Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/697

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրված Գևորգ Արմենյանի, Վլադիլեն Բալյանի, Ցոլակ Բեքարյանի, Երվանդ Երկանյանի, Վ. Գրիգորյանի, Ռ. Պետրոսյանի, Ա. Շիշյանի և ուր. խմբերգային ստեղծագործությունները։ Ժողովրդականություն են վայելել Աշոտ Սաթյանի, Է. Հովհաննիսյանի, Խ. Ավետիսյանի, Ա. Աճեմյանի, Վ. Կոտոյանի քնար. երգերը։

1950-70-ական թթ-ին խոշոր ձևի երաժշտ. գործերի (կվարտետ, կվինտետ, տրիո, սոնատ) ստեղծմամբ նշանակալի հաջողությունների են հասել Ա. Բաբաջանյանը, Է. Միրզոյանը, Է. Հովհաննիսյանը, Կ. Օրբելյանը, Ալեքսանդր Փիրումովը, Լևոն Չաուշյանը և ուր., գործիքային մանրանվագի ժանրում՝ Է. Բաղդասարյանը (դաշնամուրային 24 պրելյուդ), Հ. Ստեփանյանը, Գ. Չեբոտարյանը, Ս. Նաղդյանը, Ա. Բոյամյանը։ Վոկալ-կամերային երաժշտության մեջ առանձնանում են Գ. Չթչյանի, Է. Աբրահամյանի, Արզաս Ոսկանյանի, Վարդան Աճեմյանի ստեղագործությունները։

1970-ական թթ-ի կեսից զարգացել է նոր ժանր՝ երաժշտություն կամերային նվագախմբի համար, ինքնատիպությամբ աչքի են ընկել Ա. Զոհրաբյանի «Կոնցերտ-էլեգիան» (1980), «Կոնցերտ-սիմֆոնիան» (1982), Վ. Բաբայանի «Կամերային սիմֆոնիան» (1980), Մ. Իսրայելյանի «Սոնետների տետրը» ձայնի և կամերային նվագախմբի համար (1980), թավջութակի կոնցերտը (1983), Հրաչյա Մելիքյանի «Դաշնամուրի կոնցերտը» (1984) ևն։

Թեմայի նշանակությամբ, ժանրային և ոճ. բազմազանությամբ առանձնանում են Հ. Ստեփանյանի «Հերոսուհին» (1950), Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» (բեմ.՝ 1957), Գ. Արմենյանի «Խորտակում» (բեմ.՝ 1968), Գ. Հախինյանի «Լեգենդի մարդը» (բեմ.՝ 1971), Յուրի Ղազարյանի «Էռնստ Հեմինգուեյ» (1983) օպերաները և Կ. Օրբելյանի «Անմահություն» (բեմ.՝ 1939), Գ. Եղիազարյանի «Անուրջների լիճը» (բեմ.՝ 1968) բալետները։

Հայ դասականների ստեղծագործությունների հիման վրա են գրվել Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (բեմ.՝ 1950), Վարդան Տիգրանյանի «Սոս և Վարդիթեր» (բեմ.՝ 1957), Ա. Այվազյանի «Պարոն Մինթոևը Փարիզում» (բեմ.՝ 1963), Է. Հարությունյանի «Հեքիաթ մեծերի համար» (բեմ.՝ 1970), Յուրի Գևորգյանի «Վերք Հայաստանի» (1976), Վ. Աճեմյանի «Կիկոսի մահը» (բեմ.՝ 1980), Ա. Տերտերյանի «Երկրաշարժ» (1984) օպերաները, Գ. Հախինյանի «Ախթամար», «Ուռենի», «Լոռեցի Սաքոն» մեկ գործողությամբ բալետները (բեմ.՝ 1966), ըստ օտարազգի դասականների՝ Է. Արիստակեսյանի «Պրոմեթևս» (բեմ.՝ 1967), Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես» (երաժշտ. կոմպոզիցիան՝ Է. Հովհաննիսյանի, բեմ.՝ 1982), Վ. Բաբայանի «Պիգմալիոն» (1973), Ե. Երկանյանի «Օրեստես» (1974) և «Էդիպ արքա» (1975), Ա. Տերտերյանի «Ռիչարդ III» (1979) բալետները։

Ստեղծվել են մանկ. երաժշտության բազմաթիվ գործեր՝ գործիքային պիեսներ, երգեր, խմբերգեր ևն (Ա. Խաչատրյան, Է. Միրզոյան, Տ. Մանսուրյան, Ռ. Ամիրխանյան, Լ. Սաֆարյան, Ս. Սամվելյան, Գ. Չթչյան, Ա. Օհանյան, Ա. Լուսինյան, Ռ. Պետրոսյան, Է. Միհրանյան և ուր.)։ Հայտնի են Ա. Տեր-Ղևոնդյանի «Արեգակի ցոլքերում» (բեմ.՝ 1949), Յ. Գևորգյանի «Խարույկ» (բեմ.՝ 1959), Ս. Ջրբաշյանի «Գիքոր» (բեմ.՝ 1974) օպերաները, Մ. Մազմանյանի «Ճուտիկ» (1974, վերջին խմբ.), Հ. Մելիք-Մուրադյանի «Կարմիր գլխարկը» (բեմ.՝ 1962), Բորիս Սակիլարիի «Չոփչոփիկը» (բեմ.՝ 1962, 2-րդ խմբ. բեմ.՝ 1981) բալետները ևն։

Մարգարիտ Հարությունյան
Նորագույն շրջանի երաժշտությունը

Անկախության հռչակումից (1991) հետո երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմանները բացասաբար են ազդել նաև երաժշտարվ-ի զարգացման վրա։ Առաջին տարիներին անհատ ստեղծագործողները և երաժշտ. խմբերը մնացել են առանց պետական հոգածության, որի պատճառով նրանց մի մասը լուծարվել է։ Սակայն իրավիճակն աստիճանաբար կարգավորվել է, որին նպաստել են նաև սփյուռքահայ արվեստագետները։ Առաջիններից էր դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը. 1989-2000-ին նա ղեկավարել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, կազմակերպել սիմֆոնիկ երաժշտության փառատոներ («Աշխարհը և մենք», «Արամ Խաչատրյան-90», «Եղեռնից մինչև անկախություն...»), «Հոգևոր