է նաև Մ. Աբեղյանի հայացքների վրա («Գրական դպրոցներ», «Նոր Դար», 1896-97)։
Նույն շրջանում Արսեն Տերտերյանն իր աշխատություններում (Մ. Նալբանդյանի, Մուրացանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Հովհաննես Թումանյանի, Լևոն Շանթի, Վահան Տերյանի մասին, 1910-ական թթ.) գրակ-յան քննությանը մոտեցել է «մաքուր գեղարվեստի» չափանիշներով՝ կարևորելով կերպարների հոգեբ. վերլուծությունը, միևնույն ժամանակ մեզանում արմատավորել է գրականագիտության հոգեբ. դպրոցը։ Հարություն Սուրխաթյանը, Պողոս Մակինցյանը, Ցոլակ Խանզադյանը և ուրիշներ քննադատ․ հոդվածներով նշանակալի ներդրում են ունեցել այդ շրջանի գրականագիտության մեջ՝ ընդհանուր առմամբ մարքսիստ․ աշխարհայացքի տեսանկյունից մեկնաբանելով ժամանակի գրակ-յան խնդիրները, սակայն նրանցից յուրաքանչյուրն ունեցել է իր անհատականության և գեղագիտական ճաշակի առանձնահատկությունները։
Խորհրդային շրջանում հայ գրականագիտությունը մտել է զարգացման նոր փուլ։ Գրականագիտական միտքը կենտրոնացվել է գիտական և կրթական հաստատություններում՝ ԵՊՀ-ում, Կուլտուրայի պատմության ինստ-ում, 1930-ական թթ-ի կեսերից՝ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի Լեզվի և գրակ-յան ինստ-ում, 1943-ին հիմնադրված ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրակ-յան ինստ-ում։ Խորհրդահայ գրականագիտությունը հասել է խոշոր նվաճումների դաս. գրողների երկերի հրատ-յան, հայ բազմադարյան գրակ-յան պատմության ստեղծման, գրական-տես. հարցերի քննության, գրական կապերի ուսումնասիրման, ինչպես նաև ընթացիկ գրակ-յան խնդիրների գնահատման ուղղությամբ։
1920-30-ական թթ-ից դաս. գրողների երկերի հրատ-ները դրվել են գիտական հիմքի վրա. առաջնեկը Վ. Տերյանի «Երկերի ժողովածուն» է (հ. 1-4, 1923-25)՝ Պ. Մակինցյանի խմբագրությամբ։ Գիտական հրատ-յան բարձր պահանջներով է կազմված նաև Միսաք Մեծարենցի «Երկերի լիակատար ժողովածուն» (1934)՝ Վահրամ Ալազանի և Վաղարշակ Նորենցի խմբագրությամբ։ 1930-ական թթ-ի հրատ-ներից պետք է նշել նաև Հ. Թումանյանի «Գեղարվեստական երկեր»-ը՝ Եղիշե Չարենցի խմբագրությամբ, Գաբրիել Սունդուկյանի «Երկերի լիակատար ժողովածուն»՝ Ս. Հարությունյանի խմբագրությամբ, և այլն։
Հետագա տարիներին հայ դաս. գրողների երկերի հրատ-յան գործն ավելի է ընդլայնվել։ Այդ աշխատանքը հիմնականում կենտրոնացվել է Գրակ-յան ինստ-ի տեքստաբանության բաժնում։ Գրականագետների կոլեկտիվ ջանքերով պատրաստվել են բազմաթիվ հայ գրողների երկերի նոր գիտական հրատ-ներ։
Դաս. գրողների երկերի հրատ-յանը զուգընթաց նորովի է լուսաբանվել նաև հայ գրակ-յան բազմադարյան պատմությունը։ Հայ հին և միջնադարյան գրակ-յան ամբողջ․ պատմությունը գրել է բանասեր, գրականագետ Մ. Աբեղյանը։ Շուրջ կես դար այդ ուղղությամբ կատարած աշխատանքն Աբեղյանն ամփոփել է «Հայոց հին գրականության պատմություն» (հ. 1-2, 1944-46) աշխատությյան մեջ։ Այստեղ ներկայացրել է հայ գրակ-յան ուղին՝ սկսած ժողովրդական բանահյուսության հնագույն նմուշներից և V դ-ի պատմիչ գրողներից։ Աբեղյանը հայ հին մատենագրությունը բնորոշել է իբրև «եկեղեցաքաղաքական մաքառման գրականություն», նա բացահայտել և հիմնավորել է Վերածնության հատկանիշների առկայությունը հայ միջնադարյան բանաստեղծության ու առակագրության մեջ, տարբերակել հայ ժողովրդական վեպի զարգացման հիմն․ փուլերը։
Մ. Աբեղյանից հետո հայ հին և միջնադարյան գրակ-յան ուսումնասիրությունն ընթացել է գերազանցապես երկերի քննական տեքստերի հրատարակման և առանձին հեղինակների, ժանրերի ու խնդիրների մենագր. հետազոտման ուղիով։ Հրատարակվել են միջնադարյան բանաստեղծության բազմաթիվ ժող-ներ, ինչպես նաև պատմիչների երկերը՝ առկա ձեռագրերի համեմատության հիման վրա, հին գրական այլ հուշարձաններ։ Մենագրություններ են գրել Մկրտիչ Մկրյանը՝ Գրիգոր Նարեկացու և Մովսես Խորենացու, Վաչե Նալբանդյանը՝ Եղիշեի և Գրիգոր Նարեկացու, Գ. Հակոբյանը՝ Ներսես Շնորհալու, Ներսես Լամբրոնացու և միջնադարյան շարականների, Պարույր Սևակը՝ Սայաթ-Նովայի, Մայիս Ավդալբեգյանը՝ հայ գեղարվեստական արձակի սկբնավորման, Արմենուհի Սրապյանը՝ Հովհաննես Երզնկացու և հայ միջնադարյան զրույցների մասին։