Էջ:Armenia Encyclopedia.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարժման առանձնահատկությունները։ Չեն շրջանցվել նաև այն քաղաքական, տնտեսական ու սոցիալական դժվարությունները, որոնք հայ ժողովուրդը հաղթահարել ու հաղթահարում է անկախությունից ի վեր՝ պետականության կայացման ճանապարհին։

Տնտեսության առանձին ոլորտների համառոտ պատմությունների շարադրանքում տեղ են գտել նաև ՀՀ և ԼՂՀ Կառավարությունների ձեռնարկած այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ էին շուկայական տնտեսահարաբերությունների նոր համակարգ ստեղծելու համար։

Առանձին բաժիններով ներկայացված են Հայ եկեղեցին ու կրոնական կազմակերպությունները, Սփյուռքը՝ իր համայնքային, հոգևոր ու կրթամշակութային կառույցներով, որոնք այսօր նոր առաքելություն ունեն նորանկախ հանրապետությունների կայացման ու զարգացման գործում։

Գրքում զգալի տեղ է հատկացված գիտություններին, որոնք ներկայացված են 3 խոշոր՝ բնական, հասարակական և տեխնիկական գիտություններ ենթաբաժիններով։ Պատշաճորեն ներկայացված է նաև ՀՀ ԳԱԱ-Ն՝ որպես հանրապետության գիտության կազմակերպման ու կառավարման առանցքային հաստատություն։

Գրքի «Մշակույթ» բաժինը ներառում է «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ճարտարապետություն», «Կերպարվեստ», «Երաժշտություն», «Պարարվեստ», «Թատրոն», «Կրկես», «Կինո» ենթաբաժինները, որտեղ ամփոփված են հայոց բազմադարյան մշակույթի պատմությունն ու արդի վիճակը տվյալ ոլորտում։

Զանգվածային լրատվության միջոցները՝ հայ պարբերական մամուլը, ռադիոն և հեռուստատեսությունը, լրատվական գործակալությունները ներկայացված են իրենց սկզբնավորումից մինչև վերջին շրջանի զարգացումները՝ համացանց, էլեկտրոնային և առցանց լրատվության միջոցներ և այլն։

ՀՀ և ԼՂՀ վարչատարածքային բաժանման բաժիններում ներկայացված են հանրապետությունների մայրաքաղաքներն ու մարզերը (ԼՂՀ-ում՝ շրջանները)՝ պատմական համառոտ ակնարկով, ներկայի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական ու կրթամշակութային ընդհանուր նկարագրով։

Հատորի բաղկացուցիչ մաս են հարուստ պատկերազարդումն ու թեմատիկ քարտեզները, ընդ որում, վերջիններիս մեծ մասը ներկայացված է միացյալ, որով մեկ անգամ ևս ընդգծվում է ՀՀ և ԼՂՀ համապատասխան ոլորտների օրգանական միասնությունը։

Հատորում օգտագործված թվական տվյալները հիմնականում վերցված են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տեղեկագրքերից։

Գրքի վերջում զետեղված Հավելվածներում տրված են ՀՀ և ԼՂՀ նախագահների, Աժ-ների նախագահների, վարչապետների, Հայաստանի Ազգային ու Արցախի հերոսների, մի շարք պետական, հասարակական-քաղաքական գործիչների կենսագրությունները, Խորհրդային Միության և Սոցիալիստական աշխատանքի հայ հերոսների, Փառքի 3 աստիճանի շքանշանակիրների, ինչպես նաև ԽՍՀՄ, ՀՀ և ԼՂՀ պետական և այլ մրցանակակիրների, ճանաչված հայ մարզիկների (օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ) ցուցակները և այլն։

Հակիրճ ներկայացված են նաև այն կուսակցությունները, որոնք ՀՀ անկախացումից հետո երբևէ ընտրվել են ՀՀ օրենսդիր իշխանության բարձրագույն մարմնում։

Հատորը եզրափակում է Ցուցիչը, որտեղ այբբենական կարգով տրված են հիմնական տեքստի շարադրանքում հանդիպող անձնանունները, տեղանունները, կարևոր հասկացությունները, որոնք խիստ օգտակար են ծավալուն գրքում արագ կողմնորոշվելու և անհրաժեշտ տեղեկությունը գտնելու համար։

«Հայաստան» հատորը շուրջ 100 հեղինակի, բազմաթիվ գերատեսչությունների, բուհերի, ակադեմիական ինստիտուտների գիտնականների համատեղ աշխատանքի արգասիք է։

Հայկական հանրագիտարանի գիտահրատարակչական խորհուրդը և հրատարակչության տնօրինությունը խորին երախտագիտություն են հայտնում հեղինակներին, գերատեսչությունների մասնագետներին ու կազմակերպիչներին և այն անհատներին, ովքեր աջակցել են գրքի պատրաստմանը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ,
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ