էին Խաչատուր Էրզրումեցու «Համառօտական իմաստասիրութիւն» (1711), Ստեփանոս Ագոնցի «Ճարտասանութիւն» (1775), Սարգիս Տիգրանյանի «Ինչ ինչ զեղերերգութենէ» (1834) աշխատությունները, իսկ Էդուարդ Հյուրմյուզյանի «Առձեռն բանաստեղծութիւն» (1839) գիրքը գրակ-յան տեսության հայերեն առաջին ամբողջ․ ձեռնարկն է։ Այդ ոլորտում նշանակալի դեր են կատարել նաև Արսեն Բագրատունու «Յաղագս բանաստեղծական լեզուի գաղղիացւոց» դասագրքի հավելվածը, ինչպես նաև Վերգիլիոսի «Մշակականք»-ի թարգմանության առաջաբանը։
XIX դ-ում պարբ. մամուլի և հասարակական մտքի ակտիվացման պայմաններում, իբրև գրականագիտության ինքնուրույն բաժին, ձևավորվել է հայ գրական քննադատությունը։ Այդ գործում նշանակալի ավանդ են ունեցել «Բազմավեպ», «Մեղու», «Արևելք», «Արևմուտք» պարբ-ները և մանավանդ «Հյուսիսափայլը»։ Գրականագիտական միտքն ակտիվորեն մասնակցել է հայ գրակ-յան լեզվի և բովանդակության նորացմանը, աշխարհականացմանը։ 1850-60-ական թթ-ի գրականագիտության զարգացման մեջ խոշոր դեր են կատարել Ստեփանոս Նազարյանը, Ստեփան Ոսկանյանը, Հարություն Սվաճյանը, Մկրտիչ Էմինը («Վէպք հնոյն Հայաստանի», 1850), Գևորգ Ախվերդյանը («Սայաթ-Նովա», 1852) և ուրիշներ։ Գիտական և հասարակական մտքի վրա մեծ ազդեցություն է ունեցել Միքայել Նալբանդյանի գործունեությունը, որը գրակ-յան մեջ հիմնավորել է ռեալիզմի և ժողովրդայնության սկզբունքները, կարևորել քննադատության դերն ազգային գրակ-յան զարգացման ընթացքում՝ նրա բուն ոգու բացահայտման համար։
XIX դ-ի կեսերից աշխուժացել է հետաքրքրությունը հայ ժողովրդական բանահյուսության և դիցաբանության նկատմամբ, եվրոպ. և ռուս գրականագիտության մեջ լայնորեն տարածված դիցաբան․ դպրոցի սկզբունքները որոշակիորեն դրսևորվել են նաև Հայաստանում (Մ. Էմին, Գ. Ախվերդյան, Գարեգին Սրվանձտյանց, Ստեփան Պալասանյան)։ Սկսվել է բանահավաքչության և կուտակված նյութի տես. քննության շրջանը։ Միաժամանակ փորձեր են արվել ստեղծելու հայ գրակ-յան համակարգված պատմություն՝ ընդգրկելով գերազանցապես հին և միջնադարյան շրջանները. Ս. Նազարյանի «Թռուցիկ ակնարկ հայկազյան գրականության մինչև 13-րդ հարյուրամյակի վերջը» (1844), «Տեսություն նորագույն շրջանի հայկազյան գրականության» (1846, երկուսն էլ՝ ռուս․), Հովսեփ Գաթըրճյանի «Պատմութիւն մատենագրութեան հայոց» (1851), Ս. Պալասանյանի «Պատմութիւն հայոց գրականութեան» (1865), Գարեգին Զարբհանալյանի «Պատմութիւն հայերեն դպրութեանց» (հ. 1-2,1865-78), Եղիշե Դուրյանի «Պատմութիւն հայ մատենագրութեան ի վաղ ժամանակաց մինչեւ մեր օրերն» (1886) և այլն։ Ավելի ուշ հրատարակվել են հայ նոր գրակ-յան առանձին ճյուղերի պատմության վերաբերյալ աշխատություններ. Լեոյի «Ռուսահայոց գրականութիւնը սկզբից մինչեւ մեր օրերը» (1904), Արփիար Արփիարյանի «Պատմութիւն ԺԹ դարու Թուրքիոյ հայոց գրականութեան» (1902-04), Լևոն Մանվելյանի «Ռուսահայ գրականութեան պատմութիւնը» (1909- 1912)։ Հայ գրակ-յան առաջին ամբողջ․ պատմությունն ստեղծել է Վրթանես Փափազյանը («Պատմութիւն հայոց գրականութեան սկզբից մինչև մեր օրերը», 1910)։
Հայ գրականագիտության զարգացման առանձին և շատ նշանակալի շրջան է XIX դ-ի վերջը և XX դ-ի սկիզբը։ Մի կողմից շարունակել է զարգանալ դաս. բանասիրությունը (Ավետիք Բահաթրյան, «Հին հայոց տաղաչափական արուեստը», 1891, Մանուկ Աբեղյան, «Հայ ժողովրդական առասպելները Մ. Խորենացու «Հայոց պատմութեան» մէջ», 1899, «Հայ ժողովրդական վէպը», 1908, և այլն ), մյուս կողմից զարգացման նոր աստիճանի են հասել գրական քննադատության տարբեր հոսանքներն ու ձևերը։ Լայնորեն տարածվել է կուլտուր-պատմ. դպրոցը, որը գրական-գեղարվեստական երևույթների ծագումն ու զարգացումը բացատրել է բնական-հասարակական պայմաններով՝ շեշտը դնելով աշխարհագր. միջավայրի, ազգային նկարագրի և երկի ստեղծման ժամանակի վրա։ Այդ դպրոցի ազդեցությունը դրսևորվել է Գրիգոր Արծրունու, Ալեքսանդր Շիրվանզադեի, Նիկոլ Աղբալյանի քննադատ․ հոդվածներում, Եղիշե Մադաթյանի, Վահան Նալբանդյանի, Արշակ Չոպանյանի, Լեոյի, Կարապետ Կուսիկյանի («Գրական դեմքեր», 1912), Սիմեոն Հակոբյանի և ուրիշներ գրականագիտական երկերում և հոդվածներում։ Կուլտուրպատմ. դպրոցի ազդեցությունը նկատելի