դպրոցները, տարածված զարդակարերից էին շարակարը (շուլալակար), շյուղակարը (ցողունակար), հարթակարը (լիցք, ուռուցիկ, գծային և այլն), խաչկարը, կողքակարը, թելքաշը և այլն, իսկ զարդանախշերից՝ երկրաչափ., բուսական, նաև ծաղիկների՝ վարդի, շուշանի, մանուշակի, զանգակի, նարգիզի պատկերները։
Հին Հայաստանում ոսկերչությունը նույնպես հասել է բարձր մակարդակի (Լճաշենի, Կարմիր բլուրի, Գառնիի և այլ վայրերի գտածոները)։ Ոսկերչության կենտրոններից էին Դվինը, Անին, Կարսը, Շուշին, Արդվինը և այլ քաղաքներ։
Հայտնի են նաև Վասպուրականի, Զանգեզուրի, Արցախի գորգագործության և կարպետագործության, Դվինի, Արտաշատի, Կուտինայի խեցեգործության և այլ դպրոցներ։
Ժամանակակից ժողովրդական դեկորատիվ-կիրառ. արվ-ը զարգանում է նորովի՝ նուրբ ներդաշնակությամբ միահյուսելով ազգային ավանդականն ու նորը։ Ժողովրդական վարպետների բազմադարյան փորձն ու հմտությունը փոխանցվել է սերնդեսերունդ։ Հայ արծաթագործներ և մետաղագործներ Արծրուն Բերբերյանը, Գուրգեն Թորոսյանը, Գաբրիել Հացագործյանը, Ռուբեն Սարվազյանը, Էդուարդ Եսայանը, Դավիթ Ջրբաշյանը և ուրիշներ ժառանգել են նախկինում հայտնի դրվագողների, փորագրիչների, զուգաթելի և արծնակիտման վարպետների լավագույն ավանդույթները։ Սալոմե Ջրբաշյանի, Արփինե Մարանյանի, Թամարա Հակոբյանի, Մարի Երկաթի, Օֆելյա Բուլիկյանի և ուրիշների բրդե, բամբակե, մետաքսե, արծաթե ու ոսկե թելերով զարդանախշված և հյուսված գորգերը, կարպետները, սրբիչները, անձեռոցիկները, գոգնոցներն ու ժանյակներն առանձնանում են գույների գեղեցիկ և նրբաճաշակ համադրումներով, կատարման բարձր վարպետությամբ։
Չնայած Հայաստանում գեղարվեստորեն մշակված փայտե իրերը սակավ են պահպանվել, սակայն արհեստի այդ ձևը մեծ վերելք է ապրում մեր օրերում։ Կենցաղային իրերը՝ պահպանակները, գաթանախշերը, գդալները, ինչպես և դեկորատիվ սկահակները, սափորները, սկուտեղները վկայում են վարպետներ Հակոբ Ազատյանի, Սարգիս Պողոսյանի, Ռուբեն Հախվերդյանի, Սահակ Սահակյանի, Օլեգ Չերգեշտյանի, Արսեն Փանոսյանի և ուրիշների հմտությունն ու հարուստ երևակայությունը։
ՀԽՍՀ-ում մինչև 1950-ական թթ. գյուղի և քաղաքի շուկան մատակարարել են ժողովրդական բրուտագործները, որոնք հիմնականում պահպանել են դարերի ընթացքում մշակված ձևերը (կժեր, կավե սպասք, պուլիկներ և այլն)։
Ժամանակակից ժողովրդական արվ-ի տարածված բնագավառներից են նաև գեղանկարչությունն ու քանդակագործությունը։ Ուշագրավ են ժողովրդական վարպետներ Հովհաննես Համբարձումյանի, Գերասիմ Ամիրյանի, Լև Կունջուլովի, Դիանա Ուկլեբա-Գրիգորյանի, Սարգիս Պարսեղյանի, Հովսեփ Մարգարյանի, Արամ Վիրաբյանի և ուրիշների գործերը։ Ազգային առանձնահատկությունների, ավանդ․ ձևերի և նոր զարդամոտիվների ու արտահայտչամիջոցների ներդաշնակ կիրառումը ժողովրդական արվ-ի կարևոր հատկանիշն է։
2011-ին Երևանում կազմավորվել է Ժողովրդական ստեղծագործության կենտրոնը՝ միավորելով Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվ-ի թանգարանը (տես Թանգարաններ հոդվածում)՝ Դիլիջանի մասնաճյուղով, և Ժողովրդական ստեղծագործության ու արհեստագործության կենտրոնը։ Հայաստանի ժողովրդական վարպետները մասնակցում են հանրապետական ու միջազգ. ցուցահանդեսների։
Ժողովրդական ճարտարապետությունը հիմնված է կառուցող․ ժողովրդական ավանդույթների վրա, որի հատկանիշներն արտացոլված են բնակելի, կենցաղային, տնտեսական, արտադրական և այլ շինություններում։ Ժողովրդական ճարտ-յան տեղական և ազգային առանձնահատկությունները ձևավորվել են բնական, սոցիալ-տնտեսական և մշակութային պայմաններին համապատասխան։ Ժողովրդական փորձառու վարպետներ էին միջնադարյան ճարտ-ներից շատերը, որոնք ստեղծել են կոթողային շինություններ, լուծել քաղաքաշին. բարդ խնդիրներ։
Ժողովրդական ճարտ-ն արտացոլում է հաս-յան զարգացման փուլերը, ժողովրդի ապրելակերպը, գիտելիքների մակարդակը, հոգեբանությունն ու սովորույթները։ Հայկական գյուղ․ բնակելի տան ամենավաղ նկարագրությունը պատկանում է հույն պատմիչ Քսենոփոնին (մ. թ. ա. 401)։
Հայաստանի ժողովրդական ճարտ-յան հնագույն հուշարձաններ են էնեոլիթյան և բրոնզեդարյան բնակատեղիները՝ բոլորշի կամ