Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/698

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երաժշտության ժամ» համերգաշարը և այլն։ 1991-ին հիմնել է Գյումրիի մշակութ. կենտրոնը։ 2000-ից Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Էդուարդ Թոփչյանն է. նվագախումբը բազմաթիվ համերգներով հանդես է եկել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Հանրաճանաչ դիրիժոր Օհան Դուրյանը 1991-94-ին եղել է ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-գեղարվեստական ղեկավարը, 1999-2002-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը և իր բարձր արվ-ով մեծապես նպաստել է թատրոնի առաջընթացին։ Դիրիժոր և կոմպոզիտոր Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ (1997-2011) Հայաստանի կամերային նվագախումբը հասել է կատարող․ բարձր մակարդակի, աչքի ընկել ինքնատիպ մեկնաբանումներով։

Վերջին շրջանում ավելի հաճախ են կազմակերպվում հնագույն և հոգևոր երաժշտության համերգներ («Տաղարան», 1981, 1994-ից՝ գեղարվեստական ղեկ. Սեդրակ Երկանյան, «Շարական», 1991, հիմնադիր, գեղարվեստական ղեկ.՝ Դանիել Երաժիշտ)։ ՀՀ մշակույթի նախարարությանը կից ստեղծվել է Հոգևոր երաժշտության կենտրոն (2007), որի նախաձեռնությամբ կազմակերպվում են հոգևոր երաժշտության համերգաշարեր։

Նորագույն շրջանում շարունակել են ստեղծագործել ավագ սերնդի ճանաչված կոմպոզիտորները։ Էդգար Հովհաննիսյանը նոր իրականությունն իմաստավորել է իր խոհափիլ. երկերում («Գողգոթա», սիմֆոնիկ պոեմ, 1993, «Գրիգոր Նարեկացի», օրատորիա, 1995)։

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը XX դ-ի եվրոպ. և հայ ազգային երաժշտ. մշակույթի լավագույն ավանդույթների համադրումն է։ Նոր գործերից են՝ «Գարնան երգեր» (1993, խոսք՝ Հ. Թումանյանի), Կոնցերտ ալտի և նվագախմբի համար (1995), «Արվեստ Քերթության» երգչախմբի համար (1997-99, խոսք՝ Ե. Չարենցի), «Կտակարան» լարային քառյակի համար (2004), «Ռեքվիեմ» (2011) և այլն։

Ուշագրավ են Ա. Հարությունյանի (Կոնցերտ տրոմբոնի և նվագախմբի համար, 1991, տրիո-սյուիտներ, 1992, 1998, և այլն ), Մարտուն Իսրայելյանի (Կվարտետ, 1991, Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, 2002, և այլն), Ադամ Խուդոյանի («Արա լեռ», սիմֆոնիա, 1994, սոնատներ և այլն), Վահրամ Բաբայանի («Դեպի լույս», 1995, «Փոքրիկ իշխան», 1998, բալետներ, և այլն), Գագիկ Հովունցի (Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, 1997, դաշնամուրային մանրանվագներ և այլն), Յուրի Հարությունյանի (խմբերգային ստեղծագործություններ), Արամ Սաթյանի («Լիլիթ», ռոք-օպերա, բեմ.՝ 2002, 2005, նաև կինոնկարը՝ 2011, ռեժ.՝ Ա. Սուքիասյան) և ուրիշներ ստեղծագործություններ։

Այս շրջանի հայ երաժշտության զարգացման մեջ նշանակալի ավանդ ունեն նաև կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանը, Աշոտ Զոհրաբյանը, Ռուբեկ Սարգսյանը, Միխայիլ Կոկժաևը, Լևոն Չաուշյանը, Ստեփան Շաքարյանը, Յուրի Գալստյանը, Վարդան Աճեմյանը, Սոֆա Ազնաուրյանը, Արմենուհի Կարապետյանը և ուրիշներ։

Նոր ներկայացումներ են բեմադրվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում՝ Լ. Ճգնավորյանի «Օթելլո» (1993), Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ» (1999, երկուսն էլ՝ բալետմայստեր՝ Վ. Գալստյան), Ա. Խաչատրյանի «Հավերժություն» (2003, բալետմայստեր՝ Մաքսիմ Մարտիրոսյան), «Սպարտակ»