրականության մեջ կլասիցիզմի հայ տեսաբաններն առաջինն են համակարգված ներկայացրել գրականագիտական հիմն. հասկացությունները՝ զուգակցելով այն ազգային և համաեվրոպ. գեղարվեստական և տես. մտքի փորձը։ Հատկապես արժեքավոր