Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/733

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ևն։ Ժողովրդական թատրոնի ձևերից է նաև լարախաղացությունը, որը մինչև XX դ-ի սկիզբը պահպանել է իր պաշտամունքային նշանակությունը։ Ժողովրդական թատրոնում տարբերակվում են դերասանների և տիկնիկների թատրոնը։ Լայն առումով ժողովրդական թատրոնը պրոֆեսիոնալ չէ, սակայն բոլոր ժողովուրդներն էլ ունեցել են այդ գործի մասնագետները՝ միմոսներ, շպիլմաններ, ժոնգլյորներ, սկոմորոխներ, գուսաններ, կատակագուսաններ, ծաղրածուներ, նաև դերասան-տիկնիկավարներ, որոնք խմբերով հանդես են եկել քաղաքներում ու գյուղերում, ներկայացրել պիեսներ (ըստ բանահյուս. թեմաների), ավելի ուշ՝ դրամատիկ. և արձակ գործերի մշակումներ։

Ժողովրդական թատրոնը նաև թատեր. գեղարվեստական ինքնագործունեության բարձրագույն ձևն է, նրա զարգացման նոր և առավել բարձր աստիճանը։ Գեղարվեստական ինքնագործունեությունը ժողովրդական ստեղծագործության ձևերից է, որի երկերն ստեղծում և կատարում են ոչ պրոֆեսիոնալները՝ սիրողները, որոնք հանդես են գալիս միասին (խմբակ, ստուդիա, ժողովրդական թատրոն) կամ մենակ (երգիչ, ասմունքող, պարող, նվազող, ակրոբատ ևն)։ Ժողովրդական թատրոնները ղեկավարել են ռեժիսորը և նկարիչը։ Ժողովրդական թատրոնի զարգացմանը նպաստել են թատրոնի և երաժշտության առաջադեմ գործիչները՝ դերասաններ Պողոս Արաքսյանը, Հովհաննես Աբելյանը, Արմեն Արմենյանը, Ամո Խարազյանը, Օվի Սևումյանը, Գրիգոր Ավետյանը, կոմպոզիտորներ Քրիստափոր Կարա-Մուրզան, Կոմիտասը, Անտոն Մայիլյանը և ուրիշներ, որոնց կազմակերպած սիրող. ներկայացումներն ու ղեկավարած երգչախմբերը հասել են կատարող. բարձր մակարդակի։ 1959-ին ժողովրդական թատրոններ են ստեղծվել Դիլիջանում, Էջմիածնում, Արթիկում, Ալավերդիում, 1960-61-ին՝ Տաշիրում, Արմավիրում, Վեդիում, Աշտարակում, Սպիտակում, 1962-ին՝ Գորիսում, Հրազդանում, Տավուշում, 1963-ին՝ Երևանի N 11 մշակույթի տանը, 1964-ին՝ Իջևանում, Եղեգնաձորում, Մեղրիում, Վանաձորում, 1969-ին՝ Նոյեմբերյանում, 1971-ին՝ Վայքում և այլուր։ Ժող. թատրոնների միութ. փառատոներին մասնակցել են Հայաստանի բազմաթիվ թատերախմբեր։ Մի շարք ժողովրդական թատրոններին կից ստեղծվել են ստուդիաներ, որտեղ ուսուցանվել են դերասանի վարպետություն, բեմ. խոսք, շարժում, դիմահարդարման արվեստ ևն։ Ժողովրդական թատրոններին ներկայումս փոխարինում են մարզային թատրոնները (Ալավերդու, Արթիկի ևն), որոնք ձգտում են պահպանել հայ թատրոնի լավագույն ավանդույթները։

Ժողովրդական կերպարվեստ և դեկորատիվ-կիրառական արվեստ։ Հայաստանում դարերի ընթացքում ստեղծվել են ժողովրդական կերպարվ-ի և դեկորատիվ-կիրառ. արվ-ի բարձրակարգ նմուշներ (կահույք, գործվածք, գորգեր, կարպետներ, աշխ. գործիքներ, զգեստներ, զարդեր ևն), որոնք, իբրև մշակութային ժառանգություն, անգնահատելի են։ Հայկական ժողովրդական դեկորատիվ-կիրառ. արվ-ի տարածված տեսակներից են արծաթագործությունը, գորգագործությունն ու կարպետագործությունը, ժանյակագործությունն ու ասեղնագործությունը, խեցեգործությունը, քարի, փայտի և մետաղի գեղարվեստական մշակումները։ Դեկորատիվ-կիրառ. արվ-ի գրեթե յուրաքանչյուր բնագավառ ունեցել է իր դպրոցները, որոնք միմյանցից տարբերվել են կատարման տեխնիկայով, զարդաձևերի ինքնատիպությամբ և ոճ. առանձնահատկություններով։ Արծաթագործության կարևոր կենտրոններից էին Վանը, Կարինը (Էրզրում), Երզնկան, Անին, Երևանը, Թիֆլիսը, Ալեքսանդրապոլը, Ախալցխան, Շամախին և այլ քաղաքներ։ Արծաթագործության հրաշալի նմուշներ են ստեղծել Կիլիկիայի հայ վարպետները, կիրառել են ձուլման, դրվագման, ցանցկեն (ֆիլիգրան), սևադապատման, արծնակիտման և այլ եղանակներ։ Հայտնի են Մարաշի, Այնթապի, Վասպուրականի, Կարինի ժանյակագործության և ասեղնագործության