Բալետ
Հայկական բեմ. պարի ու բալետի ստեղծման առաջին քայլերն արվել են XIX դ-ի կեսին։ Բալետի առաջին մշտ. խումբը գործել է Կ. Պոլսի «Արամյան թատրոնում». հայտնի էին պարողներ Գևորգ Չիլինկիրյանը (Զեննե Գևորգ), Թագուհին, Անտիկը, Մառին և ուրիշներ։
Բեմ. պարի զարգացմանը մեծապես նպաստել է հայկական օպերետային թատրոնը, որտեղ պարային տեսարաններում հանդես են եկել դերասանուհիներ Անտիկ Չուխաճյանը, Գոհարիկ Շիրինյանը, Վիրգինիա Գարագաշյանը, Աստղիկը։ Պարերը բեմադրել է Երանոս Չափրաստը, որը հիմնադրել է նաև կենցաղային-պարահանդեսային պարի դպրոցներ Կ. Պոլսում (1868), ապա՝ Զմյուռնիայում և Ադանայում։
1860-70-ական թթ-ից պարեր են ստեղծել հասարակական գործիչ Գալուստ Կոստանդյանը, դերասաններ Գարեգին Ռշտունին և Սերովբե Պենկլյանը։ Կոմպոզիտոր Տիգրան Չուխաճյանն իր «Արշակ Բ» և «Զեմիրե» օպերաներում ստեղծել է բազմաթիվ կենցաղային պարեր, օպերետներում («Արիֆ», «Քյոսե Քեհյա», «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»)՝ պարային տեսարաններ, ինչպես և բալետային ինտերմեդիաներ։
1870-ական թթ-ից արևելահայ թատրոնում կատարվել են հայկական և ասիական պարեր՝ թե՛ հայ դրամատուրգների (Հովհաննես Գուրգենբեկյան, Միքայել Տեր-Գրիգորյան, Գաբրիել Սունդուկյան և ուրիշներ) պիեսների բեմադրություններում, թե՛ համերգներում։ 1900-ին Վերգինե Խաչիկյանը (Կ. Պոլիս) արլ. պարերով Փարիզում մասնակցել է համաշխ. փառատոնի։
XX դ-ի սկզբին Արշակ Պենկլյանի, Ամիրագոյի (Պողոս Ամիրաղյան), Հովսեփ Ոսկանյանի, Բաղդասարյան-Սուրաբյանի օպերետային խմբերում հանդես են եկել հայ պարողներ ու պարուհիներ, առավել աչքի են ընկել դերասանուհիներ Արուս Ոսկանյանը, Լյուսի Սևումյանը, Մաշա Սուրաբյանը։
1910-ական թթ-ին բալետի պարող Կորգանովը ելույթներ է ունեցել Բաքվում՝ Մայիլյանների թատրոնում, Ամիրագոյի օպերետային խմբում, 1920-ական թթ-ից եղել է Բաքվի օպերայի և բալետի թատրոնի մենապարող։ Բաքվում է ստեղծագործել նաև պարերի բեմադրող Սերգեյ Կևորկովը, որը մեծապես նպաստել է ադրբ. ազգային բալետի զարգացմանը։
Նույն թվականներին մեծ համբավ է վայելել Արմեն Օհանյանը (Սոֆյա Փիրբուդաղյան), որն արլ. պարերում օգտվել է ամերիկացի պարուհի Այսեդորա Դունկանի «ազատ» ոճից։ 1920-ական թթ-ին Թիֆլիսի օպերայի և բալետի թատրոնում ասիական պարերով հանդես է եկել Ալբերտը (Գ. Շահինով)։ Հ. Ոսկանյանի, Գրիգոր Սյունու և այլոց օպերետներում նույնպես առանձնակի տեղ են գրավել ասիական ու հայկական պարերը։ Հիշարժան են նաև Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի պարային տեսարանները։ 1917-ին Սրբուհի Լիսիցյանը Թիֆլիսում հիմնադրել է Արտասանության ռիթմի և պլաստիկայի ստուդիա (1924-ին վերակազմավորվել է Ռիթմի և պլաստիկայի ինստ-ի), որը համերգներով հանդես է եկել Թիֆլիսում, Բաքվում, Մոսկվայում։ Ստուդիայի շրջանավարտներ Նազելի և Թամար Լիսիցյանները, Թամար Ադամյանը, Աննա Դուրինյանը, Հ. Սիրունյանը, Շողիկ Վարոսյանը և ուրիշներ մեծ ներդրում ունեն հայ պարարվ-ի կատարող., բեմադրական ու դասավանդման բնագավառներում։
Խորհրդային շրջանի բալետը։ Պրոֆեսիոնալ բալետային արվ-ը Հայաստանում զարգացել է խորհրդային իշխանության հաստատումից հետո։ 1920-ական թթ-ին մի շարք հայազգի բալետի արտիստներ, կրթություն ստանալով Թիֆլիսի Մ. Պերինիի և Միխայիլ Մորդկինի, Բաքվի Մ. Կևորկովի ստուդիաներում, դարձել են օպերայի և բալետի թատրոնի մենակապարողներ՝ Սերգեյ Սերգեև (Վարդանբաբով), Ս. Գորսկի (Տեր-Ղևոնդյան), Գ. Բարխուդարով, Դմիտրի Շիկանյան, Լ. Բեկտաբեկովա, Կ. Էջուբովա, Լ. Լեոնով, Հ. Ապրեսով և ուրիշներ։
Հայկական ազգային բալետի հիմնադիրներից Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան) նույնպես