Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/732

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(«Այլընտրանք», 1993, և այլն), Միքայել Վաթինյանը («Բոժոն», 2007, և այլն), Արման Մանարյանը («Տգետը», 1995, և այլն), Դավիթ Սահակյանցը («Երաժշտական այբուբեն», 2007, «Հայրեններ», 2010, և այլն), Հայկ Սահակյանցը («Հետապնդում», 2009, և այլն) և ուրիշներ։

Լուրջ և երկարատև աշխատանք էր հայկական էպոսի հիման վրա «Սասնա ծռեր» անիմացիոն լիամետրաժ ֆիլմի ստեղծումը, որն Ա. Մանարյանն ավարտել է 2009-ին. ուշագրավ են կինոնկարի պատկերային տեսաշարը, արտահայտչ. լուծումները։ Նկարահանվել է Ռ. Սահակյանցի ծավալուն ծրագրի՝ «Ճանապարհ դեպի տուն» բազմամաս մուլտֆիլմի (գործողությունները կատարվում են 2050-ին) միայն 4 մասը՝ «Տիգրանակերտ» (2005), «Բաղեշ» (2006), «Մուշ» (2007), «Ախթամար» (2008)։

2009-ին ՀՀ-ում հիմնադրվել է «Ռեանիմանիա» միջազգային ամենամյա կինոփառատոնը (հիմնադիր-տնօրեն՝ Վրեժ Քասունի)։

Արդի հայկական մուլտկինոյի զարգացմանը նպաստել են նաև սցենարիստներ Դ. Սահակյանցը, Արմեն Վաթյանը, կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանը, Ավետ Տերտերյանը, հնչյունային օպերատոր Կարեն Կուրդիյանը, նկարիչներ Ս. Դոմբայանը, Ն. Մուրադյանը, Իգոր Պատրիկը, Ն. Սահակյանցը և ուրիշներ։

Սվետլանա Գուլյան, Սերգեյ Գալստյան


ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Ժողովրդական ստեղծագործությունը (ժողովրդական գեղարվեստական ստեղծագործություն, բանահյուսություն և այլն) ժողովրդի ստեղծած և նրա առօրյայում կենցաղավարող բանաստեղծությունն է, երաժշտությունը, թատրոնը, պարը, ճարտ-ը, կերպարվ-ն ու դեկորատիվ-կիրառ. արվ-ը։ Գեղարվեստական ստեղծագործության մեջ ժողովուրդն արտացոլում է իր աշխատանքային գործունեությունը, հասարակական և կենցաղային կացութաձևը, կյանքի և բնության ճանաչողությունը, պաշտամունքներն ու հավատալիքները, իդեալներն ու ձգտումները։ Ժողովրդական ստեղծագործությունը համաշխ. ողջ մշակույթի հիմքն է և ձևավորվել է մինչդասակարգային հասարակության շրջանում, մարդկության սոցիալական զարգացմանը զուգընթաց սկզբնավորվել է մասնագիտացված «բարձր», «գիտական» արվ-ը։ Ժողովրդական ստեղծագործությունը, դարերի ընթացքում ներառելով ժողովրդի ազգային կյանքի, մշակույթի առանձնահատկությունները, դարձել է գանձարան, ժողովրդական ինքնագիտակցության արտահայտիչը։

Ստեղծվել են թանգարաններ (Երևանի ժողովրդական արվ-ի՝ Դիլիջանի մասնաճյուղով, Փայտարվ-ի և այլն), որոնք ուսումնասիրում են ժողովրդական ստեղծագործության փորձը, նպաստում նրա զարգացմանը։

Ժողովրդական թատրոնը ձևավորվել է հնագույն ժամանակներից՝ որսորդ․ և երկրագործ․ տոնակատարությունների առթիվ կազմակերպված խաղերի, հարսանեկան, թաղման և այլ ծիսակատարությունների տարրերի վերամարմնավորման հիմքի վրա։ Հայկական ժողովրդական թատրոնը կապված է երաժշտության, երգարվ-ի, պարարվ-ի ու բանավոր ստեղծագործության հետ։ Հնագույն թատերականացված պարերգային գործողություններում զարգացել է խոսքի, պարի, թատեր. և երաժշտ. արվ-ների համադրումը, որը հայկական ժողովրդական թատրոնում պահպանվել է մինչև XX դ.։ Թատերականացված ներկայացումներն ու ծեսերը՝ գյուղ․ հրապարակներում և եկեղեցիների բակերում, նաև մի շարք երաժշտ. խաղեր նախկին թատերականացված գործողությունների մնացորդներ են, որոնք պահպանել են դերաբաշխումն ու երկխոսության ձևը բանավոր տեքստում։ Տարբեր շրջաններում հարսանիքներին խաղացել են գեղարվեստական թատեր. գործողություններ («Ղադի», «Ուղտ և գող», նաև հարսանեկան ծեսերի պարեր ու երգեր, տիկնիկային ներկայացումներ և այլն)։ Բարեկենդանի օրերին ներկայացվել է ղարագյոզ (ստվերների տիկնիկային թատրոնի ավանդ․ ներկայացում, ունի առաջավորասիական ծագում, հայկական միջավայրում տարածվել է հատկապես XIX դ-ում), դիմակահանդեսներն ուղեկցվել են երգով ու պարով, մրցումներով, ձիարշավներով, ըմբշամարտերով