Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/705

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշխատել է Հայաստանից դուրս՝ Թիֆլիսի, Բաքվի, Տաշքենդի, Կազանի և այլ օպերային թատրոններում։ Համերգային ծրագրերում պարերով հանդես են եկել Վահրամ Արիստակեսյանը, Ն. Լիսիցյանը, Մարիա Լիսիցյանը, Թ. Լիսիցյանը, Ա. Ախշարումյանը։ Ն. Սաֆարյանը (Սաֆարովա)՝ Բաքվում, Ս. Լիսիցյանը, Թ. Ադամյանը, Գ. Բարխուդարովը՝ Թիֆլիսում, Ն. Լիսիցյանը և Վ. Արիստակեսյանը Երևանում բեմադրել են պարային տեսարաններ։

1922-ից Մ. Վանշիրի ղեկավարությամբ գործել է Դոնի Ռոստովի երաժշտ. կոմեդիայի հայկական թատրոնը, իսկ 1923-ին Շարա Տալյանը Լենինականում կազմակերպել է օպերա-օպերետային թատերախումբ. բալետի խմբում էին Թ. Ճաբուկիանին, Ս. Գորսկին և ուրիշներ, բալետային տեսարաններ են բեմադրել Ս. Սերգեևը, Ս. Լիսիցյանը, Ս. Գորսկին, Դ. Շիկանյանը։ Պարերով աչքի են ընկել նաև այդ օպերետային խմբերի դերասանուհիներ Ե. Լուսինյանը, Մարիաննա Սեդմարը, Աննա Ղումաշյանը և ուրիշներ։

1923-24-ին Երևանում գործել են Ս. Մխիթարյանի կենցաղային պարերի և Վ. Ավետիքյանի ռիթմի ու պլաստիկայի դպրոցները։ 1924-ին Վ. Արիստակեսյանը հիմնել է պարարվ-ի ստուդիա, որտեղ դասավանդվել են հայկական, կովկասյան, դաս. և բնութագր. պարեր։ 1926-ին ստուդիայի սաների ուժերով բեմադրվել է Հայաստանում առաջին բալետային ներկայացումը՝ Լեո Դելիբի «Կոպելիան»։ Ստուդիայի սաներից Էդուարդ Մանուկյանը, Պավլինե Բուռնազյանը, Մ. Ալավերդյանը, Զարեհ Մուրադյանը դարձել են Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլի ու Երևանի օպերայի և բալետի թատրոնի (1933, 1939-ից՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան) մենապարողներ և բալետմայստերներ։

1962-ին Իջևանում կազմակերպվել է բալետի ստուդիա (հիմնադիր և ղեկ.՝ Ժենյա Խաչատրյան)։ 1980-ին ստեղծվել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության կամերային բալետի խումբը (ղեկ. և բալետմայստեր՝ Ռուդոլֆ Խառատյան)։

1933-ին Վլադիմիր Պրեսնյակովն ստեղծել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի բալետի խումբը և թատրոնին կից բալետի ստուդիան (1934-ին)։ Բալետի խումբն առաջին անգամ հանդես է եկել Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի պարային տեսարաններում (1933, բալետմայստերներ՝ Վ. Պրեսնյակով և Վ. Արիստակեսյան)։ 1938-ին թատերախումբը համալրվել է Լենինգրադի պարարվ-ի ուսումնարանի շրջանավարտներով։ Բալետմայստեր Յուրի Ռեյնեկեն բեմադրել է առաջին բալետային ներկայացումը՝ Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» (1935), իսկ Ե. Կուզնեցովը՝ պարեր՝ Ալեքսանդր Դարգոմիժսկու «Ջրահարսը» օպերայում։

Հայկական ազգային պրոֆեսիոնալ պարարվ-ի սկզբունքները մշակվել են ազգային օպերաներում։ Պարեր են բեմադրել Վ. Արիստակեսյանը (Ա. Սպենդիարյանի «Ալմաստ», Արմեն Տիգրանյանի «Անուշ», 1935), Ս. Լիսիցյանը (Հարո Ստեփանյանի «Քաջ Նազար», 1934, «Լուսաբացին», 1938), Ի. Արբատովը (Ռիկարդո Դրիգոյի «Առլեկինադա», 1938, Բորիս Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը», 1939, Տիգրանյանի «Անուշ», Ա. Սպենդիարյանի «Ալմաստ»)։

1939-ին ստեղծվել է ազգային առաջին՝ Արամ Խաչատրյանի «Երջանկություն» բալետը (բալետմայստեր՝ Ի. Արբատով), որտեղ համադրվել են դաս. բալետի և հայկական ժողովրդական պարաձևերն ու լեզուն։

1940-41-ին Միխայիլ Մոիսեևի ղեկավարությամբ բեմադրվել են Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա», Անուշավան Տեր-Ղևոնդյանի «Անահիտ», Չեզարե Պունիի «Սապատավոր ձիուկը» բալետները։

1945-60-ական թթ-ին խաղացանկը համալրվել է ազգային բալետներով. Ա. Խաչատրյանի «Գայանե» (1947, բալետմայստեր՝ Նոնա Անիսիմովա), «Խանդութ» (ըստ Ա. Սպենդիարյանի երաժշտության, 1951, բալետմայստերներ՝ Վ. Վարկովիցկի, Զ. Մուրադյան, 1960, բալետմայստերներ՝ Զ. Մուրադյան, Լեոնիդ Լավրովսկի) Գրիգոր Եղիազարյանի «Սևան» (1956), Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» (1957, երկուսն էլ՝ բալետմայստեր՝ Ի. Արբատով),